Արցախը Հայրենիք չէ՞
2023 թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինեանը Երեւանի թիւ 122 դպրոցում, մասնաւորապէս, յայտարարել է. «Հայրենիքը պետութիւնն է… Քո որեւէ նախնի ուղիղ կապ ունի հէնց այս պետութեան հետ»:
Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետութիւնն է» արտայայտութիւնը հակասում է հայոց պատմութեան դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամեակներ շարունակ հայոց պատմութեան դասագրքերում արձանագրւել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է, որտեղ կազմաւորւել, զարգացել ու իր քաղաքական կեանքն է կերտել հայ ժողովուրդը:
Այս համատեքստում հարց է առաջանում. Արցախը, Նախիջեւանը, Արեւմտեան Հայաստանը, որտեղ կազմաւորւել, զարգացել եւ իր քաղաքական կեանքն է կերտել հայ ժողովուրդը, հայ ժողովրդի հայրենի՞քն են, թէ հայ ժողովրդի հայրենիքը չեն: Իմ խորին համոզմամբ նշւածները, անտարակոյս, հանդիսանում են հայ ժողովրդի հայրենիքը, որոնք ներկայ պահին օկուպացւած են օկուպանտ եւ ցեղասպան Թուրքիայի եւ նրա կողմից արհեստականօրէն ստեղծւած ադրբեջան անունով կեղծ, ահաբեկչական կազմաւորման կողմից:
«Հայրենիքը պետութիւնն է» արտայայտութեամբ Նիկոլ Փաշինեանն, ըստ էութեան, փորձում է հայ ժողովրդի շրջանում, մասնաւորապէս՝ պատանիների եւ երիտասարդների շրջանում, մոռացութեան տալ հայ ժողովրդի հայրենիքի այն հատւածները, որտեղ կազմաւորւել, զարգացել ու իր քաղաքական կեանքն է կերտել հայ ժողովուրդը: Նկատի առնելով Արցախի Հանրապետութեան հետ տեղի ունեցած աղէտը՝ ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշն իր յայտարարութեամբ նպատակ է հետապնդում հայութեան շրջանում մոռացութեան մատնել Արցախը որպէս հայ ժողովրդի հայրենիքի անբաժանելի մաս:
«Քո որեւէ նախնի ուղիղ կապ ունի հէնց այս պետութեան հետ»
Իմ նախնիներից շատերը ուղիղ կապ ունեն ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան հետ: Իմ նախնիները 700 տարիներ շարունակ պատասխանատւութիւն են կրել հայ ժողովրդի արցախեան ազգահատւածի ճակատագրի եւ Արցախի դարաւոր պետականութեան կերտման գործում թէ՛ աշխարհիկ, եւ թէ՛ հոգեւոր ոլորտներում: Դարեր շարունակ Հասան-Ջալալեանները հանդիսացել են Արցախի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, պատմական որոշակի ժամանակահատւածում նաեւ անկախութեան (1722-1736 թթ.) եւ արցախահայութեան քրիստոնէական հաւատքի պահպանման երաշխաւորները:
Արցախի Հանրապետութեան հռչակումը արդիւնք է Արցախի տարածքում առանց ընդհատման գոյութիւն ունեցած հայկական անկախ ու կիսանկախ յաջորդական պետականութիւնների` Վաչագան Բարեպաշտի հիմնած թագաւորութեան (5-րդ դար), Խաչենի իշխանութեան (12-րդ դար), Արցախի մելիքութիւնների (16-րդ դար), Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդի (20-րդ դարի սկիզբ), որպէս խորհրդային պետականութեան ձեւ` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (20-րդ դարի սկզիբ):
Պետականութեան իւրաքանչիւր տեսակ, արցախահայութեան քաղաքական գիտակցութեան եւ վարքագծի զարգացմանը զուգընթաց, ենթարկւել է փոխակերպման՝ թագաւորութիւնից հասնելով հանրապետութեան: Այս իմաստով՝ Արցախի Հանրապետութեան հռչակման էւոլիւցիոն զարգացման ետնախորքում որոշակիօրէն պէտք է տեսնել նաեւ Հասան-Ջալալեանների դերակատարութիւնը:
Հետեւաբար, այս իմաստով ինձ պարտաւորւած եմ համարում Արցախի Հանրապետութեան դէօկուպացիայի մասին մշտապէս բարձրաձայնելու եւ տեսանելի ապագայում այն իրականութիւն դարձնելուն միտւած քայլեր ձեռնարկելու առումով:
Մենք պիտի Արցախը յետ բերենք ամէն գնով: Եթէ դա մեր սերունդը չարեց, ապա Արցախը յետ բերելու իւրաքանչիւր յաջորդ սերնդի հնարաւորութիւնը որոշակիօրէն նւազելու է՝ դառնալով անիրագործելի երազանք:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
քաղաքագէտ