Հայաստան - Արցախ

Հայաստանը լքողների բանակը

Մինչ իշխանութիւնները հպարտանում են իրենց արձանագրած տնտեսական յաջողութիւններով, աշխատավարձերի բարձրացումներով ու աշխատատեղերի աւելացումներով, ապրելու համար ստեղծած արտակարգ պայմաններով, Հայաստանը լքողների բանակը ստւարանում է։

Գնացողները շարունակում են տասնեակ-հազարներով աւելի շատ լինել, քան վերադարձողները։

Չվերադարձողները նրանք են, ովքեր համալրում են արտագաղթողների շարքերը։

Չնայած իշխանութիւնների խոստումներին՝ արտագաղթը վերջին տարիներին Հայաստանից ոչ միայն չի դադարել, ոչ միայն պահպանւում է, այլեւ թափ է հաւաքում։

Պաշտօնական տւեալներով, նախորդ երեք տարիներին Հայաստանից 138 հազարով աւելի շատ մարդ է գնացել, քան վերադարձողներն են եղել։

Եւ սա այն պարագայում, երբ ռուս-ուկրաինական հակամարտութիւնից յետոյ Հայաստանի բազմաթիւ քաղաքացիներ վերադարձան։ Շատերն էլ, ովքեր ժամանակին հրաժարւել էին քաղաքացիութիւնից, վերականգնեցին։

Բայց նոյնիսկ այդ պայմաններում գնացողներն անհամեմատ աւելի շատ են, քան վերադարձողները։

138 հազարը հսկայական թիւ է Հայաստանի ընդամէնը 2,9 մլն. բնակչութեան համար։ Երեք տարում այդքան մարդ հեռացել է ու չի վերադարձել։

Պիկն արձանագրւել է 2021 թ., երբ Հայաստանից հեռացաւ 73,5 հազար մարդ։

Պատերազմից անմիջապէս յետոյ սա ինչ-որ կերպ դեռ կարելի էր հասկանալ։ Բայց դրանից յետոյ էլ հեռացողները քիչ չեն։

2022 թ. Հայաստանից 27,9 հազարով աւելի շատ մարդ է գնացել, քան վերադարձել։

Անցած տարի գնացած եւ չվերադարձածների բանակը նոյնիսկ շատացել է։

2023 թ. գնացողներն արդէն 36,5 հազարով են գերազանցել վերադարձողներին։

Այսինքն՝ 8,6 հազարով նոյնիսկ աւելի շատ, քան գնացել էին մէկ տարի առաջ։

Այստեղ են ասել, բա ո՞ւր մնաց ձեր ասած՝ տնտեսական աճերը, մեծ հայրենադարձութիւնը, եթէ ամէն տարի տասնեակ-հազարներով աւելի շատ մարդիկ են գնում Հայաստանից, քան վերադարձողներն են։ Խօսքը բացառապէս Հայաստանի քաղաքացիների մասին է։ Այլ երկրի քաղաքացիները սրա մէջ չեն մտնում։

Հիմա սա ի՞նչ է, եթէ ոչ՝ Հայաստանը հայերից դատարկելու քաղաքականութիւն։

Հայաստանը հայերից դատարկում են, տեղն այլազգիներով են լցնում։

Յիշո՞ւմ էք, երեք տարի առաջ ինչ էր ասում Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատարը։

Ասում էր՝ պէտք է այնպիսի իրականութիւն ստեղծենք Հայաստանում, որպէսզի ապագայում չմտածենք միայն հայերի հայրենադարձութեան մասին:

Հայաստանը կարող է արաբների, ասորիների եւ այլ ազգերի հայրենիքը դառնալ։

«Մտածել այն մասին, որպէսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնայ։ Խօսքն Իսպանիայի արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգութեան տեսանկիւնից սպառնալիք չեն ներկայացնում եւ կարող են հեշտութեամբ ինտեգրւել Հայաստանում:

Այսպիսով կարելի է փոխել ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում, եւ դրանից պէտք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա յաջողութիւն կը լինի:

Պատկերացրէք, որ մենք Հայաստանը կը դարձնենք մի երկիր, որը գրաւիչ է ոչ միայն հայերի համար»,- Սփիւռքի հարցերով գլխաւոր յանձնակատարը սա 2020 թ. օգոստոսին էր ասում։

Հիմա, թերեւս, այդպէս էլ անում են՝ Հայաստանը դարձնում են երկիր այլ ազգերի համար։ Փոխարէնը՝ հայերը հեռանում են, հայրենադարձողներ էլ կարծես չկան։

Ինչպէս տեսնում ենք, նոյնիսկ վերջին երկու տարիներին արձանագրւող բարձր տնտեսական աճերը չեն զսպում մարդկանց, որպէսզի հեռանան Հայաստանից։ Պատահական չէ, որ հեռացողների քանակը շատացել է։

Եթէ տնտեսութեան մէջ, սոցիալական ոլորտում իսկապէս ամէն ինչ այդքան լաւ է, ինչպէս փորձում են ներկայացնել իշխանութիւնները, ինչո՞ւ են այս մարդիկ գերադասում հեռանալ։ Թէ՞ լաւ ապրելուն սովոր չեն։

Նոյնիսկ, եթէ համարենք, որ կեանքը Հայաստանում այդքան լաւ է, բայց մարդիկ էլի հեռանում են, նշանակում է, այլ պատճառներ ունեն դրա համար։

Քիչ չեն նրանք, ովքեր գնում են ամենեւին էլ ոչ նրա համար, որ այստեղ աշխատանք չունեն կամ վատ են ապրում։ Շատ յաճախ գնում են հէնց ապահովւածները, մարդիկ, ովքեր Հայաստանում ապագայ չեն տեսնում։

Ապագայ չկայ, իսկ խնդիրներ՝ որքան ուզես։ Դրանք շատ դէպքերում նոյնիսկ տնտեսական կամ սոցիալական չեն։ Կան աւելի կարեւոր խնդիրներ։

Այդ խնդիրներ են, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ։ Բաւական է նշել միայն Հայաստանի շուրջ ստեղծւած անվտանգային ծանր իրավիճակը։

Երեք տարի խաղաղութիւնից են խօսում, իսկ խաղաղութիւնն այդպէս էլ մօտ չի գալիս։ Երկրի սահմանները գնալով փոքրանում են, «խաղաղասէր» հարեւաններն անընդհատ նոր պահանջներ են ներկայացնում, իսկ իշխանութիւնները գլուխները կախ բաւարարում ու պատրաստ են բաւարարել դրանք։

Սա է, որ ստիպում է շատերին հեռանալ։

Նաեւ այն ծանր մթնոլորտը, որն իրենց գոյութեամբ այս իշխանութիւնները ստեղծել են երկրում՝ քաղաքական անհանդուրժողականութիւն, համատարած բռնաճնշումներ, անարդարութիւններ, ատելութիւն, վախի մթնոլորտ։ Ժողովրդավարութիւնից են խօսում, այնինչ բռնանում են ազատ խօսքի, մարդկանց կամքի, սեփական կարծիքն արտայայտելու վրայ։

Այս ամէնն էլ դարձել է մարդկանց հեռանալու պատճառը։

Հայերը հեռանում են, գալիս են այլազգիները։ Անցած տարի էլ այլ երկրների քաղաքացիներն աւելի շատ են եկել Հայաստան, քան վերադարձողներն են եղել։ Բայց դրանք այլեւս Ռուսաստանի քաղաքացիները չեն։

Ուկրաինայի հետ հակամարտութիւնից յետոյ Հայաստան տեղափոխւած ռուսները եւս հեռանում են։

Փոխարէնը՝ այլ երկրների եւ յատկապէս Հնդկաստանի քաղաքացիներն են կտրուկ աւելացել։ Եթէ մէկ-երկու տարի առաջ Հայաստանի փողոցներում հատուկենտ հնդիկների կարելի էր հանդիպել, ապա այսօր նրանք ամենուր են։ Եւ ոչ միայն հնդիկները։ Նրանք Հայաստան են գալիս հիմնականում աշխատելու համար։ Ու քանի որ անհամեմատ էժան աշխատուժ են, աստիճանաբար շուկայից դուրս են մղում տեղական աշխատուժը, որը խթանում է նաեւ Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան։

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

168.am

Related Articles

Back to top button