Ակտիւ մասնակցութիւնը՝ համայնքային իրաւունքների իրացման գրաւականը
Արա Շահվերդեանը հանդիպեց Կենտրոն քաղաքամասի ընտրողների հետ
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի շրջանակում, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 12-րդ նստաշրջանի թեկնածու Արա Շահվերդեանը փետրւարի 26-ի երեկոյեան ներկայ գտնւեց Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնում կազմակերպւած ժողովրդական հանդիպմանը:
Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով մեկնարկած ժողովրդական հանդիպման սկզբում օրւայ հաղորդավար Արգիշտ Աղաջանեանը, իր ողջոյնի խօսքը փոխանցելով, կարեւորեց մարտի 1-ին (էսֆանդի 11-ին) խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութիւնը: Նա ընդգծեց, որ ընտրութիւններին մասնակցելով կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը՝ կայուն Իրան, հզօր համայնք գաղափարի ի խնդիր:
Հ.Բ.Ը.Մ.-ի վարչութեան խօսքը փոխանցեց Անի Ոսկանեանը: Իր ելոյթի ընթացքում նա նշեց, որ մեզ առիթ է ընձեռնւել մասնակցելու Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին եւ մաս կազմելու վաղւայ օրը կառուցելու սրբազան գործին: Նա գնահատանքով անդրադարձաւ այն հանգամանքին, որ պատգամաւոր Արա Շահվերդեանը անցեալ չորս տարիներին բազմիցս է այցելել միութիւն եւ Հ.Բ.Ը.Մ.-ի վերահսկողութեան տակ գտնւող «Ն. Գիւլբենգեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներ, ծանօթանալով առկայ խնդիրներին եւ հնարաւորութեան սահմաններում օժանդակել է դրանց կարգաւորմանը:
Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, ներկայացնելով պատգամաւոր Արա Շահվերդեանի թէ՛ պետական, եւ թէ՛ ներհամայնքային աշխատանքները:
Հանդիպմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր ճրտ. Վարդան Վարդանեանը: Իր ելոյթի ընթացքում ճրտ. Վարդանեանը կարեւորութեամբ անդրադարձաւ ժողովրդի խուռներամ մասնակցութեանը ընտրութիւններին, եւ ընդգծեց, որ երբ պատգամաւորը բարձր քւէներով է մուտք գործում խորհրդարան, դա գրաւականն է հանդիսանում հետագայ իր աշխատանքների աւելի սահուն ընթացքի համար: Նա գնահատանքով անդրադարձաւ պատգամաւոր Արա Շահվերդեանի անցեալ չորս տարիներին կատարած աշխատանքներին:
Ժողովրդական հանդիպմանը, խօսքով հանդէս եկաւ նաեւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ով նոյնպէս կարեւորելով ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ընտրութիւններին, դա համարեց մեր ժողովրդի իրաւունքների իրացման լաւագոյն գրաւականը:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Արա Շահվերդեանը: Պատգամաւորն իր երախտագիտութիւնը յայտնեց ներկաներին եւ հակիրճ գծերով անդրադարձաւ իր անցեալ չորսամեայ աշխատանքներին: Նա ընդգծեց, որ թէեւ իր աշխատանքի առաջին իսկ օրերը համընկան կորոնավիրուսի տարածմանը, սակայն այդ հանգամանքը չխոչընդոտեց իրեն այցելելու համայնքային կառոյցները եւ մօտկից ծանօթանալ առկայ խնդիրներին: Նա նշեց, որ համայնքային աշխատանքները սահուն դարձնելու նպատակով յաճախակի հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտների նախարարների, եւ պետական յարակից շրջանակների պատասխանատուների հետ, նրանց իրազեկ դարձնելով համայնքի խնդիրներին եւ ըստ հնարաւորին զանազան ոլորտներում ապահովելու նրանց աջակցութիւնը: Պատգամաւորը անդրադարձաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնները աւելի դիւրանցելու նպատակով իր կատարած աշխատանքներին եւ ընդգծեց, որ կան նաեւ անաւարտ աշխատանքներ եւ առաջիկայ շրջանում վերընտրւելու դէպքում հնարաւոր է լինելու հետամուտ լինել նաեւ այդ խնդիրների կարգաւորման եւ նոր ծրագրերի իրականացման:
Հանդիպման աւարտին երաժշտական կատարումներով եւ երգերով ելոյթ ունեցան երաժիշտ դաշնակահար Արմէն Ասատրեանը եւ Էդւարդ Դաւթեանը:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ