ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման ձեռնարկ Իրանահայ Գրողների միութեան յարկի ներքոյ

Սոյն թւականի մայիսի 3-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրի սրահում, Իրանահայ Գրողների միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բազմաբովանդակ մի ձեռնարկ՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի  ոգեկոչման առիթով:

Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագիրը սկսեց Հրանդ Դինքի յիշատակին պատրաստւած մի տեսանիւթի ցուցադրմամբ: Այնուհետեւ ցուցադրւեց նաեւ վարչութեան երիտասարդ անդամների նախաձեռնութեամբ պատրաստւած հեղինակային երգի տեսահոլովակը՝ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչմանը նւիրւած :

Միջոցառման հաղորդավարն էր ԻԳՄ-ի անդամ՝ Էմմա Շամիրեանը, որը պատմական դրւագներ ներկայացրեց իւրաքանչիւր կատարումից առաջ:

——–

Օրւայ բանախօսն էր Հայ Աւետարանական Եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի դոկտ․ Միշէլ Աղամալեանը, ով ներկայացրեց. «Աստւածաբանական եւ փիլիսոփայական մօտեցում Հայոց Ցեղասպանութեան հարցին» թեման։ Խօսքի սկզբում բանախօսը վերահաստատելով եւ գնահատելով իրանահայութեան դիրքորոշումը Ցեղասպանութեան վերաբերեալ, կարեւորեց նիւթի արծարծման անհրաժեշտութիւնը մեր օրերում եւ սահմանելով ցեղասպանութեան եզրոյթի իմաստը, անդրադարձաւ մեծ փիլիսոփաների գաղափարներին ու տեսակէտներին Ցեղասպանութեան վերաբերեալ եւ մէջբերումներ անելով նրանց գրքերից ու յօդւածներից,  ուրւագծեց փիլիսոփայական ու աստւածաբանական մօտեցումներն ու գաղափարները  Ցեղասպանութեան խնդրի վերաբերեալ:

Այնուհետ նա կրօնա-փիլիսոփայական դիտանկիւնից քննարկեով նիւթը ընդգծեց, որ ցեղասպանութիւնը ամենադաժան քայլն է արւած՝ «օտարին» վերացնելու նպատակով, մինչդեռ, ինչպէս նշանաւոր փիլիսոփայ Էմմանուէլ Լեւինասն է նշել՝ բարոյականութիւնը ձեւաւորւում է մարդկային փոխյարաբերութիւններում եւ մեր մարդկային դիրքը կատարելագործւում է, երբ յարգում, ընդունում եւ ծառայում ենք օտարին: Այդ իսկ պատճառով, օտարին անմարդկայնօրէն վերացնող ցեղասպանը ինքն իրեն է զրկում մարդկային ինքնազարգացումից ու արժանապատւութիւնից: Աստւած, սակայն այլամերժ չէ, այլ ըստ քրիստոնէական աստւածաբանութեան՝ Նա օտարի, այս պարագայում մարդու մէջ յայտնեց իրեն՝ Աստւածորդու մարդեղութեամբ, որի արդիւնքով նաեւ հասկանում է մարդու ցաւը եւ մասնակից  ու ներկայ է տառապեալի կեանքի մէջ:

Դոկտ. Աղամալեանը յաւելեց, Քրիստոսի խաչն ու Յարութիւնը նաեւ բարձրաձայն բողոք են ընդդէմ ոճրագործութեան ու չարիքի: Քրիստոս չի ընդունում անարդարութիւնը, հետեւաբար  այսօր Քրիստոսի եկեղեցին, աստւածաբանը եւ հաւատացեալը նոյն կերպով պայքարում են ընդդէմ  անարդարութեան ու չարիքի: Վերապատւելի Աղամալեանն իր խօսքը աւարտեց գերմանացի յայտնի աստւածաբանից արւած մէջբերումով. «Այսօր, ցեղասպանութեան զոհերի նկատմամբ լուռ մնալը ինքնին չարիք է եւ նրանց մոռանալը հաւասար է նրանց կրկին զոհելուն»:

Ծրագրի գրական բաժնում բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանն ընթերցեց իր «Ապրիլեան աղօթք» բանաստեղծութիւնը, իսկ Ռուբէն Շահբազեանը ասմունքեց Դանիէլ Վարուժանի գրչին պատկանող «Ձօն»-ը եւ վաստակաւոր՝ բանաստեղծ Վարանդի «Զինադրօշ» գրքից՝ «Կարմիր թիկնոց» կտորը:

Յաջորդիւ բեմ հրաւիրւեց Ցեղասպանութիւն վերապրածի շառաւիղներից, բանստեղծ՝ Վարանդը, ով պատմեց իր տատիկց լսած յուշերը՝ հայրենի բնօրրանից տեղահանւելու եւ արտաքսւելու օրերի մասին: Բանաստեղծը նաեւ պատմեց իր պատանեկան շրջանից յուշեր կապւած ապրիլեան ձեռնարկներ կազմակերպելու կամ իրականացւածի մասին:

Գրական ընթերցումների բաժնում ներառւած էր  նաեւ պարսկերէնով գրւած մի բանաստեղծութիւն, «Դաշթէսթանէ ահու» Էդւարդ Քեշիշեանի գրչին պատկանող: Բանաստեղծութեան նիւթը վերաբերում էր Հայոց Ցեծասպանութեանը, որն իր տպաւորիչ կատարմամբ ներկայացրեց Անիթա Արզումանեանը:

Այնուհետ Անանիա սարկաւագ Յարութիւնեանը ասմունքեց բանաստեղծ՝  Տիգրան Պօղոսեանի «Ասք արեան ու հոգու», ապա Յովհաննէս Շիրազի ստեղծագործութիւններից «Մեծ Եղեռնը» բանաստեղծութիւնները:

Միջոցառման գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցաւ Զօրիկ Ֆարհադեանը, որը կատարեց «Թող հնչեն շեփոր» երգը, իսկ Անիթա Արզումանեանը կատարեց «Անին տեսնեմ ու նոր մեռնեմ» եւ Կոմիտասի մշակած «Գարուն ա» երգերը:

Երգչուհի՝ Օֆիկ Մելիքեանը եւս հանդէս եկաւ «Քելէ լաօ» երգով, ում հետ նւագակցեց՝ Արցախից ժամանած արհեստավարժ ֆլէյտահար եւ համալսարանի դասախօս Արտաշէս Գրիգորեանը: Հանդիսատեսը ունկնդրեց եւս մէկ յուզիչ ֆլէյտայի մենակատարում Արտաշէսի կատարմամբ:

Երգային իր կատարումով հանդէս եկաւ նաեւ Հալմէթ Խաչատրեանը, ով երգեց «Ո՞ւր էիր Աստւած»-ը եւ երգեհոնով ընկերակցեց միւս կատարողներին:

Մենակատարումներով հանդէս եկան Հելենա եւ Սեւադա Աղասարեանները: Վերջիններս առանձին կատարումներով ներկայացրեցին «Երազ իմ երկիր» եւ Կոմիտասի «Հով արէք» երգերը: Ծրագրի գեղարւեստական եզրափակիչ բաժնում միասնաբար կատարեցին «Ադանա» երգը, ինչն արժանացաւ բուռն քաջալերանքի:

Բոլոր կատարումների ընթացքում ցուցադրւեց համապատասխան տեսանիւթ, նկարներ եւ երաժշտական համարներ, որով ձեռնարկը առաւել հետաքրքիր ու տպաւորիչ դարձաւ, որի նկարահանումները կատարւել էր Ժուանա Աւետեանի միջոցով:

Ծրագրի վերջում, միութեան վաստակաւոր անդամ եւ բանաստեղծ՝ Տիգրան Պօղոսեանը ամփոփ տողերով կարեւորեց  հայ ժողովրդի պատմական յիշողութեան արժէքը, որը սատար է հանդիսանում մեր աննահանջ պայքարի հետապնդմանը: Նա իր գնահատանքը յայտնեց օրւայ առիթով կազմակերպւած ծրագրի կապակցութեամբ:

Փակման խօսքով հանդէս եկաւ Ռուբէն Շահբազեանը, ով պատմեց մի յուշ Տաճատ Թերլեմէզեանի մասին: Նա նշեց, թէ ինչպէս իրենց տնում հաւաքւած հայ մեծանուն ֆեդային՝ իր խօսքը ուղղում է երիտասարդներին ասելով՝ «պայքարի փարոսը յանձնում եմ ձեզ՝ երիտասարդների՛դ եւ դա այն է, որ մինչեւ մեր արդար պահանջների իրականացումը, մեր յստակ պայքարի սլաքը ոչ մի դէպքում չպէտք է շեղւի հայ ժողովրդի հիմնական թշնամու նշանակէտից՝ մարդասպան թուրքից:

Սրահը լեցուն էր աւելի քան 70-հանդիսատեսով, որտեղ հանդիսատեսը նաեւ ոստնկայս էր հետեւում ձեռնարկին:

Միջոցառմանը ներկայ էին Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը եւ Տ. Արիստակէս քահանայ Շահմիրեանը, ինչպէս նաեւ թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները եւ այլ հիւրեր:

Իրանահայ Գրողների միութիւն

Related Articles

Back to top button