
Կիրակի, յուլիսի 26-ին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդում՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի հետ կապ՝ Արթին Շահբազեանը եւ յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների հիմնադրամ (Բոնեադ Շահիդ) կենտրոնում հանդիպում ունեցան Հիմնարկի գերատեսուչ՝ Աբասալի Ռեզայիի եւ նոյն հիմնարկի մշակութային եւ կրթական հարցերով տեղակալի պաշտօնակատար՝ Ալիրեզա Աքբարիի հետ:
Հանդիպման ընթացքում պրն. Ռեզային նահատակների յիշատակը մեծարելով ընդգծեց, որ կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս հայ նահատակների անձնազոհութիւնն ու հայրենասիրութիւնը, Իրանի ժողովրդի պատմութեան փառաւոր յիշողութիւնն է եւ հայ նահատակների անունները մշտապէս կը մնայ որպէս հաւատարմութեան, ազգային արժանապատւութեան եւ մարդկային ու աստւածային բարձր արժէքների պաշտպանութեան խորհրդանիշ։
Պրն. Ռեզային, անդրադառնալով նահատակների յիշատակի պահպանման կարեւորութեանը յայտնեց, որ Թեհրանի Հայոց Նոր Բուրաստան գերեզմանատնում կը կառուցւի անհետ կորած հայ նահատակների յուշակոթողը։ Նա նշեց, որ այս նախաձեռնութիւնը յարգանքի տուրքն է այն նահատակների, որոնք իրենց կեանքն են նւիրել երկրի անվտանգութեան եւ խաղաղութեան համար։
Հանդիպման աւարտին պրն. Արթին Շահբազեանն իր հերթին՝ Թեմական խորհրդի եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անունից շնորհակալութիւն յայտնեց հայ նահատակների յիշատակի նկատմամբ ցուցաբերւող ուշադրութեան համար եւ կարեւորեց այս ուղղութեամբ համագործակցութեան շարունակական զարգացումն ու հայ նահատակների յիշատակի պահպանմանն ուղղւած նախաձեռնութիւնների իրականացումը։
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ



