ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը նշեց ՂԱՐԱԴԱՂ աւանդական ձեռնարկը

2026 թւականի յուլիս 23-ին երրորդ անգամը լինելով Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ՂԱՐԱԴԱՂ աւանդական գեղարւեստական ուրախ ժամանց ծրագիրը։

Ծրագրի յանձնախումբը բաղկացած էր ղարադաղցի հայրենակիցներից եւ ծրագրի յայտագիրը երկու բաժնից էր բաղկացած՝ գեղարւեստական եւ խրախճանք:

Յանձնախմբի անունից հանդիսավարութեամբ ելոյթ ունեցաւ միութեան վարչութեան անդամ Ժասմենա Առաքելեանը, ով յանձնախմբի ողջոյնի խօսքը փոխանցելով միութեան վարչութեանը, քաղաքամասում ՊԺ-ի զոյգ պատգամաւորներին եւ ներկաներին, ներկայացրեց անցեալ երկու ծրագրերի տարբերութիւնը ընթացող ծրագրի հետ: Նա նշեց, որ անցեալ երկու ծրագրերի ընթացքում ներկայացւել էր Ղարադաաղի հայ համայնքի կենցաղային պատկերը, ինչպէս օրինակ՝ հարսանեկան վարք ու բարքը, կամ առօրեան, իսկ այս անգամ սահիկներով եւ պատմական տւեալներով ներկայացւելու է Ղարադաղ գաւառի չքնաղ բնութիւնը, պատմականը եւ հայկական եկեղեցին ու կոթողները:

Ապա հրաւիրւեց միջոցառումը կազմակերպող յանձնախմբի պատասխանատու Վանիկ Ղահրմանեանը, ով գաւառին համապատասխան բարբառով եւս բարեգալստեան խօսք ուղղեց ներկաներին։

Ծրագրի գեղարւեստական բաժնում սահիկների եւ պատկերների միջոցով ցուցադրւեց գաւառի անցեալը եւ Անուշա Աւանէսեանը ներկայացրեց գաւառի պատմականը: Յիշեալ աշխատանքի համար մեծ ջանք էր ներդրել յանձնախմբի անդամուհի Վարսիկ Բաղդասարեանը:

Գաւառի բարբառին համապատասխան բառակապակցութիւններով եւ ասոյթներով հանդէս եկան Վազգանուշ Աւանէսեանը եւ Քլոդետ Տէր Յովհաննիսեանը ներկաներին փոխանցելով խանդավառութիւն:

«Ումրեցիներ եւ Արցախի գոյներ» հայկական խրոխտ պարերի ելոյթներով ներկայացան «Ակունք» պարային համոյթի սաներ՝ Փրենի Խաչատրեանը, Էրինէ Աւասափեանը եւ Էլին Միրխանին, որոնք գնահատւեցին վարչութեան եւ յանձնախմբի կողմից:

 Համոյթի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն է Կարինէ Մանուչերեանը:

 Միջոցառմանը հրաւիրւեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան հիմնադիրներից եւ ներկայիս վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը: Նա բարձր գնահատելով ծրագրի կազմակերպիչ յանձնախմբի տարած աշխատանքը եւ ողջունելով ներկաներին, անդրադարձաւ ղարադաղցիների հետ իր մտերմիկ ընկերական շփումներին:

Ծրագրի երկրորդ բաժինը շարունակւեց հայկական աւանդական երաժշտական նւագարանների կատարմամբ եւ Dj երաժշտութեամբ, նաեւ հիւրերից ներկայացան գաւառին համապատասխան բարբառի ասմունքներով:

Ընդունելութեան բաժինը ինքնին ներկայացնում էր գաւառի խոհանոցային կերակրատեսակներինը՝ կոտեմով, ոսպի ապուրով եւ այլ ուտեստեղէններով:

Գնահատելի էր սրահի դասաւորւածութիւնը, որը նմանակում էր գաւառի դաշտային բնութիւնը, իսկ բեմը դասաւորւել էր գաւառից գաղթի ժամանակ բերւած եւ պահպանւած կահ կարասիներով, որոնք ինքնին հոգու մէջ արթնացնում էր հեռաւոր գեղեցիկ կանաչապատ Ղարադաղի հողի կանչը:

Սրահում շատ գնահատելի էր ղարադաղցի տատիկ- պապիկներից մինչեւ երիտասարդ ղարադաղցիների ներկայութիւնը, որը բնութագրում էր սերնդից սերունդ փոխանցման պատկերը:

Հարկ է նշել նաեւ որ շատ գնահատելի աշխատանք էր տարւել եւ ամբողջ ծրագրի ընթացքում սփռւում էր բնիկ ղարադաղցի բնակիչների նկարների հաւաքածուն, որը մեծ յուզմունք էր առաջացնում ներկաների մօտ տեսնելով իրենց պապիկ տատիկներին եւ վերապրելով անցեալը:

Հ. Մ. «Սարդարապատ» Մ.-ի Հանրային կապ

Related Articles

Back to top button