Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի յարգանքի տուրքը՝ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում հայ որբերին խնամող Մարիա «Մամա» Եագոպսոնի կիսանդրուն
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, յուլիսի 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, որը յատուկ առաքելութեամբ գտնւում է Միացեալ Նահանգների Արեւմտեան թեմում, այցելութիւն տւեց Հարաւային Կալիֆորնիայի Սոլվանգ գիւղաքաղաքը: Սոյն վայրում 1911 թ.-ից ի վեր հաստատւել եւ ապրում է Դանիական համայնք, կառուցելով իր եկեղեցիներն ու դպրոցները, որոնք մինչ օրս գործում են համայնքային բացառիկ աշխուժութեամբ:
Սրբազան Հօրը ընկերակցում էին նրա եպիսկոպոսական ձեռնադրութեան կնքահայրութիւնը ստանձնած ամոլը՝ տէր եւ տիկին Հրայր եւ Գոհար Ճերմակեանները, ինչպէս նաեւ տիրամայր Շուշան Չիֆթճեանը:
Գիւղաքաղաքում 1928 թ.-ին կառուցւած «Բեթանիա» մայր եկեղեցում կատարւեց «Հրաշափառ»-ի արարողութիւն եւ «Հայր մեր»-ի երգեցողութեամբ գոհաբանութիւն մատուցւեց ամենակալ Աստծուն, Լոս Անջելէսից շուրջ չորս ժամ հեռաւորութեամբ գտնւող սոյն գիւղաքաղաք, Սրբազան Հօր ժամանմանը առիթով:
Եկեղեցին կառուցւել է 12-14-րդ դարերի դանիական եկեղեցիների ոճով, իսկ ներսի կենտրոնական առաստաղից կախւած նաւը, խորհրդանշում է երկնային անդորրութիւնը, մատուցւած հաւատացեալներին, այս ալեկոծ կեանքին դիմաց՝ որպէս փրկութիւն: Նման հեռանկարով հոգեւոր ծառայութեան կոչւած սոյն համայնքը իր նպաստն է բերում սովածութեամբ եւ այլ կարիքներով տառապող անհատներին:
Եկեղեցու կողքին, հիւսիսային այգում կայ բացառիկ մի յուշարձան, որը 1915 թ.-ին, Հայոց Ցեղասպանութեան դաժան օրերին մեր ժողովրդի զաւակներին օգտակար հանդիսացած նշանաւոր անձի՝ Մարիա Եագոպսոնի կիսանդրին է: Համայնքի հետ համադրելով սոյն կիսանդրու տեղադրումը, դրա քանդակումը հովանաւորել են տէր եւ տիկին Քեւին եւ Միաղէն Մաթոսեանները, իսկ տեղադրմանը հովանաւոր է հանդիսացել տէր եւ տիկին Նուբար եւ Հուրի Արոյեան զոյգը:
Նրա առջեւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Սրբազան Հօր նախագահութեամբ, յիշելով հազարաւոր հայ որբերի անձնւէր «Մամա»-ին: Նա իր շատ երիտասարդ հասակից՝ 18 տարեկանից սկսեալ Խարբերդից մինչեւ այլ քաղաքներ, Սիրիա եւ ի վերջոյ Լիբանան էր տեղափոխել հազարաւոր հայ որբերի, հարազատ մօր նման խնամել նրանց, մեծացրել եւ կեանքի էր յղել նրանց: Նա իր սեփական կամքով փափագել էր իր կերտած հայոց որբանոցում՝ «Թռչնոց բոյն»-ում թաղւել, սակայն հազարաւոր մղոններ հեռւում, Ամերիկայի Արեւմտեան ափում, Դանիական այս գիւղում դարձեալ վերայիշւել էր նա, եւ նրա կիսանդրին էր տեղադրւել եկեղեցու այգում, կրծքին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ժամանակակից Սրբազնագոյն հայրապետներից՝ Տ. Տ. Զարեհ Ա կաթողիկոսի ընծայաբերած շքանշանով:
Մի կարիքաւոր անցորդ մօտեցաւ եւ հետաքրքրւեց մեզանով. նա այն անձնաւորութիւններից էր, որը մօտեցել էր եկեղեցու մուտքի աջ կողմում հաստատւած այն ափին, որի վրայ գրւել էր եռատող հետեւեալ գրութիւնը. «Վերցրո՛ւ ինչ բանի որ կարիք ունես: Նւիրաբերի ինչ որ կարող ես: Վերջապէս՝ օրհնեալ լինես»: Հրայր եւ Գոհար Ճերմակեանները, որոնց հայրերը՝ Նազար Ճերմակեան եւ Բենիամին Չաքմաքճեան Հայոց Ցեղասպանութիւնից վերապրածներ էին եւ իրենց ամբողջ մանկութիւնն ու պատանեկութիւնը անցկացրել հայոց որբանոցում, ամփոփ զրոյց ունեցան տնանկ անցորդի հետ: Զրոյցը անսպասելի լացով յուզեց անցորդին, որը իր կէսօրւայ ճաշի համար էր մօտեցել եկեղեցու կողմից կարիքաւորներին ընծայւած ափին: Մարդկանց
օժանդակելու հոգեկան կազմաւորումը, դանիացի ժողովրդի կողմից դեռեւս շարունակւում է, 20-րդ դարի սկզբից մինչ օրս, երբ աշխարհը պատերազմներով ու անզգամութեամբ է ապրում, իր անմարդկային վերաբերմունքը բազմապատկելով իրարու նկատմամբ…:
Երանի՜ դանիացի ժողովրդի մարդասիրութիւնը ընդօրինակող ազգերին…: