Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Աշխարհը, ռեգիոնը ցնցւում է, բոլորը զինւում-պատրաստւում են, Հայաստանը ներսից պայթեցնելու վտանգ կայ… իսկ նա հեծանիւ է քշում»

«ԱԼԻՔ» – «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Վարուժան Գեղամեանին։

Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում օրեր առաջ գրել էր.

«Թուրքիայում գործող ամենայայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մէկի՝ Independent Türkçe-ի գլխաւոր խմբագիր եւ յայտնի լրագրող Նեւզաթ Չիչեքը երէկ իր հարցազրոյցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինեանին.- խմբ.) պէտք է պաշտպանեն Թուրքիայի յատուկ նշանակութեան ուժերը (Թուրքիայի Զինւած ուժերի էլիտար ստորաբաժանումը.- խմբ.)»։ Յիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դէմ են արտայայտւում նաեւ Ադրբեջանում, որտեղից եւս առաջարկում են Փաշինեանին աջակցելու համար զօրքեր ուղարկել Հայաստան»:

Թուրքիան եւ Ադրբեջանն ումի՞ց եւ ինչո՞ւ են ուզում պաշտպանել Նիկոլ Փաշինեանին Հայաստանում: Հէնց այս հարցադրմամբ է սկսել զրոյցը Վ. Գեղամեանի հետ:

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

«Մենք պէտք է պաշտպանենք Փաշինեանին» մտքի հեղինակ՝ յայտնի այդ թուրք լրագրողը պատահական մարդ չէ, բաւականին յայտնի լրագրող է եւ միջազգային հեղինակաւոր լրատւամիջոցի՝ Independent Türkçe-ի գլխաւոր խմբագիրը։ Նրա այդ միտքը հեռարձակւել է մեծ սփռում ունեցող ռեսուրսներով։ Թուրքիայում առհասարակ կայ մտայնութիւն, որ Հայաստանի գործող, դէ ֆակտօ իշխանութիւնները վարում են այն քաղաքականութիւնը, որը նպաստում է Թուրքիայի՝ տարածաշրջանային նպատակների սպասարկմանը։ Ամէն անգամ, երբ տեսնում են, որ հանրային դժգոհութիւնը Հայաստանում մեծացել է, իրենք աջակցում են Փաշինեանին։ Այս անգամ առիթը Սրբազան շարժումն էր։

Դիմադրութեան շարժման պայքարի օրերին Թուրքիայի յատուկ ծառայութիւնների ղեկավարն իր գործընկերներին ասել էր՝ ուշի-ուշով հետեւում են Հայաստանում տիրող իրադարձութիւններին եւ անհրաժեշտութեան դէպքում քայլեր կը ձեռնարկեն «ռեւանշիստական» ուժերի դէմ։ Սա ուղիղ միջամտութիւն է մեր երկրի ներքին գործերին։

Միայն այն հանգամանքը, որ մինչեւ 2018 թ․ադրբեջանական եւ թուրքական քարոզչութիւնը Հայաստանում հետեւողական աշխատանք էր տանում՝ պետական ինստիտուտները թուլացնելու, Արցախի նկատմամբ ատելութիւն սերմանելու, ազգային արժէքներն արժեզրկելու համար, եւ այդ քարոզչութիւնը հայկական տիրոյթ բերում էին այն մարդիկ, ովքեր հիմա պաշտօններ են զբաղեցնում, խօսում է ամէն ինչի մասին։

Մենք Հայաստանում գործ ունենք դէ ֆակտօ իշխանութեան հետ, որի տարբեր ներկայացուցիչներ անում են տարբեր, իրար հակասող արտայայտութիւններ՝ թէ՛ ներքին կեանքին, եւ թէ՛ արտաքին քաղաքականութեանն առնչւող։ Սա պէտք է կարմիր լոյս լինի մեր քաղաքացիների համար։ Մենք գործ ունենք մի իշխանութեան հետ, որի առաջնային խնդիրն իր սեփական իշխանութեան արտաքին թիկունքը պահելն է։ Այս իշխանութիւնը, չունենալով ներքին լեգիտիմութիւն, ցանկանում է արտաքին լեգիտիմութեան հաշւին երկարացնել իրենց իշխանութեան կեանքը գէթ մէկ օրով։ Արմէն Գրիգորեանի եւ նմանների յայտարարութիւնները դրա համար են արւում։

2018 թ.-ից յետոյ մենք չունենք արտաքին քաղաքական ոչ մի էական ձեռքբերում, բարձր մակարդակի ոչ մի ռազմաքաղաքական համագործակցութիւն։

Արցախի Հանրապետութեանը մենակ է թողել եւ ճանաչել Ադրբեջանի մաս Հայաստանի գործող դէ ֆակտօ իշխանութիւնը, Արցախում պարտւել է Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնը, որը Սահմանադրութեամբ Արցախի անվտանգութեան երաշխաւորն է։ Մնացած ոչինչ էական չէ։ Էդ պարտութեան խարանը չի ջնջւելու, որքան էլ ամէն տեղից հեռացնեն Արցախի մասին յիշատակումները, եւ որքան էլ փորձեն իրենց պատասխանատւութեան տիրոյթից հեռացնել Արցախում պարտութեան իրենց մեղքը։ Իհարկէ, Ադրբեջանը միշտ էլ փորձել է տիրանալ Արցախին, բա ինչո՞ւ մինչեւ 2018 թ․չէր յաջողում։

Հայաստանն արտաքին քաղաքական առումով ոչ մի ձեռքբերում չունի, փոխարէնը՝ Ադրբեջանն ունի ձեռքբերումներ: Իրական ձեռքբերումն Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրն է, որն Ադրբեջանին թոյլ է տալիս տարածաշրջանային գերակայութիւն ունենալ՝ փոխարէնը Եւրոպային առաջարկելով ռուսական էներգակիրներին այլընտրանք։ Իրական ձեռքբերումն այն է, որ Վրաստանը թոյլ չտւեց իրեն ներքաշել ռուս-ուկրաինական բախման մէջ։ Սրանք են իրական ձեռքբերումները, ոչ թէ Փաշինեանի յայտարարածը։

Մեր անմիջական հարեւանութեամբ տեղի են ունենում լրջագոյն փոփոխութիւններ, ունենք բազմաթիւ մարտահրաւէրներ, բայց մեզ մօտ որոշ մարդկանց գլխաւոր օրակարգը հեծանիւ վարելն է, ինչը համարւում է կարեւոր ձեռքբերում…

Համարել, որ պետութիւնն ուղղակի տարածք է, որտեղ ոչինչ չի կատարւում, այլ միայն գնում ես աշխատանքի ու գալիս, նշանակում է՝ գործ ունենալ ոչ թէ պետութեան, այլ գաղութի հետ։ Երբ պետութեան քաղաքացիները հրաժարւում են ամուր ու ուժեղ պետութեան համար պայքարելուց, դառնում են այլ պետութեան տարածքի մաս։

Աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում, այդ թւում՝ մեր տարածաշրջանում: Լէյբորիստները յաղթում են Մեծ Բրիտանիայում, աջ ազգայնականները յաղթում են Ֆրանսիայում, փոփոխութիւններ են տեղի ունենում միջազգային տարբեր կառոյցներում, ուկրաինական պատերազմն աւարտւելու որեւէ հեռանկար չունի, բոլոր երկրները ոչ միայն գնում են սպառազինութիւն, այլեւ ստեղծում են սեփականը, շատ երկրներ վերադառնում են պարտադիր զինծառայութեան մոդելին, իսկ մենք… հեծանիւ ենք քշում։ Յարգելի քաղաքացիներ, նախկինի պէս անհոգ ապրել հնարաւոր չի լինելու, մենք պէտք է պատրաստւենք ամենավատ սցենարներին։ Բոլոր երկրները մտածում են սրա մասին, բացի Հայաստանից, որտեղ ամէն ինչ լաւ է, որի գլխաւոր խնդիրն ասֆալտն ու մանկապարտէզների վերանորոգումն է։

Առաջիկայ ամիսներին մեր տարածաշրջանում սպասւում են իրադարձութիւններ, որոնք կարող են դառնալ կայծքարեր գլոբալ փոփոխութիւնների վրայ։ Դրանցից մէկն աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրութիւններն են։ 2-րդը՝ Հայաստանում աշնանը նախատեսում են իրականացնել սահմանադրական փոփոխութիւնններ՝ ակնյայտօրէն Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով։ Կակտիւանայ Ադրբեջանի՝ իր, այսպէս կոչւած, «փախստականներին» Հայաստանում տեղակայելու պահանջը՝ մշակութային ինքնավարութեան պնդմամբ, ինչն իր հետ կը բերի մեծ ցնցումներ։ Սա Հայաստանը ներսից պայթեցնելու ամենաուղիղ եղանակն է։

Եթէ կան մարդիկ, ովքեր մտածում են ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցութեան մասին, թող նայեն ադրբեջանական հեռուստաալիքներն ու կը տեսնեն, որ Ադրբեջանում հայատեացութեան մակարդակն էլ աւելի է բարձրացել։

Աստւած մի արասցէ, որ յաջողեն սահմանադրական փոփոխութիւնները, մենք «Արցախ» բառը չենք կարողանալու ասել, որովհետեւ դա օրէնքով է արգելւելու՝ որպէս ազգամիջեան թշնամանք հրահրող բառ, որեւէ մէկը չի կարողանալու ասել՝ «ես մշեցի եմ», չենք կարողանալու պարել ազգային պարեր, որովհետեւ հնարաւոր է՝ այդ պարն Ադրբեջանը համարում է իրենը, չենք կարողանալու ասել «Արարատ» բառը… Կենցաղային օրինակները դեռ մեղմ են։ Այդ փոփոխութիւններով՝ մեր բանակը համարւելու է պաշտպանական բանակ, իսկ դա նշանակելու է, որ եթէ Ադրբեջանը հարւածի, դու չես կարողանալու պատասխան տալ։

Մենք հիմա ունենք տարածքային ինտեգրացիայի խնդիր, երբ մի գիւղից միւսը գնալու համար դու պէտք է յաղթահարես բազմաթիւ դժւարութիւններ, որովհետեւ, օրինակ, Սիւնիքում քո գլխաւոր ճանապարհը Նիկոլ Փաշինեանը նւիրել է թշնամուն։

Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը երբեւէ չեն համընկել, բայց երկու պետութիւններում էլ հասկանում են, որ տարածաշրջանում չեն կարող հասնել յաջողութեան՝ առանց Ռուսաստանի շահը հաշւի առնելու։ Հայ-ռուսական յարաբերութիւնները վատթարացնելու համար Ադրբեջանը նախանձելի աշխատանք է կատարում, ահռելի լաբբինգ է իրականացւում այդ ուղղութեամբ։

Երբ Հէյդար Ալիեւը եկաւ իշխանութեան, նրա արտաքին քաղաքական կարեւոր ձեռքբերումն այն էր, որ վերջինս արագ հասկացաւ՝ չի կարելի յարաբերութիւններ փչացնել Ռուսաստանի հետ՝ այո, մնալով թուրքական գծի մէջ։ Սա լաւ դաս եղաւ նրա որդու՝ Իլհամ Ալիեւի համար։

«Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Թուրքիան ու Ադրբեջանը հետապնդում են պանթուրքիստական, որպէս հետեւանք՝ Սիւնիքի սողացող նւաճման, ԱՄՆ-ը՝ աշխարհաքաղաքական նպատակներ։

Փաստ է, որ Թուրքիան Հայաստանի վրայ ունի ազդեցութիւն։ Դրա ապացոյցը Պաղեստինի պետութեան ճանաչումն է, միմեանց միջեւ հեռախօսազանգերի ինտենսիւութիւնը։

Կարսի պայմանագիրն իրականում ունի բազմաթիւ խութեր, որոնք վերաբերում են անգամ Հայաստանի՝ այսօրւայ միջազգայնօրէն ճանաչւած սահմաններին։ Կարսի պայմանագրի ճանաչումից յետոյ Վայոց ձորի, Տաւուշի եւ Արարատի մարզերից տարածքներ են զիջւելու։

Related Articles

Back to top button