Սասուն Միքայէլեանին պէտք է «իջեցնել» դիրքերից. եւ դիրքերը կը շահեն, եւ պետական բիւջէն
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթէոնում լրագրողների հետ զրոյցում ԵԿՄ վարչութեան նախագահ Սասուն Միքայէլեանը յայտարարել է, որ մինչեւ հիմա անկախ պետութիւն չենք ունեցել, եղել ենք Ռուսաստանի «ֆորպոստը»:
Մի կողմ թողնենք, որ բացարձակ անկախ երկրներ չկան, եթէ հաշւի առնենք ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն կախւածութիւնները, եւ այլն:
Սասուն Միքայէլեանին յուշենք, որ 44-օրեայ պատերազմում յաղթած Ադրբեջանն էլ առանձնապէս անկախ չէ, եթէ հաշւի առնենք նրա կախւածութիւնը Թուրքիայից. միգուցէ Հայաստա՞նն էլ են ուզում՝ ընկնի նոյն կախւածութեան մէ՞ջ եւ դառնայ թուրքական վիլայեթ, այսինքն, իր նշած՝ այսպէս ասած, «ռուսական ֆորպոստը» փոխարինենք թուրքական վիլայեթով:
Մի կողմ թողնենք, որ իշխանափոխութիւնից յետոյ ժամանակահատւածներ են եղել, երբ Հայաստանը Ռուսաստանից շատ աւելի ուժեղ կախւածութեան մէջ է եղել, եւ բացի հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների պաշտպանութիւնից, ռուս սահմանապահները պատերազմի ընթացքում եւ յետոյ հրաւիրւել են ՀՀ սահմանային այլ վայրեր, Տաւուշի մարզի մի շարք հատւածներում ուղեկալներ են կառուցել, որտեղից արդէն դուրս են եկել եւ դուրս են գալիս:
Մի կողմ թողնենք նաեւ, որ աւելորդ է Սասուն Միքայէլեանին խորքային այլ բաներ բացատրելը: Փոխարէնը նրան, թերեւս, ճիշտ է յիշեցնել պետական եւ ռազմական գործիչ Վազգէն Սարգսեանի խօսքերը, որի անւան հետեւում անընդհատ փորձում է ինքնահաստատւել Միքայէլեանը:
«Անկախութիւնը բացարձակ արժէք է, այն քննարկման կարիք չունի, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտութիւն է»,- Վազգէն Սարգսեանի խօսքերն են, ով այն կարծիքին էր, որ պետութեան պատասխանատուները չպէտք է թոյլ տան, որ անկախութիւնը, ազատութիւնը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ:
Վազգէն Սարգսեանի մտքով երեւի չէր անցնի, որ անկախութիւնը կասոցացւի լաւ ապրելու, վիզաների ազատականացման եւ սահմանազատման հետ:
Ի դէպ, Վազգէն Սարգսեանը նաեւ ասում էր. «Պատերազմող երկրում, այնուամենայնիւ, երկրի մասին դատում են պատերազմի արդիւնքով: Մեր մասին յիշելու են՝ երկիրը պահպանւե՞ց, թէ՞ ոչ, յաղթեցի՞ք, թէ՞ պարտւեցիք, անկա՞խ էք, թէ՞ ոչ: Ի վերջոյ, կարողացա՞նք դառնալ դեմոկրատական պետութիւն, թէ՞ ոչ, մարդկային, ազգային, սոցիալական արժէքներն էս երկրի մէջ պահպանւեցի՞ն, թէ՞ ոչ: Իսկ ամէն ինչի հիմքը բանակն է, պաշտպանութիւնը»: Այսինքն, ըստ նրա, գալիք սերունդները գնահատելու են՝ որքանով ենք պահել մեր սահմանները, մեզ թողնւած ժառանգութիւնը, եւ, որ յաղթել են, պետութիւն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կէս ճանապարհին չեն յոգնել: Սա պատերազմի քարոզ չի, խօսքը նրա մասին է, որ չպէտք է խաղաղ յանձնւել թշնամուն: Եւ մէկ էլ Վազգէն Սարգսեանը զգուշացնում էր՝ «սիրենք թէ չսիրենք, պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտաւոր ենք յարգել, առանց դրա մենք հեռանկար չենք ունենայ»:
Եւ դժւար չէ պատկերացնել՝ ինչպէս կը վարւէր Սասուն Միքայէլեանի հետ նոյն Վազգէն Սարգսեանը, եթէ նրա կենդանութեան օրօք առհասարակ նման միտք բարձրաձայնւէր, թէ՝ «2018 թ. յեղափոխութիւնն աւելի կարեւոր յաղթանակ էր, քան Արցախեան ազատամարտում յաղթանակը»: Յիշում էք՝ այս խօսքերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Սասուն Միքայէլեանը 2018 թ. նոյեմբերի 26-ին հնչեցրել էր Նիկոլ Փաշինեանի «Իմ քայլը» դաշինքի քարոզարշաւի ժամանակ։
Որքանո՞վ է ԵԿՄ վարչութեան նախագահը Վազգէն Սարգսեանի վերոշարադրեալ խօսքերն աչքի տակ պահում:
Հիմա, եթէ Ադրբեջանի թելադրած պայմաններով, առանց ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զօրքի յետքաշման, Սասուն Միքայէլեանը կողմ է սահմանազատմանը (սահմանազտման գաղափարին առհասարակ ընդդիմութիւնն էլ դէմ չէ, բայց արժանապատիւ եւ իրաւաչափ պայմաններով), որովհետեւ ինչպէս հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում» նա ասել է՝ «մենք այսօր ոչ մի հնարաւորութիւն չունենք ադրբեջանցու դէմ կռւելու», ապա ինչու ԵԿՄ անդամներին չի հանում դիրքերից, ինչո՞ւ է շարունակում սահման երկրապահներին գործուղել, երբ անելիք չի տեսնում թուրքի դէմ, որովհետեւ այս տրամադրւածութեամբ սահման պահողն ամէն պահի կարող է չէ՞ նահանջել:
Եւ դեռ հարց է, թէ ինչպէս են խաղաղ պայմաններում Սասուն Միքայէլեանի գործուղած մարդիկ սահման պահում, որքանով են օգնում եւ որքանով են վնասում բանակին, որքանով են արդիւնաւէտ եւ նպատակային օգտագործում տրամադրւած փամփուշտները՝ քէֆի սեղանի համար կենդանի խփելո՞ւ, թէ՞ սահման պահելու նպատակով, որի համար 2021, 2022 եւ 2023 թւականներին ՀՀ կառավարութեան որոշումներով տարեկան ԵԿՄ-ին յատկացւել է մօտ 234,638.0 հազար դրամ:
Չմոռանանք Ներքին Հանդի պատմութիւնը, որտեղ ՀՀ ռազմական ոստիկանութիւնն էր ակնարկել, որ երկրապահներից են սադրել, ինչի հետեւանքով 4 զոհ ունեցանք հէնց ԵԿՄ անդամներից: Դեռ չենք խօսում, որ ԵԿՄ տեսանիւթերում մարտական հերթապահութեան մասին պատմող «գաղտնազերծումներ» են արւում:
Իհարկէ, չենք բացառում, որ երկրապահների եւ սահման գործուղւածների մէջ նւիրեալներ կան՝ մի քանի պատերազմով անցած: Իսկ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, նախարարը, որքան էլ մարդկային ռեսուրսի խնդրի հարց լինի, առհասարակ պէտք է լուրջ քննարկման թեմա դարձնի Սասուն Միքայէլեանի ղեկավարած ԵԿՄ-ի հետ համագործակցութեան հարցը, եւ մէկ ուրիշ ծրագիր մտածի:
Կրկնում ենք՝ ԵԿՄ-ի մէջ կան նաեւ նւիրեալ մարդիկ, որոնց հետ ՊՆ-ն կարող է համագործակցութեան այլ տարբերակ մշակել, ի դէպ, այդ մարդիկ իրենք էլ պիտի մտածեն՝ պատւաբէ՞ր է արդեօք իրենց համար լինել Սասուն Միքայէլեանի ղեկավարած ԵԿՄ-ում:
Յ. Գ. – Որպէսզի տարընթերցման առիթ չտայ, մենք չենք պահանջում, որ Սասուն Միքայէլեանը կամ մէկ ուրիշը յայտարարի, թէ կարող ենք Ադրբեջանին այսօր կոտորել. բնաւ, դրա մասին չէ խօսքը, եւ նման յայտարարութիւններ անողները պակաս վտանգաւոր չեն եւ գուցէ պատերազմական իրավիճակում առաջին նահանջողներից:
168.am