Ռուս պատմաբան. «Կովկասը վաղուց արդէն ամերիկեան արտաքին քաղաքականութեան եզրագիծն է»
«ԱԼԻՔ» – Պատմական գիտութիւնների թեկնածու, Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգութեան կենտրոնի աւագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը Alpha News-ին մեկնաբանել է, թէ ինչպէս կը փոխւի ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը յետխորհրդային երկրների նկատմամբ նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակից յետոյ:
Փորձագէտի կարծիքով՝ Կովկասի նկատմամբ ամերիկեան արտաքին քաղաքականութեան մէջ հիմնարար փոփոխութիւններ չեն լինի։
«Կարծում եմ, որ առաջին ամիսներին նրանք կը զբաղւեն իրենց ներքին գործերով։ Բացի այդ, Կովկասը վաղուց արդէն ամերիկեան արտաքին քաղաքականութեան եզրագիծն է, խորը եզրագիծը։ Ես այստեղ, առաջին հերթին, արագ փոփոխութիւններ չէի սպասի, բացառութեամբ, թերեւս, մի բանի՝ ԱՄՆ-ի կողմից Վրաստանի վրայ ճնշումը, ամենայն հաւանականութեամբ, կը թուլանայ։
Իսկ ինչ վերաբերում է միւս ուղղութիւններին, ես չէի սպասի ինչ-որ սկզբունքային փոփոխութիւնների, քանի որ առաջին դէմքերի մօտ, ես նկատի ունեմ նոր նախագահին, Պետդեպարտամենտի ապագայ ղեկավարին, շուտով չեն անցնի ինչ-որ նոր կուրս սահմանելուն։ Մինչդեռ այս ընթացքը որոշելու են նոյն մարդիկ, որոնք դա որոշում էին»,- ասել է փորձագէտը։
Հարցին, թէ ինչպէս կը փոխւի Հայաստանի քաղաքականութիւնը ԱՄՆ-ում իշխանափոխութիւնից յետոյ, Սիլաեւը պատասխանել է:
«Այն, ինչ մենք հիմա անւանում ենք Հայաստանի քաղաքականութիւն, դա ոչ այնքան քաղաքականութիւն է, որքան հռետորաբանութիւն այն մասին, թէ ուզում ենք գնալ դէպի Եւրոպա, իսկ Ռուսաստանը մեզ խանգարում է։ Սա քաղաքականութիւն չէ, ուստի կարծում եմ, որ հռետորաբանութիւնը կը մնայ նոյնը: Ես ոչ մի փոփոխութիւն չեմ սպասում»։