Ղարիբաբադի. «Բանակցութիւնների երկրորդ փուլը կանցկացւի Հռոմում»

«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին Իրանի հեռուստատեսութեան լրատւականին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ բանակցութիւնների երկրորդ փուլն անց է կացւելու Հռոմում:
ԱԳ նախարարի իրաւական եւ միջազգային հարցերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, Իրան-ԱՄՆ բանակցութիւնների առիթով հարցազրոյցի ընթացքում նշել է, որ բանակցութիւնների երկրորդ փուլի անցկացման վայրը ներկայումս Հռոմն է եւ յաւելել. «Որտեղ էլ որ տեղի ունենան բանակցութիւնները, Օմանը միջնորդի դերում է։ Մենք չպէտք է վատնենք մեր ժամանակը բանակցութիւնների վայրի կամ ժամանակի վրայ։ Մենք պայմանաւորւեցինք որ կարելի է երկու կամ երեք անգամ փոխել բանակցութիւնների անցկացման վայրը, ինչը բնաւ կարեւոր խնդիր չէ»։
Նա ընդգծել է. «Իրանը պատրաստ է հասնել տեւական փոխընբռնման։ Բանակցութիւնների առաջին փուլն աւարտւել է: Այժմ երկրորդ փուլում ենք։ Երկրորդ փուլը կենտրոնացւած է լինելու քննարկումների ու խնդիրների շրջանակները սահմանելու վրայ: Պատժամիջոցների չեղարկումը պէտք է շօշափելի լինի Իրանի համար: Այս փուլից յետոյ կարելի է օրակարգ մտցնել պայմանաւորւածութիւնները տեքստի վերածելու աշխատանքները նաեւ»:
Ի պատասխան Վիթաքերի հակասող յայտարարութիւններին՝ Ղարիբաբադին ընդգծել է. «Բանակցող թիմի համար կարեւորը սեղանի շուրջ միւս կողմի տեսակէտներին տեղեակ լինելն է։ Իհարկէ չենք կարող անտեսել նաեւ միւս կողմի լրատւամիջոցներին փոխանցած դիրքորոշումները եւ պէտք է վերահսկել այն: Իսկ մեզ համար առաջին տեղում՝ բանակցութիւնների սեղանի շուրջ յայտարարւած դիրքորոշումներն են»։
Նա յաւելել է. «Երկրորդ կարեւոր կէտն այն է, որ մեր ուրանի հարստացման նախագիծն ամբողջութեամբ բնիկ է հիմնւած՝ իրանցի երիտասարդ գիտնականների ջանքերի վրայ: Մենք երբեւէ չենք գերազանցել մեր պարտաւորութիւնների սահմանները մեր գործունէութեան ընթացքում։ Չկայ նաեւ նման դրոյթ, որի համաձայն երկրներն իրաւունք չունեն հարստացնել ուրանը։ Դրոյթն այն մասին է խօսում միայն, որ այդ հարստացման ծրագիրը չպէտք է շեղւի: Եւ սա այն հարցը չէ, որը կարելի է չարաշահել բանակցութիւնների սեղանի շուրջ»։
Ղարիբաբադին ԱՄՆ նոր պատժամիջոցների վերաբերեալ հարցին պատասխանելով նշել է, որ Իրանի կողմից ուղիղ կամ դէմ առ դէմ բանակցութիւնները չընդունելու հիմնական պատճառներից մէկը սպառնալիքի ու պատժամիջոցների մոդելի օգտագործումն էր։ «ԱՄՆ-ը նախկինում եւս դրժել էր համաձայնագիրը դուրս գալով ԲԱՐՋԱՄ-ից: Այժմ, եթէ ցանկնանում են երկխօսութիւն, պետք է փորձեն ծանօթանան երկխօսելու սկզբունքներին եւ տեսնել՝ կա՞յ արդեօք առաջընթացի հնարաւորութիւն։ Այս համատեքստում սպառնալիքներն ու ճնշումները համատեղելի չեն բանակցութիւնների հետ։ Դրա համար մենք շեշտը դրեցինք անուղղակի բանակցութիւնների վրայ»։