Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանին փոխելու շարժումը ոչ թէ մարում է, այլ նոր թափ հաւաքում

Նոյնիսկ այն ժամանակ, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանն իր հազարաւոր հետեւորդների հետ երթով սկսեց շարժւել դէպի Երեւան, շատերը մտածում էին, թէ ինչ կը լինի մայիսի 9-ին, երբ նրանք հասնեն Հանրապետութեան հրապարակ, որտեղ գտնւում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի գրասենեակները։

Երեւան ժամանելուց յետոյ Բագրատ Սրբազանը Փաշինեանին մէկ ժամ ժամանակ տւեց հրաժարական տալու համար: Երբ ժամը լրացաւ, եւ նա հրաժարական չտւեց, Սրբազանը յայտարարեց, որ յաջորդ օրւանից ամբողջ երկրում սկսելու են քաղաքացիական անհնազանդութեան գործողութիւններ։ Նա յորդորեց իր հետեւորդներին խաղաղ ակցիաներ անել եւ որեւէ բռնութիւն չգործադրել։

Փաշինեանը յոյս ունէր, որ ցուցարարների թիւը ժամանակի ընթացքում կը նւազի, եւ շարժումը կը մարի։ Վարչախումբն ամէն ինչ արեց Սրբազանին ու ցուցարարներին անարգելու եւ զրպարտելու համար։ Իշխանական քարոզիչները յայտարարեցին, որ մայիսի 9-ին Հանրապետութեան հրապարակում եղել է ընդամէնը մօտ 20000 ցուցարար, մինչդեռ դիտորդների մեծ մասը բազմութիւնը գնահատել է մի քանի անգամ աւելի շատ: Վեց տարի շարունակ հազարաւոր ստերով մոլորեցնելով հայ հասարակութեանը՝ Փաշինեանը շարունակեց իր խաբուսիկ գործելաոճը՝ առանց որեւէ ապացոյցի պնդելով, որ ցուցարարները Կրեմլի գործակալներ են, որոնց գումար են վճարել այս ցոյցերին մասնակցելու համար: Կառավարութեան ղեկավարները ծաղրում էին ոչ միայն Սրբազանին, այլեւ Հայոց Եկեղեցին, որը հովւութիւն է արել ազգին 301 թւականից ի վեր, յատկապէս հայկական պետականութեան բացակայութեան ժամանակ:

Ի հիասթափութիւն վարչապետի նւազող համակիրների, քանի որ նրա վարկանիշը վեց տարի առաջւայ 80 տոկոսից նւազել է մինչեւ 8 տոկոս, Սրբազանը Հանրապետութեան հրապարակում անցկացրեց երկրորդ հանրահաւաքը, որին ներկայ էին տասնեակ հազարաւոր հետեւորդներ: Չնայած Փաշինեանի ոստիկանութեան բիրտ  գործողութիւններին, որոնք դաժանօրէն յարձակւում էին խաղաղ ցուցարարների վրայ, շարժումն աւելի մեծ թափ հաւաքեց, քան թէ մարեց։ Անցած շաբաթւայ ընթացքում Սրբազանը հանդիպումներ ունեցաւ իրաւաբանների, բժիշկների, պաշտօնաթող զինւորականների, արւեստագէտների եւ ընդդիմութեան տասնեակ առաջնորդների հետ։

Սրբազանն ապացուցեց Փաշինեանի հետեւորդների կրկնւող մանտրայի կեղծ լինելը, թէ վարչապետին ուրիշ ոչ ոք չի կարող փոխարինել։ Սրբազանին առաջին անգամ յաջողւեց իր գլխաւորութեամբ միաւորել տարբեր ընդդիմադիր խմբաւորումների։ Հանրութեան լայն  շերտերը, որոնք վրդովւած էին Փաշինեանի պարտւողական զիջումներից Ադրբեջանին, խանդավառութեամբ արձագանգեցին Սրբազանի խաղաղ, բայց հրատապ փոփոխութիւնների ուղերձին։

Վերջապէս, մայիսի 26-ին տեղի ունեցաւ Սրբազանի երկար սպասւած մեծ հանրահաւաքը, որի ընթացքում հնչեցին մի քանի կարեւոր յայտարարութիւններ: Հաւաքւածներին ասացին, որ Սրբազանը ժամանակաւորապէս կը փոխարինի Փաշինեանին, որից յետոյ կոալիցիոն կառավարութիւն կը ձեւաւորւի, դրան կը յաջորդեն խորհրդարանական ընտրութիւններ, որոնց արդիւնքում նոր վարչապետ կընտրւի: Չնայած Սահմանադրութիւնը պահանջում է, որ վարչապետը նախորդող չորս տարիների ընթացքում լինի բացառապէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, Սրբազանի հետեւորդները կարծում են, որ Հայաստանի եւ Կանադայի երկքաղաքացիութիւնը նրան չի խանգարի ժամանակաւորապէս վարչապետի պաշտօնը զբաղեցնել: Սրբազանը պարտաւորւեց առաջնորդւել բացառապէս իրաւական պահանջներով: Զաւեշտալի է, որ Փաշինեանի վարչախումբը, որը խախտել է գրեթէ բոլոր գործող օրէնքները, պահանջում է ցուցարարներից՝  պահպանել երկրի օրէնքները:

Մայիսի 26-ի հանրահաւաքում Սրբազանը նաեւ յայտարարեց, որ այլ բարձրաստիճան հոգեւորականների եւ Գարեգին Բ կաթողիկոսի հետ խորհրդակցելուց յետոյ որոշւել է, որ ինքը կը սառեցնի իր 30-ամեայ հոգեւոր ծառայութիւնը՝ քաղաքական գործունէութիւնն իր կրօնական կարգի հետ չհամատեղելու համար։

Սրբազանը փորձում է տապալել Փաշինեանին նոյն կերպ, ինչպէս վերջինս տապալեց վարչապետ Սերժ Սարգսեանին: Փաշինեանը եւ նրա հետեւորդները իշխանութեան գալու համար խախտել են տասնեակ օրէնքներ՝ արգելափակելով փողոցները, խորհրդարանի շէնքը, դատարանները եւ կոտրելով Հայաստանի ռադիոտան փակ դռները: Սակայն Փաշինեանը կարծում է, որ միայն ինքը կարող է օրէնքը խախտել: Զարմանալի է, որ նա նոյնիսկ հպարտօրէն յայտարարեց. «Ինչի՞ էսօր Հայաստանում դատաւոր կայ, որ կարողա վարչապետի ասածը  չանի»։ Եթէ մէկ ուրիշն անի այն, ինչ նա արեց, նրա բարբարոսական ոստիկանութեանը հրամայւած է, ինչպէս ինքն էր յայտարարել 2021 թւականին մուրճը ձեռքին, խորհրդարանական քարոզարշաւի ժամանակ՝ ջարդել իր հայ հակառակորդների գլուխները, թէեւ նա կեղծօրէն յայտարարում է, որ ժողովրդավար է: Զարմանալիօրէն, Փաշինեանը երբեք նման գռեհիկ բառապաշար չի օգտագործում ընդդէմ Հայաստանի իսկական թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնց ղեկավարներն  ամենաւիրաւորական յայտարարութիւններն են անում Հայաստանի մասին:

Մայիսի 26-ին Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած զանգւածային հանրահաւաքի աւարտին, Սրբազանն իր հետեւորդների հետ երթով շարժւեց դէպի վարչապետի առանձնատուն եւ պահանջեց հանդիպել նրա հետ ու ասել, որ հրաժարական տայ: Սակայն, պարզւեց, որ Փաշինեանը տանը չէ, մեկնել է Հայաստանի հիւսիսում ջրհեղեղից տուժած շրջաններ:

Այնուհետեւ Սրբազանը հաւաքւածներին առաջնորդեց դէպի Հանրապետութեան հրապարակ, որտեղ մի քանի ժամ առաջ սկսւել էր հանրահաւաքը։ Նա յորդորեց իր հետեւորդներին քաղաքացիական անհնազանդութեան գործողութիւններ իրականացնել ողջ երկրում՝ Փաշինեանին ճնշելու համար, որպէսզի նա հրաժարական տայ։

Սա Հայաստանի վերջին հնարաւորութիւնն է փրկելու երկիրը պարտւած եւ ապաշնորհ ղեկավարից՝ Փաշինեանից, որը պատրաստ է հետեւել Ալիեւի եւ Ադրբեջանի հրամաններին եւ գնալ անօրինական ու միակողմանի անվերջ զիջումների՝ մինչեւ Հայաստանի ամբողջական կորուստը՝ Արցախի կորստից յետոյ…

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button