Ալիեւը շարունակելու է Հայաստանից նոր տարածքներ պահանջել
Միսակ Մանուշեանին նւիրւած միջոցառմանը ես հարցրեցի Ֆրանսիայի պաշտպանութեան նախարարին, թէ որքան հեռու է Ֆրանսիան պատրաստ գնալ Հայաստանի հետ ռազմական համագործակցութեան հարցում։ Նա պատասխանեց, որ Ֆրանսիան պատրաստ է գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է գնալ Հայաստանը։ Այս մասին «Ուժի գործօն» հաղորդաշարի եթերում՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։
«Ես չգիտեմ Հայաստանի արձագանքի մասին։ Եթէ Հայաստանը պահանջի աւելի լայն ռազմական համագործակցութիւն, ապա Ֆրանսիան կը համաձայնի, իսկ մենք կօգնենք Ֆրանսիային համաձայնել։ Մենք աշխատում ենք, որպէսզի Հայաստանն ու Ֆրանսիան լուրջ ռազմական համագործակցութիւն հաստատեն։ Իշխանութիւնները գալիս ու գնում են, բայց պետականութիւնն ամրապնդման կարիք ունի»,- ընդգծեց նա։ Այս պահին Փափազեանը չի պատկերացնում, որ Ֆրանսիան ցանկանում է զօրք մտցնել Հայաստան։ «Միեւնոյն ժամանակ, մենք պէտք է աշխատենք ապահովելու, որ Ֆրանսիան ցանկանայ համաձայնել դրան»,-ասաց նա: ՀՅԴ Բիւրոյի անդամը կարծում է, որ Երեւանը պէտք է հաւասարակշռւած արտաքին քաղաքականութիւն վարի։
«Եթէ Հայաստանը կենտրոնանայ միայն Արեւմուտքի վրայ եւ թշնամական քաղաքականութիւն վարի Ռուսաստանի դէմ, ապա յաջողութեան չի հասնի, քանի որ կը դառնայ Արեւմուտքի պատանդը։ Պէտք է զարգացնել յարաբերութիւնները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Հնդկաստանի, ե՛ւ Չինաստանի, ե՛ւ այլ ուժերի հետ»,- յաւելեց նա։
Անդրադառնալով «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը՝ Մուրադ Փափազեանն ասաց. Միջազգային զանգւածային լրատւամիջոցները սկսել են լուսաբանել Հայաստանում անցկացվող «Յանուն Հայրենիքի» շարժման բողոքի ցոյցերը, քանի որ այն նոր փուլ է ստացել, երբ շարժման առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը յայտարարեց մինչեւ վերջ գնալու մտադրութեան մասին:
Նա նշեց, որ շարժումը համաժողովրդական բնոյթ է կրում, տասնեակ հազարաւոր մարդիկ են դուրս գալիս հրապարակներ ու փողոցներ, ցոյցերին մասնակցում են հասարակութեան տարբեր շերտեր՝ տարբեր տարիքի, տարբեր վայրերից, ներառեալ՝ Սփիւռքից։ Նա պարզաբանել է, որ շարժման առաջնորդին Սփիւռքի մի կարեւոր հատւած արդէն աջակցութիւն է յայտնել, եւ արտասահմանեան դեսպանատները աստիճանաբար զեկոյցներ են գրում, իսկ միջազգային լրատւամիջոցներն աւելի ու աւելի ակտիւօրէն են լուսաբանում այս հարցը։
Փափազեանի համոզմամբ՝ սա հնարաւորութիւն է տալիս օտար երկրներին աւելի շատ բան իմանալ շարժման, մասնակցող ուժերի, նրանց պահանջների վերաբերեալ եւ հնարաւորութիւն է ընձեռում պատկերացում կազմել՝ ինչ ճանապարհով կը գնայ Հայաստանը, եթէ Գալստանեանը դառնա ՀՀ վարչապետ։
«Բագարտ Գալստանեանն այս բոլոր հարցերի պատասխանները տւել է, եւ ակնյայտ է, որ այս շարժումն արտացոլում է Սփիւռքի պահանջները։
Շարժումը չունի արտաքին քաղաքական վեկտոր: Բագրատ Գալստանեանն ասում է, որ պէտք է լաւ յարաբերութիւններ հաստատել արտաքին բոլոր խաղացողների հետ, եւ սա նոր մօտեցում է, որը կարող է մեծացնել հետաքրքրութիւնը միջազգային ասպարէզում։
Հայաստանի իշխանութեանը քննադատելու մէջ ոչ մի լաւ բան չկայ, բայց երբ հայ ժողովրդի շահերը վտանգւած են, ստիպւած ենք դա անել։
Իշխանութիւնները չեն պաշտպանում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, իսկ միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնները չեն կարող աչք փակել խախտումների վրայ եւ ստիպւած են արձագանքել։ Միաժամանակ, իշխանութիւնները դիմում են հալածանքների, իսկ դա նշանակում է, որ նրանք ժողովրդի պահանջին պատասխանելու բան չունեն։
Դա նշանակում է, որ Բագրատ Գալստանեանն այնքան ուժեղ անհատականութիւն է, որ Փաշինեանը չի ուզում նրա հետ գործ ունենալ։
Ինչո՞ւ Փաշինեանը չհամաձայնեց բանավիճել Գալստանեանի հետ: Որովհետեւ պատասխանելու բան չունի։ Փաշինեանն ուզում է շարունակել զիջումների քաղաքականութիւնը»,- եզրափակեց Մուրադ Փափազեանը։
44-օրեայ պատերազմի ժամանակ Փաշինեանը պատշաճ կերպով չդիմեց միջազգային հանրութեանը: Ընդհակառակը, ասում էր՝ ամէն ինչ լաւ է, եւ մենք յաղթելու ենք։ Մակրոնին եւ ֆրանսիացի միւս քաղաքական գործիչներին մենք հակառակն էինք ասում, բայց երբ Մակրոնը կապ հաստատեց Փաշինեանի հետ, սա պնդեց, թէ ամէն ինչ լաւ է, եւ անհանգստանալու կարիք չկայ. ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:
«Աշխատում էինք նրա շուրջ, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախութիւնը, սակայն Հայաստանի իշխանութիւնները նոյն կոչը չարեցին։ Ընդհակառակը, ապատեղեկատւութիւն էին տարածում»,- ասաց Փափազեանը։
Նա համոզմունք է յայտնել, որ ռազմական գործողութիւնները հնարաւոր էր դադարեցնել եւ թոյլ չտալ, որ Ադրբեջանը 44-օրեայ պատերազմից յետոյ յաղթանակ արձանագրի։
«10-20 օր անց պատերազմը հնարաւոր էր դադարեցնել։ Պատերազմի ընթացքում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերեալ երեք անգամ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, սակայն Ադրբեջանն ամէն անգամ խախտում էր պայմանաւորւածութիւնը։
Դրանից յետոյ Փաշինեանը պէտք է մեկներ Եւրոպա ու պատերազմը դադարեցնելու վճռական կոչով հանդէս գար, մենք էլ իրեն կօգնեինք։ Եթէ նա աւելի ակտիւ ու օբիեկտիւ լինէր ու խօսէր Արցախի եւ Հայաստանի գլխին կախւած սպառնալիքների, Թուրքիայի կողմից 2000 ջիհադիստների ներգրաւման մասին, դա ազդեցութիւն կը գործէր»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը:
Նա յիշեցրեց՝ ՌԴ նախագահ Պուտինն ասում էր, որ աւվելի վաղ առաջարկել է դադարեցնել պատերազմը, Հայաստանի իշխանութիւններն էլ այդ տեղեկութիւնը չեն հերքել։
Փաշինեանն ասում է, որ եթէ տարածքները չզիջենք, պատերազմ կը լինի, իսկ Ալիեւը Հայաստանին անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»։ Նա սկսել է Տաւուշի 4 գիւղից եւ շարունակելու է պահանջել նոր տարածքներ, եւ սպառնալիք կայ, որ Փաշինեանը կը համաձայնի՝ բերելով պատերազմի սպառնալիքի մասին նոյն փաստարկները. ասաց Մուրադ Փափազեանը։
Նա նշեց, որ Հայաստանի վրայ Ադրբեջանի յարձակման սպառնալիքը միշտ կայ, բայց միեւնոյն ժամանակ Ալիեւը փորձում է վախեցնել Հայաստանի ժողովրդին, որպէսզի շարունակի իր քաղաքականութիւնը։ Փափազեանը յաւելեց, որ Հայաստանին անհրաժեշտ է մի առաջնորդ, ով կասի «բաւական է» եւ կը դիմի միջազգային հանրութեանը։
«2021 թւականին, երբ բռնազաւթւած էր Հայաստանի աւելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը, մենք դատապարտեցինք դա եւ միջազգային հանրութեանը կոչ արեցինք նոյնն անել։ Սակայն Հայաստանի կառավարութիւնը միջազգային հանրութեանը նոյն կոչով չդիմեց, ուստի մեր ձայնն անլսելի մնաց, քանի որ միջազգային հանրութիւնը շփւում է Հայաստանի պաշտօնական իշխանութիւնների հետ։ Երբ Սփիւռքի եւ Հայաստանի՝ որպէս պետութեան դիրքորոշումները համահունչ են, դա յանգեցնում է յաջողութեան։ Հակառակ դէպքում պաշտօնական Երեւանի ձայնն աւելի բարձր է հնչում։
Եթէ Հայաստանի կառավարութիւնը Սփիւռքի աջակցութեամբ աշխատանք տաներ միջազգային ասպարէզում, հնարաւոր կը լինէր արդիւնքի հասնել։ Եւ այսօր արդիւնքն այն է, որ 2021 թւականից ի վեր բռնազաւթւած տարածքներին գումարւել է տարածքների յանձնումը:
Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գօտում, Կովկասը համարւում է ռուսական ազդեցութեան գօտի. ասաց Մուրադ Փափազեանը։
«Կան այլ երկրներ եւս, որոնք տարածաշրջանում շահեր ունեն։ Դրանց թւում են Միացեալ Նահագներն ու Մեծ Բրիտանիան, որոնք լուրջ յարաբերութիւններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ ձգտում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդեօ՞ք ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հզօրացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-նշում է նա։
Փափազեանի համոզմամբ՝ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզօրացնել կովկասեան հարցերով զբաղւելու համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը վստահութիւն յայտնեց, որ Մակրոնը ԵՄ այս դիրքորոշման հետ չի համաձայնի:
«Միեւնոյն ժամանակ, այսօր կայ այնպիսի իրողութիւն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպութիւն է Արեւմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նոյնպէս պէտք է հաշւի առնել: Ուստի տունը Արեւմուտքին վստահելիս պէտք է հաշւի առնել, որ նա յոյսը դնելու է պանթուրքիստական ծրագրերը չմոռացած Թուրքիայի վրայ, որը ցանկանում է դրանք իրականացնել Բաքւի հետ ձեռք-ձեռքի տւած։
Բաքուն եւ Անկարան ԱՄՆ-ի եւ Եւրոպայի հետ մրցակցելու համար ձգտում են Արեւելքում տնտեսական եւ էներգետիկ շուկայ ստեղծել, մինչդեռ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշւի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականութիւն ստեղծեցին, որպէսզի իշխանութիւնները չխանգարեն այս երազանքն իրականացնելու իրենց ձգտմանը։ Թուրքիան ձգտելու է Հայաստանում հաստատել իր ազդեցութիւնը «փափուկ ուժի» կիրառմամբ։
Այս պայմաններում Հայաստանն ուզում է հաշտութեան պայմանագիր կնքել, բայց Ադրբեջանի գրչո՞վ։ Ինչի՞ կը յանգեցնի նման պայմաններում Թուրքիայի հետ յարաբերութիւնների զարգացումը»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնում են, որ ի դէմս Հայաստանի իշխանութիւնների, իրենց առջեւ թոյլ բանակցող է նստած։
«Այդ դէպքում նրանք ինչո՞ւ չպէտք է ձգտեն իրականացնել իրենց նպատակները։ Հայաստանին աջակցող եւրոպացի պատգամաւորներից մէկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Փափազեանը։