Մեխակ Մխիթարեան. «Փաշինեանը կապի մեջ է Էրդողանի ու Ալիեւի հետ, կարող էր գերիների հարցը լուծել, եթէ մի քիչ ցանկութիւն ունենար. այդ մարդկանց հայրենիք վերադառնալուց սարսափում է»
«ԱԼԻՔ» – Յունւարի 17-ին Բաքւի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով դատական նիստը, որը լայնօրէն լուսաբանւում է ադրբեջանական լրատւամիջոցների կողմից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ներկայացնելով՝ որպէս «ահաբեկիչներ»։
ՀՀ Գերագոյն խորհրդի նախկին պատգամաւոր Մեխակ Մխիթարեանը հետեւել է այդ «դատավարութեանը», տեսել է Բաքւի դատարանից տարածւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները եւ ցաւում է նրանց հայրենիք վերադարձնելու համար: ՀՀ իշխանութիւնը 1.5 տարւայ ընթացքում այդպէս էլ որեւէ քայլ չձեռնարկեց ու նպատակ էլ չունի ձեռնարկելու։
«Սա մեր ժողովրդի ինքնասիրութեան, թասիբի ու նամուսի խնդիրն է։ Այս իշխանութիւնների անհաղորդ կեցւածքը պատանդների, գերիների եւ անհետ կորած մեր տղաների ճակատագրի վերաբերեալ՝ ուղղակի ինձ ապշեցնում է։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու այն վերաբերմունքը, որը ես տածում եմ այս իշխանութիւնների հանդէպ հէնց միայն այդ ասպեկտում։
Հասկանո՞ւմ էք՝ մեր արժանապատւութիւնն է դատւում Բաքւի դատարանում, իսկ այս իշխանութիւններն այստեղ նստած հրճւանք են ապրում, ոգեշնչւում են, ոգեւորւում են։ Նայում եմ, թէ համացանցում ինչ է կատարւում, ինչ կարծիքներ են արտայայտում, զարմանում եմ նաեւ այդ մարդկանց վրայ, բայց ամէն ինչ գալիս է այս իշխանութիւնների կեցւածքից։
Որպէս հայ մարդ՝ տեղի ունեցողը համարում եմ մեր ազգային ողբերգութիւնը, նսեմացած եմ ինձ զգում, որ չեմ կարողանում այդ խնդիրը լուծել։
Գնալով համոզւում եմ, որ այս խնդիրը լուծելու համար պէտք է բախենք միջազգային կառոյցների դռները, այս իշխանութիւնների վրայ յոյս դնել չի կարելի։ Փաշինեանը կապի մէջ է Էրդողանի ու Ալիեւի հետ, կարող էր այս հարցը լուծել, եթէ մի քիչ ցանկութիւն ունենար։ Հաւանաբար այդ մարդկանց հայրենիք վերադառնալուց սարսափում է»,- 168.am-ի հետ զրոյցում ասել է Մեխակ Մխիթարեանը։
Նա վստահ է՝ մինչեւ 2026 թւականի ընտրութիւնները ՀՀ գործող իշխանութիւններն իրենց ներկայիս վերաբերմունքը չեն փոխելու խնդրի վերաբերեալ, ընտրութիւններից յետոյ էլ, եթէ յաջողւեց կրկին ընտրւել, հարց է՝ կը փոխե՞ն իրենց վերաբերմունքը, թէ՞ ոչ։
Մեխակ Մխիթարեանը նաեւ կասկած չունի, որ եթէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտւեցին Բաքւում, յաջորդն Ալիեւը պահանջելու է յանձնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել Արցախի անկախութեան ակունքներում։
«Մեր երկրի վարչապետ կոչեցեալն այս հարցը չի լուծելու, իսկ սա մի հարց է, որն առնչւում է ՀՀ իւրաքանչիւր ընտանիքի, որովհետեւ 1988 թւականից սկսած բոլոր ընտանիքներն էլ այս կամ այն կերպ առնչւել են Արցախին։
Օրերս ՄԱԿ գրասենեակի ու Կառավարութեան շէնքի մօտ մասնակցում էի գերիների վերադարձի հարցով ակցիաներին, գոհացուցիչ չէ մարդկանց քանակը, որոնք ներկայ էին ակցիաներին։ Սա մեր ժողովրդի 0.01 տոկոսը չի կազմում, այսինքն՝ մարդիկ չպէտք է այս հարցի շուրջ ցուցաբերեն նման անտարբերութիւն, ապշում եմ՝ այս ինչ դարձաւ մեր ժողովուրդը, ինչպէս այս իշխանութիւններին յաջողւեց նման անտարբերութիւն սերմանել ազգի մէջ»,- շեշտել է Մեխակ Մխիթարեանը։
ՀՀ ԳԽ նախկին պատգամաւորի խօսքով՝ ապագան երիտասարդութեանն է, երիտասարդներն այսօր չպէտք է անտարբեր լինեն ազգային խնդիրների նկատմամբ, աւագ սերնդի առաջնորդութեամբ, նրանք պէտք է վերականգնեն հայ ազգի արժանապատւութիւնը։
«Ուսանողութիւնը, երիտասարդութիւնը պէտք է ոտքի կանգնի, չպէտք է այս իրավիճակին յարմարւող լինի։ Նրանց առաջնորդութիւնը պէտք է ստանձնեն անհատները, այսօրւայ 30 տարեկան երիտասարդները չեն տեսել այն դառնութիւնը, որը մենք կրել ենք 1988 թւականից սկսած։ Երիտասարդութիւնը պէտք է սկզբունքային լինի, ազգային գաղափարախօսութեամբ տոգորւած։
Ըստ իս, որեւէ շարժում չի կարող յաջողութեան հասնել, քանի դեռ մեր երիտասարդութիւնն այդ շարժմանը չի միացել ու իր խօսքն ասել, լոկոմոտիւը պէտք է երիտասարդութիւնը դառնայ»,- յաւելել է նա։
Նա նաեւ ընդգծել է՝ իւրաքանչիւր շարժման մէջ առնւազն 10 հազար հոգին պէտք է լինի երիտասարդութիւնը, այդ դէպքում հնարաւոր կը լինի ազատւել օրւայ իշխանութիւններից ու լուծել ազգային հարցերը։
Յիշեցնենք՝ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական նախկին ղեկավարութիւնը, մէկ տարուց աւելի է՝ գտնւում է ադրբեջանական գերութեան մէջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, նաեւ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։ Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դէմ սկսւած ռազմական գործողութիւններից յետոյ՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր յօդւածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկէտները մի քանի անգամ արդէն երկարաձգւել են։