Այսօր Բաքւում կը շարունակւի Արցախի նախկին ղեկավարների եւ քաղաքացիական անձանց դէմ շինծու մեղադրանքներով դատավարութիւնը
«ԱԼԻՔ» – Այսօր Բաքւի ռազմական դատարանում կը շարունակւի օկուպացւած Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչների եւ քաղաքացիական անձանց դէմ շինծու գործերով դատավարութիւնը: Նրանց մեղադրում են «ահաբեկչութեան», «ռազմական յանցագործութիւնների», «ցեղասպանութեան» եւ այլ «յանցանքների» համար:
Ինչպէս փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ այսօր քննարկւելու է խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդութիւնը։
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 16 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Յարութիւնեանը, Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, ԱԺ նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանը, Պաշտպանութեան բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դաւիթ Մանուկեանը, ԱԳ նախկին նախարար Դաւիթ Բաբայեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարեանը, Էրիկ Ղազարեանը, Դաւիթ Ալավերդեանը, Գուրգէն Ստեփանեանը, Լեւոն Բալայեանը, Մադաթ Բաբայեանը, Գարիկ Մարտիրոսեանը, Մելիքսէթ Փաշայեանը:
Ադրբեջանի գլխաւոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչեւ 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատւածում կատարւած «յանցագործութիւնների» առնչութեամբ գլխաւոր դատախազութեան եւ երկրի այլ քննչական մարմինների կողմից քննւած 1,389 քրէական գործերը միաւորւել են մէկ վարոյթում։