ԱԳ նախարարը այցելել է Քաբուլ
Օրակարգում՝ ջրային քաղաքականութիւնն է եւ աֆղան փախստականների խնդիրը
«ԱԼԻՔ» – Արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, գլխաւորելով քաղաքական-տնտեսական պատւիրակութիւն կիրակի՝ յունւարի 26-ին, մեկնել է Քաբուլ, ուր հանդիպել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Մոլաւի Ամիր Խան Մութթաղիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական համագործակցութեան, ջրային համատեղ ռեսուրսների օգտագործման, Իրանում աֆղան փախստականների կարգավիճակի, երկու երկրների ընդհանուր սահմանների անվտանգութեան եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ խնդիրներ։
Արաղչին կարեւորել է Աֆղանստանի հետ համագործակցութեան կարեւորութիւնը երկու ժողովուրդների շահերի ապահովման գործում, այդ թւում՝ շրջակայ միջավայրի ու ջրի, աֆղան փախստականների եւ ընդհանուր սահմանների անվտանգութեան հետ կապւած, եւ ընդգծել, որ Իրանը պատրաստ է ամրապնդելու երկու երկրների միջեւ յարաբերութիւնները բոլոր՝ տնտեսական, առեւտրային եւ յատկապէս մշակութային ոլորտներում։
Մոլաւի Ամիր Խան Մոթաղին եւս գնահատելով Իրանի ժողովրդի կողմից հինգ տասնամեակ շարունակ աֆղան փախստականների եւ ապաստան հայցողների հոգատարութիւնն ու հիւրընկալումը, նշել է, որ փախստականների վերադարձը Իսլամական Էմիրութեան առաջնահերթութիւններից է, հաշւի առնելով անվտանգային խնդիրների ու տնտեսական պայմանների բարելաւման փաստը:
Երկու երկրների միջեւ ջրային ռեսուրսների օգտագործման իրաւունքի հետ կապւած Մոթաղին նշել է. «Ջուրը պէտք է երկու ժողովուրդների միջեւ բարեկամութեան պահպանման եւ խթանման առիթը լինի: Աֆղանստանը հաւատարիմ է իրանական կողմի իրաւունքները յարգելու իր պարտաւորութիւններին: Ամբողջ տարածաշրջանը տառապում է երաշտից՝ կլիմայական փոփոխութեան պատճառով: Աֆղանստանը նոյնպէս երաշտի զոհ է: Այս առումով այլ խոչընդոտներ չկան, դա միայն առնչւում է տեղումների աւելացմանը, եւ մենք ակնկալում ենք, որ այս տարի, Աստծոյ կամօք, վիճակը կը փոխւի»։