Գեղամ Մանուկեան. «Փաշինեանը Փաշինեան չէր լինի, եթէ այստեղ էլ չստէր»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը Բէյրութից արւած ֆէյսբուքեան լայւում անդրադարձել է նախօրէին Նիկոլ Փաշինենաի կողմից Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին առնչւող մի շարք փաստաթղթերի հրապարակմանը:
Մանուկեանը մասնաւորապէս ասել է.
«Քիչ առաջ համացանցը միացրեցի եւ աչքս ընկաւ, որ Նիկոլ Փաշինեանը կարծես իր խոստումը կատարել է եւ հրապարակել է Արցախեան բանակցութիւնների հետ կապւած փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինեան, Նիկոլ Փաշինեան չէր լինի, եթէ այստեղ եւս չստէր, այստեղ եւս չմանիպուլացնէր։
Նախ ամբողջական թղթածրարները չէին, այդ փաստաթղթերի մեծ մասը կամ ամբողջը հրապարակւել են բացի մէկից՝ 2019 թւականի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը տեւական ժամանակ ընդդիմութեան կողմից կոչ էր արւում իշխանութիւններին հրապարակել։
Բոլոր փաստաթղթերում, այդ թւում 2019 թւի փաստաթղթում, խօսւել է Արցախի կարգավիճակի վերջնական որոշման եւ արցախահայութեան վճռահատման հիման վրայ որոշման մասին, եւ սուտ է Նիկոլ Փաշինեանը, որ բոլոր բանակցութիւններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացւող բանակցութիւններ են եղել։
Նիկոլ Փաշինեանը Նիկոլ Փաշինեան չէր լինի, եթէ չմանիպուլացներ։ Այս հրապարակւած փաստաթղթերում չկայ Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիօրէն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետութեանը եւ այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։ Փոխարէնը այսօր կառավարութիւնը հրապարակել է Նիկոլ Փաշինեանի թերթում ժամանակին հրապարակւած մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժւել է եւ հիմա իշխանութիւնները փորձում են մանիպուլացնել, թէ ժամանակին խօսւել է Մեղրին յանձնելու հարցը։
Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցաւօք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինեանը մերժեց եւ 2020 թւականին, հետագայում նաեւ 22-ին, եւ վերջնարդիւնքում 23-ին Արցախը հայաթափւեց հէնց այս իշխանութիւնների ձեռքով»:



