Տիգրան Աբրահամեան. «Պատերազմից 5 տարի անց պարտութեան պատասխանատուները ոչ թէ բանտում են, այլ յոխորտում են»

«ԱԼԻՔ» – 44-օրեայ պատերազմի ծանր հետեւանքները նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ կամ վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններով չեն սահմանափակւելու. դրանք տասնամեակներով ծանր ազդեցութիւն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձեւաւորւող անվտանգութեան միջավայրի, ինքնիշխանութեան եւ տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրայ: Այս մասին ԱԺ-ում յայտարարել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Հայաստանը կը յաղթահարի այս ընթացքը միայն այն դէպքում, եթէ պատերազմին նախորդած, բուն պատերազմի ու դրան յաջորդած ժամանակահատւածի դիւանագիտական, ռազմական, քաղաքական պայմանաւորւածութիւններն ու դրւագները մանրամասն վերլուծւեն ու հանրայնացւեն, իսկ մեղաւորները պատասխանատւութեան ենթարկւեն:
Հասկանալի է, որ դա գործող ռեժիմի իշխանավարման ընթացքում անհնար է ու դա պայմանաւորւած է ոչ միայն այս իշխանութեան՝ իրավիճակի բերումով ստանձնած կարգավիճակով, այլ նաեւ նրանով, որ այս 5 տարիների իրադարձութիւնները ցոյց են տւել, որ կառավարչի միակ նպատակը փաստերի ու իրական գործընթացների «սւաղումն» ու պատերազմի ողբերգական ելքն ըստ քաղաքական նպատակայարմարութեան օգտագործումն է: Պատերազմից 5 տարի անց պարտութեան գլխաւոր պատասխանատուները ոչ թէ բանտում են, այլ յոխորտում են, սպառնում են, շանտաժի ենթարկում սեփական հասարակութեանը եւ որպէս օրակարգ դիտարկում ոչ թէ պատերազմի հանգամանքների պարզումն ու դրանից բխող իրաւական գործընթացները, այլ իշխանութեան երկարաձգումը: Այս շղթայական պարտութիւնները մեր երկրին բերել եւ կանգնեցրել են մի կէտում, որտեղ բոլոր ընտրութիւնները վատի ու վատթարագոյնի միջեւ են:
Հայաստանի իշխանութիւնն իրականում շարժւում է «կախեալ Հայաստանի» կոնցեպտով, որտեղ առաջնայինը ոչ թէ երկրի պետական եւ ազգային շահերն են, այլ նեղ կուսակցականը: Գործող կառավարչին այլեւս հետաքրքիր չէ սեփական երկրի ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնն ու քաղաքացիների անվտանգութիւնը, որովհետեւ դա անորոշ հեռանկարով արդէն արտապատւիրակւած է երրորդ կողմին եւ որում ինքն ունի բացառապէս լուռ լսելու եւ կատարելու գործառոյթ»: Հաղորդում է News.am-ը:



