Թրամփի յաղթել է ԱՄՆ նախագահական ընտրութիւններում
«ԱԼԻՔ» – Հանրապետական Դոնալդ Թրամփը յաղթել է ԱՄՆ 60-րդ նախագահական ընտրութիւններում:
Թէեւ դեռեւս Դոնալդ Թրամփի յաղթանակի մասին պաշտօնական յայտարարութիւն չի արւել, այդուհանդերձ, նրա յաղթանակն արդէն կասկած չի յարուցում:
Վճռորոշ՝ այսպէս կոչւած 7 ճօճւող նահանգներից երեքում՝ Հիւսիսային Կարոլինայում, Ջորջիայում եւ Փնսիլւանիայում յաղթել է Դոնալդ Թրամփը, իսկ միւս 4 նահանգներում նոյնպէս առաջատար է:
Ճակատագրական է եղել յատկապէս Փենսիլւանիա նահանգի արդիւնքները, որն ընտրողների կոլեգիայում ունի 19 ձայն:
Նշենք, որ 2020 թւականի նախագահական ընտրութիւններում հէնց այս նահանգի արդիւնքներն ապահովեցին Ջօ Բայդէնի յաղթանակը:
Վերջին տւեալների համաձայն՝ ընտրողների կոլեգիայում Թրամփն արդէն ունի 277 ձայն, իսկ Հարրիսը՝ 226 ձայն (յաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն):
Թրամփն իր աջակիցների, այդ թւում՝ միլիարդատէր Իլոն Մասկի հետ գտնւում է Ֆլորիդայի «Մար ա Լագօ» կալւածքում, որտեղից հետեւել է ձայների հաշւարկի ընթացքին:
Նրա կողմնակիցներն արդէն տօնում են յաղթանակը: Թրամփը ելոյթ է ունեցել իր կողմնակիցների առջեւ: Նա նշել է, որ սա բացառիկ յաղթանակ է Ամերիկայի ժողովրդի համար, ինչը հնարաւորութիւն կընձեռի երկիրն առաջնորդել դէպի «Ոսկէ դարաշրջան»:
«Ամերիկայի ժողովրդի այս բացառիկ յաղթանակը մեզ հնարաւորութիւն է ընձեռելու երկրին վերադարձնել իր հզօրութիւնը»,- ասել է նա՝ հաւաստիացնելով, որ հաւատարիմ է մնալու իր բոլոր նախընտրական խոստումներին:
Նախագահական ընտրութիւններից բացի, ԱՄՆ-ում երէկ նաեւ Կոնգրեսի ընտրութիւններ են անցկացւել։
Նախնական տւեալները վկայում են այն մասին, որ Սենատում եւս յաղթել են Հանրապետականները: