Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այսօր էլ վտանգը չի հեռացել, եւ այդ, իբր, խաղաղութեան խաչմերուկը ժամանակ ձգելու համար է

Նոյմբերի 9-ի ողբերգական օրւայ մասին Yerkir.am զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Յովհաննիսեանի հետ։

Պարո՛ն Յովհաննիսեան, ողբերգական օրւայ խորհրդին անդրադառնանք ոչ թէ բազմիցս չարչրկւած իրաւաքաղաքական, այլ, այսպէս ասած, խոհերի ու մտորումների տեսանկիւնից: Եւ այսպէս՝ ճակատագրական նոյեմբերի 9-ից անցել է 4 տարի. վէրքերը ոչ միայն չեն սպիացել, այլեւ աւելի են խորացել: Նախ ի՞նչ զգացողութիւն էր Ձեր մօտ, երբ լսեցիք տխրահռչակ եռակողմ յայտարարութեան եւ շրջանները յանձնելու մասին: Այդ պահին ի՞նչ կարգավիճակում էիք պետական օղակներում, ֆիզիկապէս որտե՞ղ էիք:

– Ես այդ ժամանակ պետական օղակներում չեմ եղել եւ գտնւում էի Ստեփանակերտից 2-3 կմ հեռաւորութեան վրայ։ Երբ ասացին, որ այդպիսի բան է տեղի ունեցել, շոկ ապրեցի, շատ վատ ու ծանր վիճակում էի, քանի որ բազմաթիւ հարազատներ եւ ընկերներ էի կորցրել, նաեւ մարդիկ, որոնց ես շատ լաւ ճանաչում էի, գերի էին ընկել։ Ճիշտ է՝ փորձում էի պահել սառնասրտութիւնը, բայց, երբ կորցրել ես քո հայրենի բնակավայրը, եւ չկար Շուշին, եւ պէտք է հայրենքիդ մի հատւածը յանձնէին, բնականաբար, շատ ծանր ապրումներ էր։ Մենք լսում էինք, որ Կարմիր շուկայի հատւածում դեռեւս շարունակւում են մարտերը եւ զինադադարը անմիջապէս չեղաւ, շատ վատ զգացողութիւն էր, մեզ դաւաճանւած էինք զգում։

– 2020 թ. նոյմեբերի 9-ից մինչ 2023 թ. սեպտեմբեր ապրել եւ գործել էք Արցախում, յոյսով, որ նորից կամբողջանայ Արցախն ու կը վերանկախանայ: Սպասելի՞ էր Ձեր համար 2023-ի կտրուկ շրջադարձն ու Արցախի ամբողջական յանձնումհայաթափումը:

– Այն, որ իրավիճակը գնալով վատթարանում էր, դա մեր աչքի առաջ էր տեղի ունենում, առաջին տագնապները հենց 2022 թ․ մարտին տեղի ունեցած Քարագլուխ-Փառուխի դէպքերն էին, որոնք այսպէս ասած, առաջին ծիծեռնակներն էին, յետոյ 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի դէպքերը, նաեւ Սարիբաբա տեղանքում տեղի ունեցած իրադարձութիւնները, դրանից յետոյ Վանք գիւղի Նարեշտարի հատւածում ադրբեջանական զօրքերի առաջ գալը, դրանք բոլորը նախանշաններ էին, որ լաւ բան չի սպասւում, բայց, որ այսպէս կտրուկ հանգուցալուծում կը լինէր, անգամ վատ երազում չէինք կարող պատկերացնել, քանի որ բլոկադայի հովհարային անջատումների ժամանակ ինֆորմացիան շատ աւելի ուշ էր հասնում, տեղեկատւութեան պակասը անորոշութիւնը աւելացնում էր։ Սեպտեմբերին արդէն այդ տագնապը կար, եւ տեղի ունեցաւ այն ինչ տեղի ունեցաւ։

Հայ ժողովրդի մի հատւած կարծես չի ուզում խօսել Պրահայում Արցախը Ադրբեջանին յանձնած եւ հայութեան ցեղասպանութեան հիմքերը դրած ՀՀ իշխանութեան գործած մեղքերի մասին, եւ փորձում է մեղաւորներ փնտրել այլուր: Ըստ ձեզ ինչի՞ց հասանք այս օրւան:

– Դա արդէն պէտք է հայ ժողովուրդը մտածի, թէ ինչ իշխանութիւն է ընտրել, եւ եթէ դրանից դասեր չեն քաղում, էլ ի՞նչ կարող ենք ասել։ Եւ այսօր էլ վտանգը չի հեռացել,  եւ այդ, իբր, խաղաղութեան խաչմերուկը, դա ուղղակի ժամանակ ձգելու համար է։ Մարդիկ չեն ճանաչում Ադրբեջանին, մարդիկ չգիտեն թուրքի հոգեբանութիւնը եւ չգիտեն թուրքական դաւադրութիւնը, նենգութիւնն ու  խորամանկութիւնը, մտածում են, որ շուտով լաւ կը լինի, բայց յստակ կարող եմ ասել, որ, եթէ այսպէս շարունակւի, ոչ մի բան էլ լաւ չի լինի։ Այսօր մենք կանգնած ենք շատ լուրջ մարտահրաւէրների առջեւ, անընդհատ եւ ամենուր մանիպուլացիա են անում, որ լաւ է լինելու, բայց ոչինչ էլ լաւ չի լինի։

– 2018-2020  թթ. եղել էք Արցախի Հանրապետութեան, մշակոյթի,երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար, ինչպէս 44-օրեայ պատերազմից յետոյ, այնպէս էլ Արցախի ամբողջական յանձնման օրերին գործուն մասնակցութիւն էք ունեցել Արցախի մշակութային արժէքները փրկելու նախաձեռնութիւններին: Պարզ է՝ շատ արժէքներ ու յուշարձաններ անհնար էր փրկել: Ըստ ձեզ՝ Ադրբեջանն այս անգամ մինչեւ վերջ կոչնչացնի՞ հայկական հետքը, ելնելով վրէժխնդրութեան մոլուցքից, թէ՞, այնուամենայնիւ, միջազգային ճնշմամբ կամ ինչինչ նկատառումներով  որոշակի հատւած կը պահպանւի:

– Ադրբեջանը շերտաւորւած քաղաքականութիւն է վարում, այսինքն իւրացման, որոշ յուշարձանների իսլամացման քաղաքականութիւն, եւ ինչ քաղաքականութիւն էլ վարի, դա միջազգային կոնւենցիաների խախտում է, այսինքն, Ադրբեջանը անցել է բոլոր կարմիր գծերը։ Այսօր միջազգային հանրութեան վրայ յոյս չեմ դնում, որովհետեւ բազմաթիւ յուշարձաններ դեռեւս 2021-2022 թւականներից, երբ Արցախի օկուպացւած տարածքներում ոչնչացւում էին, եւ մշակութային ժառանգութիւնն էր վերացւում, նոյն այդ կառոյցները որեւէ գործուն քայլ չեն ձեռնարկել, բացառութեամբ մի քանի յայտարարութիւնների՝ մշակութային ժառանգութիւնները փրկելու ուղղութեամբ։ Եւ  այսօր էլ Ադրբեջանը դրանից օգտւած էլի սանձարձակ է պահում իրեն, եւ ամէն ինչ անում է, որ հայկական հետքը, հայկական ինքնութիւն խորհրդանշող յուշարձանները ոչնչացւեն։ Երբ բացում ենք Ադրբեջանի մշակութային կայքէջը, ապա արդէն իսկ առաջին էջից պարզ է դառնում, թէ ինչպիսի քաղաքականութիւն են վարում. ոչ միայն ոչնչացնում եւ արմատախիլ են անում մեր ժառանգութիւնը, այլ նաեւ սկսել են գիւղերի իսլամացման գործընթացը, օրինակ «Գուգլ» ծրագրով բացում ենք, եւ գիւղերի սովորական մարդկանց տեների վրայ դրւած է մզկիթի նշանը։ Նաեւ իրականացնում են բնակավայրերի իսպառ ոչնչացում, յատկապէս Քարինտակը ամբողջովին հողին է հաւասարեցւած։ Ադրբեջանը շարունակելու է այս քաղաքականութիւնը, եթէ ձեռքը բռնող չլինի, եւ, ինչպէս տեսնում ենք, չկայ ձեռքը բռնող։

Իբրեւ գիտնականազգագրագէտ, Արցախի Հանրապետութեան ազգային ատլասի ստեղծողներից էք, այսինքն՝ պեութեան, պետականութեան խորհուրդն լաւագոյնս գիտակցողներից էք եղել: Ի՞նչ զգացողութիւն էր, երբ նւիրական այդ արժէքներն ուղղակի յանձնւեցին թշնամուն:

– Չեմ սիրում իմ զգացողութիւններից խօսել, ես իմ գործն եմ կատարում, միշտ ելոյթներ եմ ունենում տարբեր ատեաններից, պարբերաբար խօսում եմ մշակութային ժառանգութեան նետւած մարտահրաւէրների մասին, որպէսզի կարողանանք ինչ-որ ձեւ գոնէ մի մասը փրկել, բայց, ցաւօք սրտի, մեր ջանքերը յաջողութիւն չեն ունենում։ Չենք վհատւում, չենք յուսահատւում, պայքարը շարունակւում է, բայց քանի գնում, այնքան շանսերը նւազում են։

Որքան էլ դժւար է՝ մի քանի բառ Ձեր անձնական ողբերգութեան մասին: Տոհմիկ քարիտակցի էք, ում գիւղը հիմնովին ոչնչացւել է վերջին շրջանում: Ձեր հայրը մահացաւ՝ գիւղ վերադարձի սպասումով: Ի՞նչ էր հերոսական Քարինտակը Ձեր համար, եւ ի՞նչ է պէտք, որ հայոց ազգային օրակարգում կրկին տեղ գտնի ՔարինտակՇուշին ազատագրելու ծրագիրը:

– Մեր ծննդավայրի ոչնչացումը  բոլոր քարինտակցիների անձնական ողբերգութիւնն է, առաւել եւս, երբ գիւղի գերեզմանոցում է ամփոփւած քո հարազատ հօրեղբայրների, հօրեղբօր տղայի, եղբօր եւ համագիւղացիների, հարազատների, բարեկամների յուշարձանները, որոնք Արցախեան առաջին ազատամարտում  հերոսական քայլեր են կատարել գիւղը եւ Արցախը  պաշպանելիս։ Այսպէս ասած,  մեր գերեզմանները անտէր թողեցինք, ի՞նչ զգացողութիւններ պէտք է ունենայ մարդ դրանից, շատ ծանր է ինձ համար, մեծ ողբերգութիւն եմ ապրել, քանի որ հէնց Յովհաննիսեան ընտանիքից պատերազմների արդիւնքում կորցրել ենք 7 հոգի տարբեր 3 սերունդներից։ Ես խոնարհւում եմ նաեւ Քարինտակի իմ հերոսական ժողովրդի առջեւ, որոնց դիմադրութիւնը թշնամուն 1992 թ. սկզբին դարձաւ Շուշիի ազատագրման նախերգանքը: Քարինտակը Շուշի բերդաքաղաքի դարպասն է: Ադրբեջանն այդչափ մոլեգին կերպով ոչնչացրեց հէնց Քարինտակը, քանի որ գիւղն ու նրա հերոսական ժողովուրդը թշնամու համար Շուշիի կորստի, ստորացուցիչ պարտութիւնների խորհրդանիշն էր:  

Եւ վերջում՝ ի՞նչ զգացողութիւն էր, երբ հարկադիր բռնագաղթի օրը վերջին անգամ Շուշիի բարձունքից հետ նայեցիք Ստեփանակերտին ու դէպի ներքեւ՝ հայրենի Քարինտակին:

– Ահաւոր ծանր էր, ես ինձ մի կերպ զսպեցի, որ չգոռամ, այն մեքենայով, որ գնում էինք, կին կար, եւ դրա համար ես ինձ զսպեցի, որպէսզի էմոցիաներիս տուրք չտամ, դա իմ ցաւոտ տեղն է, չեմ ուզում դրա մասին խօսել։

Arfd.am

Related Articles

Back to top button