Սոյն թւականի նոյեմբերի 4-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը այցելելով Փերիոյ գաւառի Բոլորան հայաբնակ գիւղ, Ս. Ղուկաս եկեղեցում հանդիպում ունեցաւ տեղացիների հետ։
Սոյն հանդիպմանը, որին ներկայ էին նաեւ Բուին-Միանդաշտի գաւառապետ ճրտ. Մաասումին եւ այլ պատասխանատուներ, քննարկւեցին գիւղի բնակիչների դժւարութիւնները եւ խօսւեց դրանց լուծման ձեւերի մասին, այնուհետեւ գաւառապետը շնորհակալութիւն յայտնեց պրն. Մանսուրեանին՝ երկրի պետական բիւջէից 6 միլիարդ թուման Բոլորան գիւղի զարգացման գործին տրամադրելու կապակցութեամբ։
Գեղարդ Մանսուրեանը տեղեկացրեց, որ այս բիւջէի 3.5 միլիարդ թումանը յատկացւելու է «Թարհէ Հադի» ծրագրին, որով աշխատանք է տարւելու գիւղի կարիքները բաւարարելու եւ բնակիչների կեանքի որակը բարձրացնելու ուղղութեամբ, իսկ մնացեալ 2.5 միլիարդը ծառայելու է ճանապարհաշինութեան ոլորտին՝ գիւղից դէպի մայրուղի տանող ճանապարհի վերանորոգման եւ անվտանգութեան ապահովման ուղղութեամբ։
Թղթակից (Նոր Ջուղա)