Եւրոպական խորհրդարանի 52 պատգամաւորներ, ի թիւս այլնի, պահանջում են հայ գերիների ազատ արձակումը
Վերջին շրջանում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում ծաւալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP29-ին ընդառաջ, միտւած էին բարձրացնելու նրանց իրազեկւածութիւնը Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ բնապահպանական խնդիրների վերաբերեալ։ Կատարւած աշխատանքների արդիւնքում Եւրոպական խորհրդարանի թւով 52 պատգամաւորներ ստորագրել են յայտարարութիւն, որով Ադրբեջանին կոչ են անում անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխաւորել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացւած տարածքներից։
Յայտարարութիւնը ստորագրած պատգամաւորները ներկայացնում են Եւրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաեւ անկախ պատգամաւորներ։
Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից ընդունւած յայտարարութեան առթիւ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը նկատել է․
«Եւրոպական խորհրդարանի անդամների այս կոչը յստակ ազդանշան է՝ ուղղւած թէ՛ Ադրբեջանին, թէ՛ ԵՄ ղեկավարութեանը COP29-ից անմիջապէս առաջ։ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը շարունակաբար աշխատում է խորհրդարանի անդամների հետ՝ յայտարարութեան մէջ ընդգրկւած հարցերի վերաբերեալ, եւ մենք երախտապարտ ենք նրանց, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանին առհասարակ՝ արդարութեան ձայնը լինելու համար։ Աւելորդ է ասել, որ Հայ Դատի գրասենեակը, որպէս եւրոպական համայնքային կազմակերպութիւն, կը շարունակի աշխատել, որպէսզի հաշւէտւողականութեան եւ ազդեցիկ քայլերի մղի ԵՄ գործադիր իշխանութիւններին։
Ստորեւ ներկայացնում ենք յայտարարութեան հայերէն թարգմանութիւնն ամբողջութեամբ.
Յայտարարութիւն Բաքւում կայանալիք COP29-ին ընդառաջ
2024 թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բացի կլիմայի վերաբերեալ ազդեցիկ եւ նշանակալից համաժողով լինելուց, այն նաեւ իր մէջ ներառում է հաւատարմութիւն արդարութեան եւ մարդկային արժանապատւութեան սկզբունքներին: Ուստի ընդունող երկրի, այս դէպքում՝ Ադրբեջանի համար պէտք է առաջնեհրթ նշանակութիւն լինի հաւատարմութիւնն այս սկզբունքներին:
Համաձայն Եւրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ մայիսից ընդունւած համապատասխան բանաձեւերի եւ զեկոյցների՝ մենք Ադրբեջանի կառավարութեանը կոչ ենք անում.
– Անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել Բաքւում պահւող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին եւ գերիներին, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
– Ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը, ներառեալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի եւ զերծ «ալբանացումից», ինչպէս նաեւ պատմութեան վերախմբագրումից:
– Ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետութեան դէմ սպառնալիքներից եւ ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետութեան օկուպացւած տարածքներից։
Աւելին, մենք ԵՄ խորհրդին, յանձնաժողովին, ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցչին կոչ ենք անում հաշւի առնել Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունւած վերոյիշեալ բանաձեւերն եւ գործել դրանց ոգուն համապատասխան։
Arfd.am