Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Աշոտեան. «Այս հրէշաւոր օպերացիան դեռեւս չի աւարտւել»

«ԱԼԻՔ» – Արմէն Աշոտեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. «Որքան հոգեւոր են ժողովուրդները, այնքան աւելի ազգային են նրանք, իսկ Փաշինեանն ազգայինի ոխերիմ ախոյեանն է:

«Արարատն ընդդէմ Արագածի» արհեստական, հիմարագոյն եւ վտանգաւոր հակադրութիւնը նոյնն է, ինչ կռւացնել եղածը կորցրածի հետ:

Եւ սա անթաքոյց անբարոյ է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպէս չես կարող մոռանալ պատանդ ընկած աւագ որդուդ, հրաժարւել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից եւ դա հիմնաւորել կրտսերին սիրելու ցնորքով:

Կարելի է եւ պէտք է սիրել մէկին եւ չմոռանալ միւսին, քանզի երկուսն էլ քոնն են:

Յայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպէս եղաւ հայերիս հետ Արցախեան առաջին պատերազմի յաղթական աւարտից յետոյ:

Սակայն ճիշտ է նաեւ հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, եւ 44-օրեայ պատերազմի ողբերգական աւարտից յետոյ հայ ազգը կրկին ժողովուրդ դարձաւ:

Իսկ դրանից յետոյ մեր դէմ շարունակւող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրութիւնը եւ Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ աւելի ցածր մակարդակի՝ բնակչութեան:

Փաշինեանի բոլոր ջանքերը միտւած են մեզ՝ որպէս էթնիկ խումբ, հէնց այս մակարդակում զմռսելուն, թոյլ չտալու ինքնութեան բարձր մակարդակի վերակենդանացում:

Ինչո՞ւ՝ կը հարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրայ է: Դեռեւս Սեմուէլ Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնութիւնից, եւ որքան ցածր լինի մեր ինքնութեան մակարդակը, այնքան պրիմիտիւ կը լինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, եւ այդքան հեշտ ու էժան կը վաճառի նա մեզ համաշխարհային գէոպոլիտիկ շուկայում:

Արդիւնքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծութեամբ դարձած մարդն այդ նոյն ազգին 5 տարւայ ընթացքում հասցրեց բնակչութեան մակարդակի եւ հեռանալու փոխարէն՝ փորձում է փոխել 4500 տարւայ պատմութիւն ունեցող էթնոսի «ես»-ը:

Այս հրէշաւոր օպերացիան դեռեւս չի աւարտւել, եւ զոհը դեռեւս փրկւելու եւ ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգութիւն կը լինի, եթէ ազգի «կոդերը» փոխելն աւելի հեշտ լինի, քան Փաշինեանին:
Յուդային՝ դաւաճանութեամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հաւասարւած Նիկոլը վաղուց անյոյս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:

(Հատւածներ PostNikol իմ բանտային յօդւածաշարից)»:

Related Articles

Back to top button