Թոնի Սանդէլ. «ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի եւ դրան առնչւող հաստատութիւնների լուծարման գործընթացը»

«ԱԼԻՔ» – Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ) սկսել է Մինսկի խմբի եւ դրան առնչւող հաստատութիւնների լուծարման գործընթացը, ադրբեջանական Report գործակալութեանը յայտնել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահութեան աշխատանքային խմբի խօսնակ եւ տեղակալ Թոնի Սանդէլը։
«Կազմակերպութեան քարտուղարութիւնն արդէն սկսել է գործնական քայլեր՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշումը կատարելու համար, որն ի պատասխան ընդունւել է Ադրբեջանի եւ Հայաստանի կոչին։ Քարտուղարութիւնը քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացն աւարտելու եւ դրան առնչւող կառոյցները լուծարելու համար։ Դա վերաբերում է անձնակազմի հարցերին, արխիւային նիւթերին եւ վարչարարութեանը։ Մինչեւ գործընթացի վերջնական աւարտը, որը պէտք է արւի ոչ ուշ, քան այս տարւայ դեկտեմբերի 1-ը, կիրականացւեն միայն տեխնիկական գործառոյթներ, մասնաւորապէս՝ գոյքի եւ սարքաւորումների փոխանցում»,- նշել է Սանդէլը։
Ըստ նրա՝ աշխատանքը վերաբերում է մի քանի ոլորտների, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմին, բարձր մակարդակի պլանաւորման խմբին, ինչպէս նաեւ փաստաթղթերի եւ արխիւների կառավարմանը։