ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն Անվտանգութեան խորհրդի բարեփոխման կարիք է տեսնում

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշն անհրաժեշտութիւն է համարել Անվտանգութեան խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թւականի, ոչ թէ ժամանակակից աշխարհի իրողութիւնները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմութեան եւ արդիւնաւէտութեան հարցում։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպէս փոխանցում է ՏԱՍՍ-ը, Անտոնիօ Գուտերէշը նման համոզմունք է յայտնել լրագրողների հետ զրոյցում՝ մեկնաբանելով կազմակերպութեան բարեփոխման անհրաժեշտութեան հարցը։

«Անվտանգութեան խորհրդի բարեփոխումը լիովին իմաստ ունի։ Անվտանգութեան խորհուրդն ունի կազմ, որը չի համապատասխանում ժամանակակից աշխարհին։ Այն համապատասխանում է 1945 թւականի աշխարհին եւ սա ստեղծում է ոչ միայն լեգիտիմութեան, այլեւ արդիւնաւէտութեան խնդիր»,- ասել է Գուտերէշը։

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նշել է, որ համակրանքով է մօտենում, մասնաւորապէս՝ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկներին՝ վետոյի իրաւունքը սահմանափակելու վերաբերեալ, յատկապէս՝ մարդու իրաւունքների զանգւածային խախտումների դէպքերում։ 

Նա ընդգծել է, որ ինքը առաջին գլխաւոր քարտուղարն է, ով անընդհատ խօսում է Անվտանգութեան խորհրդի բարեփոխման անհրաժեշտութեան մասին։

Գուտերէշը նշել է, որ բարեփոխումների հարցում առաջընթաց է գրանցւել։

«Այժմ կայ մի յանձնաժողով, որը լրջօրէն աշխատում է, եւ մի քանի երկրներ, նոյնիսկ մշտական ​​հնգեակից, ընդունել են, որ Աֆրիկան ​​պէտք է ունենայ մշտական ​​անդամակցութեան իրաւունք»,-յայտնել է նա՝ յիշեցնելով, որ բարեփոխումների եւ վետոյի իրաւունքի վերաբերեալ վերջնական որոշումը կարող են կայացնել միայն անդամ պետութիւնները։

Related Articles

Back to top button