ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանի. «Մեր յարաբերութիւնների առաջընթացի գնացքը միշտ շարժւում է, եւ ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել»

«ԱԼԻՔ» – «Անցած տարիների ընթացքում, երբ տարածաշրջանն ու յարաբերութիւնները համակւած էին բարձր զգայունութեամբ, մեզ յաջողւեց ընդհանուր եւ բարձր ըմբռնումով բարձրացնել մեր միջեւ քաղաքական յարաբերութիւնների եւ փոխգործակցութեան մակարդակը»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Այն օրերին, երբ մեր երկու երկրները միմեանց կարիքն ունէին, մենք միմեանց աջակցեցինք եւ իրական իմաստ հաղորդեցինք բարիդրացիական քաղաքականութեանը։

Իրանը միշտ իր վճռականութիւնն է յայտնել Հայաստանի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը, բարձրաձայնել սահմանների անձեռնմխելիութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխութեան անթոյլատրելիութեան մասին։ Իրանը շարունակելու է կանգնել այս դիրքորոշման վրայ։

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնը շարունակել է աճել։ Ըստ պաշտօնական վիճակագրութեան, առեւտուրը այս տարի կը հատի 900 մլն դոլարի շեմը։ Մեզ յաջողւեց երկարաձգել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ռազմավարական համաձայնագիրը մինչեւ 2030 թւականը, եւ ընդլայնել մեր ռազմավարական կապը էներգետիկայի ոլորտում։

Մեզ յաջողւեց «Հիւսիս–Հարաւի» շրջանակում մեկնարկել Ագարակ-Քաջարան ճանապարհի նախագծի շինարարական աշխատանքները, որտեղ զգալի առաջընթաց է արձանագրւել եւ ես յայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կաւարտենք նախատեսւած ժամկէտից շուտ»,- ասել է դեսպանը:

 

Բոլոր ծրագրերի իրագործումից յետոյ Հայաստանը կեռապատկի էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան

Անդրադառնալով երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցութեանը, դեսպան Սոբհանին նշել է, որ իրանական կողմին յաջողւել է մեծ թափ հաղորդել երրորդ էլեկտրոհաղորդման գծի աշխատանքներին, եւ այս նախագիծն այժմ գտնւում է իր եզրափակիչ փուլում՝ 92% առաջընթացով:

«Երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումից յետոյ մենք Հայաստանից առաջին փուլով 200 մեգավատ  էլեկտրաէներգիա կը ստանանք։ Նաեւ Նորաւանի 400 կլիովատանոց ենթակայանի շահագործման յանձնելուց յետոյ է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալը կը հասնի 700 մեգավատի։ Այս թւի մէջ չի մտնում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով ստացւող 300 մեգավատ էլեկտրաէներգիան։

Երբ արդէն այդ էլեկտրահաղորդման գիծը իրանական ցանցին միանայ, մենք 200 մեգավատ էլեկտրաէներգիա կարող ենք արտահանել, իսկ տրանսֆորմատորների տեղադրումից յետոյ այդ ենթակայանի հզօրութիւնը կը լինի 400 կիլովատ։ Դրա արդիւնքում Հայաստանից 700 մեգավատ էլեկտրաէներգիա կարտահանւի։ Այսպիսով այդ ամենից յետոյ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալը կը հասնի մօտ 1000 մեգավատի։ Այնպէս որ խօսքը ոչ թէ կրկնապատկելու, այլ եռապատկելու մասին է»,- ասել է նա:

 

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցութիւնը որեւէ այլ երկրի դէմ չէ

Մեհդի Սոբհանին անդրադարձ է կատարել նաեւ Թեհրանի եւ Երեւանի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցութեանը:

«Անցեալ տարի ՀՀ պաշտպանութեան նախարարն այցելեց Իրան, իսկ այս տարի Իրանի պաշտպանութեան նախարարը 17 տարւայ ընդմիջումից յետոյ այցելեց Հայաստան, ինչը նշանակում է, որ պաշտպանութեան ոլորտում հայ-իրանական համագործակցութիւնը զարգացել է։

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցութիւնը որեւէ այլ երկրի դէմ չէ։ Դա Հայաստանի հնարաւորութիւններն ամրապնդելու համար է, որպէսզի կարողանայ պաշտպանել իրեն։ Դա միայն տարածաշրջանում կայունութիւնն ամրապնդելու համար է։ Սա յստակ ու պարզ տեսլական է»,- նշել է նա:

 

Վաշինգտոնեան փաստաթղթում կան անհասկանալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ չեն եղել

Դեսպանը անդրադարձ է կատարել նաեւ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Իրանի միջեւ նախաստորագրւած փաստաթղթին՝ նշելով, որ դրանում կան անհասկանալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ չեն եղել:

«Այն, ինչ տեղի ունեցաւ Վաշինգտոնում, մի մասը վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի նախաստորագրմանը, որին մենք միշտ աջակցել ենք, այժմ էլ մեր աջակցութիւն ենք յայտնում եւ ողջունում ենք այն։

Այդ յայտարարութեան մէջ զետեղւած եւ ընդգծւած է 5 սկզբունք։ Դրանք այն սկզբունքներն են, որոնց միշտ մենք աջակցել ենք։ Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, փոխադարձութեան սկզբունքը, իրաւազօրութիւնը եւ սահմանների անխախտելիութիւնը։

Իհարկէ, այնտեղ կային նաեւ անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների եւ զրոյցների ընթացքում կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան։ Անհասկանալի պահերը վերաբերում են այն մանրամասներին, որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել։

Սակայն այն ինչը կարող եմ յստակ այսօր ընդգծել հետեւեալն է, որ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը եւ իշխանութիւնները յստակօրէն յայտարարել են, որ որեւիցէ գործողութիւն կամ քայլեր չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրների շահերից։

Մենք շատ սերտ կապերի մէջ ենք Հայաստանի իշխանութիւնների հետ, որպէսզի այդ քննարկումների եւ հանդիպումների ժամանակ մենք տեղեկացւած լինենք այն մանրամասների վերաբերեալ, որոնք հետագայում կը խօսւեն։ Սակայն երկու երկրների իշխանութիւնների միջեւ կայ ընդհանուր փոխըմբռնում»,- ընդգծել է նա:

 

Կեցցէ Հայաստանը, կեցցէ Իրանը

Ասուլիսի ժամանակ, Մեհդի Սոբհանին չի շրջանցել երկու երկրների միջեւ մշակութայի յարաբերութիւնների թեման: Այդ շրջանակում, նա յատուկ կարեւորել է Հայաստանում պարսկերէն լեզւի տարածումը:

«Մեզ յաջողւեց խթանել Հայաստանում պարսկերէն լեզւի տարածումը, որը խաղաղութեան, քաղաքավարութեան, բարութեան եւ բարեկամութեան լեզուն է եւ պարսկերէն լեզւի ու այն ուսումնասիրողների միջոցով կամուրջ կառուցել երկու երկրների ժողովուրդների մշակութային մերձեցման եւ բարեկամութեան համար։ Մեզ յաջողւեց ամրապնդել Հայաստանում Իրանագիտութիւնը, որը տոգորւած է Իրանի նկատմամբ սիրով։

Այսօր կարելի է վստահօրէն ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը գործընկերներ, հարեւաններ եւ իսկական բարեկամներ են, եւ այս բարեկամութեան խորհրդանիշը յստակօրէն արտացոլւած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի կողմից ինձ շնորհւած բարեկամութեան եւ պատւոյ շքանշաններում։

Մեր յարաբերութիւնների առաջընթացի գնացքը միշտ շարժւում է, եւ ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել»,- ասել է դեսպանը եւ իր խօսքն աւարտել է  հայերէն՝ «Կեցցէ Հայաստանը, կեցցէ Իրանը» բառերով։

Related Articles

Back to top button