Իսրայէլի ռազմական կաբինետը մի քանի ժամ քննարկել է Իրանի յարձակման պատասխանը եւ դեռ որոշում չի կայացրել
Մի քանի ժամ տեւած քննարկումներից յետոյ Իսրայէլի ռազմական կաբինետը դեռեւս որոշում չի կայացրել, թէ ինչպէս եւ երբ է արձագանգելու Իրանի յարձակմանը։
Նախարարներն առանց որոշում կայացնելու ընդհատել են իրենց քննարկումը: Հաղորդում է իսրայէլական 12-րդ ալիքը։
Ըստ իսրայէլական լրատւամիջոցների բազմաթիւ հաղորդումների՝ ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը եւ «Ազգային միասնութիւն» կուսակցութեան անդամ Գադի Այզենկոտը՝ ռազմական կաբինետի դիտորդը, առաջարկել են հակահարւած տալ Իրանին:
Առաջարկին կտրականապէս դէմ են արտայայտւել պաշտպանութեան նախարար Եոաւ Գալանտը, Իսրայէլի պաշտպանութեան բանակի հրամանատար Հերզի Հալեւին եւ այլոք:
Իսրայէլի պատասխանի ժամանակի եւ բնոյթի վերաբերեալ քննարկումներում Նեթանիահուի դիրքորոշումը պարզ չէ:
Ընդորում, 12-րդ ալիքը պնդում է, որ ԱՄՆ-ն չի փորձել վետօ դնել Իսրայէլի որեւէ պատասխան գործողութեան վրայ, այլ՝ Իսրայէլին ասել է, որ ցանկացած նման պատասխանի մասին անհրաժեշտ է նախապէս իմանալ եւ համակարգել գործողութիւնները: Վաշինգտոնը հրապարակայնօրէն յայտարարել է, որ չի մասնակցելու Իրանի դէմ Իսրայէլի որեւէ պատասխան գործողութեան։
12-րդ ալիքը նաեւ պնդում է, որ Իսրայէլը փորձում է պարզել, թէ արդեօք զսպւածութեան դիմաց նա կարո՞ղ է ինչ-որ «ռազմավարական պայմանագիր» կնքել ԱՄՆ-ի հետ Իրանի դէմ՝ առանց պարտաւորութիւն վերցնելու այնպիսի հարցով, ինչպիսին Պաղեստինի հարցն է:
News.am