ԱԿՆԱՐԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԾԻԱԾԱՆՆԵՐԻ ԵՂԱՆԱԿԸ

ՀԱՏԻՍ
«Այնտեղ, ուր կայ պատերազմ, կայ կիսատ մնացած ինչ-որ բան՝ մանկութիւն, սէր, երազանք, կեանք…Մարդը շարունակում է ապրել՝ իր մէջ կրելով կիսատը, որը ոչ մի բանով լրացնել, ամբողջացնել հնարաւոր չէ: Մարդը պատերազմ չի ուզում, բայց պատերազմը «յարմարւել է» մարդուն…»: Արցախցի գրող-արձակագիր Հերմինէ Աւագեանի «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…» գրքի ասելիքն ամբողջացնող նռան հատիկների պէս տողերը, համարէք իւրաքանչիւր հային ծանօթ կոտրւած հայելու բեկորներ:
Եւ այսպէս սեպտեմբերից Արցախում սկսւում է ծիածանով երկնքի եղանակը: Արեւախառն ու տեւական անձրեւներ, ու մէկ էլ երկնքում եռագոյն ու կամարաձեւ գունաւոր բացւածք:
Իսկ 2020 թւականի սեպտեմբերի նոյն այս օրւանից սկսած, այդ երկնային եռագոյնը երբեւէ այսքան սեւ չի եղել:
Վերջին մի քանի տասնամեակների ընթացքում պատերազմը կտրուկ փոխւել է՝ հեռանալով աւանդական պատերազմի ֆիզիկական սպառնալիքներից։
Պատերազմն այժմ շարժւում է դէպի սոցիալական եւ գաղափարախօսական սպառնալիքներ, որոնք առաջանում են զանգւածային լրատւամիջոցների եւ տեխնոլոգիական առաջընթացի տարածման հետեւանքով։ Այս նոր տեսակի պատերազմի ի յայտ գալը նման չէ նախկինում տեսածին, եւ դրա հասանելիութիւնն ու ազդեցութեան մակարդակը այն դարձնում են շատ աւելի վտանգաւոր, քան նախորդները։ Պատերազմի այս նոր եղանակը կարելի է անւանել թմբիր պարտադրող «ճանաչողական պատերազմ»: Հետեւաբար, դրա հայեցակարգն ու բնոյթը, ինչպէս նաեւ դրա տարբերութիւնները աւանդական պատերազմներից հասկանալը կարեւոր է՝ ապագայ սպառնալիքներին հակազդելու եւ խոցելիութիւնը նւազեցնելու համար։
Ճանաչողական պատերազմը իրականացւում է մտածողութիւնը կառավարելու եւ որոշումների կայացման վրայ ազդելու նպատակով։ Այս պատերազմում թիրախ հասարակութիւնը դադարում է մտածելուց, պառակտւում է եւ սկսում է տառապել գիտելիքի պատրանքից, եւ սկսում գործել իր սեփական սխալ որոշումների ուղղութեամբ, արդիւնքում, անխուսափելիօրէն կը հանգեցնի նրա պարտութեանը։
Սակայն պատերազմի հետեւանքներից մէկն այն է, որ մարդիկ յուսահատւում են։ Պատերազմը չի որոշում, թէ ով է ճիշտ, այլ միայն՝ ով է մնում։ Եւ կայ անհերքելի մի իրականաութիւն եւս, այն, որ պատերազմից խուսափելու ամենաապահով ճանապարհը դրանից չվախենալն է:
Եւ բացարձակ ճշմարտութիւն է, որ աշխարհն ունի տարօրինակ, դառը հեգնանք: Նոբէլեան խաղաղութեան մրցանակը վճարւում է դինամիտի գիւտի ու արտադրութեան շահոյթից…
…Արցախը փորձում են դարձնել հայրենասիրութեան գերեզման, ու վերջն էլ չհասկացան, որ հայրենասիրութիւնն այն անհետ կորած հերոսն է, ում աչքերն առյաւէտ երկնքին հառած, հիմա ծիածանն է վայելում Արցախից Արարատ գծւած:
Յաղթանակների ճանապարհն ու երկնային երանգը մարել չեն կարող, ո՛չ արծրունները, ո՛չ էլ փաշաները…
Վիպակի տողերով սկսածն աւարտենք անյայտ գրչի ցաւը նկարագրող պոէզիայով:
Իւրաքանչիւր զինւոր իր համազգեստի կոճակների տակ/մի կին է տարել մարտադաշտ/պատերազմի զոհերի մասին թւերը/միշտ սխալ է /իւրաքանչիւր գնդակ երկու կեանք է խլում/զինւորը, եւ այն աղջիկը, որն անդադար հարւածում է իր կրծքին…