Արցախում Ադրբեջանը հետեւողականօրէն nչնչացնnւմ է հայկական պատմամշակութային ժառանգութիւնը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը մշտապէս իր ենթակայութեան տակ գտնւող տարածքներում հետեւողականօրէն ոչնչացրել է հայկական մշակութային կոթողները, եկեղեցիներն ու յուշարձանները, իսկ 44-օրեայ պատերազմից յետոյ այդ յանցաւոր գործելակերպը ստացաւ աւելի մասսայական բնոյթ։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան առանձին կտորներ վերջին շրջանում նոյնպէս ոչնչացւել են ադրբեջանցի վանդալների կողմից։
Բոլոր տարածքներում կան աւերւած ու պղծւած եկեղեցիներ, յուշարձաններ։ Դրանց թւում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ Ժամը, Հադրութի Մոխրենիս գիւղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնայատակ աւերւել է, իսկ Բերձորի Սուրբ Յարութիւն եկեղեցին վերածւել է մզկիթի։
Ադրբեջանցիների վայրագութիւնները պայմանաւորւած են այն հանգամանքով, որ կայ յստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարութեան կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամէնը, ինչ հայկական է, իսկ եթէ հնարաւոր չէ մեր կարեւորագոյն յուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջեւ վերացնել, դրանք ներկայացնում են որպէս ոչ հայկական։ Փաստացի սա նոյն քաղաքականութեան շարունակութիւնն է, որի նպատակն իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպէս, ինչպէս ժամանակին արեցին Նախիջեւանում, որտեղ այսօր որեւէ հայկական եկեղեցի, պատմամշակութային յուշարձան, հայկական արձանագրութիւն չի մնացել։
Ստորեւ բերւած օրինակներն ասւածի լաւագոյն ապացոյցն են։
Վանդալիզմի ամենավառ դէպքերից է Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցին, որը գտնւում է Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհին։ Ադրբեջանական Experience Azerbaijan աքաունթը X հարթակում հրապարակել է տեսանիւթ, որտեղ երեւում է, թէ ինչպէս են գմբէթի խաչը հանում եկեղեցուց։
Քարվաճառի շրջանի Ծար գիւղի Սուրբ Սարգիս եւ Սուրբ Գրիգոր եկեղեցիները դարձան ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդէն սկսւել են շինարարական աշխատանքները, հանւել է Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը՝ արձանագրութիւններով քարերից մէկը, եւ եկեղեցու տարածքում նոյնպէս խաչքարերի բեկորներ չկան։
Ադրբեջանական վանդալիզմի յաջորդ զոհը Ստեփանակերտի Անդրանիկի փողոցի յուշարձանն է։
Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի հերթական օրինակը ցուցադրող տեսանիւթում երեւում է, թէ ադրբեջանցիներն ինչպէս են շարունակում աւերել տեղի հայկական մշակոյթը՝ քանդելով «Արմենիա» հիւրանոցը, ինչպէս նաեւ մշակոյթի ու երիտասարդութեան պալատը։
Քաշաթաղի (Լաչին) շրջանից սոցիալական ցանցերում հրապարակւած տեսանիւթում երեւում է, որ Զորախաչ եկեղեցուց խաչեր են հանւել։ Սա պատմութիւնը խեղաթիւրելու ակնյայտ քայլ է։ Զորախաչի եկեղեցին գտնւում է Բերձորից 52 կիլոմետր հիւսիս, Խաքարի գետի Շալւա վտակի ձախ ափին՝ Արախիշ գիւղի մօտ։
Արցախում ադրբեջանական վանդալիզմի եւ կրօնական ահաբեկչութեան այս դրւագը խիստ մտահոգութեան տեղիք է տալիս։ Ադրբեջանցի մի քանի զինւորներ մտել են հայկական եկեղեցի եւ քանդել խաչը։ Ցաւօք, միջազգային հանրութիւնը ոչ մի քայլ չի ձեռնարկել այս եւ նմանատիպ այլ գործողութիւնները կանխելու համար։
Յայտնի է դարձել, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայ գրող Խաչատուր Աբովեանի յուշարձանը։
Քաշաթաղի շրջանի Աղանուս գիւղում ադրբեջանցի վանդալները քանդել են խաչքար-յուշարձանը։
Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Խորհրդային Միութեան մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Յովհաննես Բաղրամեանի յուշարձանը։
Նրանք քանդել են նաեւ Արցախեան եւ Երկրորդ համախարհային պատերազմների զոհերին նւիրւած յուշարձանը։
Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները քանդել են նաեւ Ստեփան Շաումեանի յուշարձանը։
Յայտնի է դարձել, որ ադրբեջանցիները քանդել են ՀԽՍՀ ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Միասնիկեանի յուշարձանը։
Ադրբեջանցիները հանել են նաեւ ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալէք Մանուկեանի յուշարձանը։
Նրանք հանել են նաեւ հայազգի խորհրդային ծովակալ Իւան Իսակովին (Յովհաննէս Տէր-Իսաակեան) նւիրւած յուշարձանը։
Քանի դեռ Ադրբեջանի իշխանութիւնների նկատմամբ միջազգային հանրութեան կողմից չի ցուցաբերւում կոշտ վերաբերմունք, նրանք շարունակելու են իրենց բարբարոսական քաղաքականութիւնը հայկական յուշարձանների նկատմամբ, հետեւաբար այդ ամէնը պէտք է արձանագրւի, դրանց վերաբերեալ պատրաստւեն փաստական նիւթեր եւ փոխանցւեն համապատասխան միջազգային կառոյցներին, որպէսզի վերջիներս էլ իրենց հերթին ճնշում գործադրեն Ադրբեջանի վրայ եւ վերջ տան հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման քաղաքականութեանը, որը որդեգրել է Ադրբեջանը։