
ԱՐԱ ԹՈՐԱՆԵԱՆ
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի համանախագահ (CCAF),
«Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր
Նրա նախորդները աւելի լաւ բան չեն արել։ Այնուամենայնիւ, Նիկոլ Փաշինեանի հաղորդակցութիւնն առաւել քան երբեւէ մենախօսութիւն է, քան ժողովրդավարական երկխօսութիւն։
Նրա վերջին սփիւռքեան շրջագայութիւնը դրա վկայութիւնն է։ Գալով «համայնքներին» ընդառաջ՝ Հայաստանի վարչապետը ոչինչ արեց նրանց լսելու։
Նա իր պատգամները մատուցեց խնամքով ընտրւած հանդիսատեսի առաջ՝ գրեթէ առանց հակաճառողի։
Սփիւռքի գլխաւոր կազմակերպւած ուժերից մէկի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները խնամքով մի կողմ էին թողնւել։ Բացակայութիւն, որը հեշտացնում է վարժութիւնը. այս պայմաններում միշտ աւելի հեշտ է դատափետել քաղաքական հակառակորդին:
Կա՞յ մէկը ով այսօր իշխանական շրջապատում համարձակւում է հակառակել առաջնորդին։ Չնայած նա ընդդիմութեանը լռեցնելու մտադրութիւն կամ միջոց չունի, այնուամենայնիւ, Փաշինեանը բացարձակ գերակայում է իր շրջապատի եւ իր շարքայինների վրայ։ Եւ վայ նրան, ով թէկուզ մի փոքր մտքի անկախութիւն կամ եռանդի պակաս է ցուցաբերում (այդ թւում՝ Յովիկ Աղազարեանի դէպքը): Պալատականների ժամանակն է. ոչ հոսանքների…։
Իշխանութեան այս յղացքն է, որ թելադրում է սփիւռքի հետ հանդիպումների կազմակերպումը. ոչ մի բանավէճ, ոչ էլ հակադարձելու իրաւունք, ընդամէնը հնչեցւած միակողմանի ելոյթ: Մասնակիցները պէտք է նախապէս հրաժարւէին իրենց հեռախօսներից եւ ժամացոյցներից, եւ ձեռնպահ մնային որեւէ գրառում անելուց։ Միջոցառման մասին իրազեկելու թոյլտւութիւն է տրւել միայն կառավարութեան պաշտօնական հաղորդակցութեանը: «Տորթի վրայի բալը»՝ հանդիպման մի մասում թարգմանութեան բացակայութիւնն էր. սխալ, որը ուղղւեց միայն այս տողերի հեղինակի խնդրանքով: Իբր բնական էր, որ հրաւիրւած ֆրանսիացիները տիրապետէին արեւելահայերէնին։ Եւ իբր Փաշինեանն ինքը միայն պէտք է հասկանար, թէ ինչ են ասելու իրեն։ Թոյլ տւէք մի կողմից մատնանշել քաղաքավարութեան այս պակասը, միւս կողմից՝ ամբարտաւանութեան այս միտումը։ Երկուսը, հաւանաբար, ձեռք-ձեռքի են տւած…։
Ուստի այս դրւած սահմանները թոյլ չտւեցին մեզ Փաշինեանի հետ աւելի հեռուն գնալ որոշակի թւով իրական հարցերի շուրջ։ Որպէս «Nouvelles d’Arménie»-ի գլխաւոր խմբագիր՝ կը ցանկանայի վարչապետին եւ նախկին լրագրողին տալ հետեւեալ հարցերը.
Սփիւռքում Հայ Դատի պաշտպանութիւնը Հայաստանի համար առհասարակ արժէք է, թէ՞ բեռ: Վարչապետը պատկերացնո՞ւմ է, որ Ֆրանսիայի պէս երկիրը, որը ապրիլի 24-ը դարձրեց 1915 թւականի ցեղասպանութեան յիշատակի ազգային օր, հանդէս կը գար կովկասեան այս երկրի օգտին, եթէ չլինէին 500.000 հայազգի ֆրանսիացիների ազդեցութիւնն ու պայքարը։ Իսկական Հայաստանի եւ երազած Հայաստանի միջեւ նրա ստեղծած այլընտրանքը չի՞ հանդիսանում իր քաղաքական հակառակորդներին որակազրկելուն ուղղւած կեղծ բանավէճի բուն հիմքը, երբ Հայաստանը երբեւէ տարածքային պահանջներ չի ներկայացրել իր հարեւանների նկատմամբ, այդ թւում նաեւ այն 30 տարիների ընթացքում, երբ իշխանութիւն էր ներկայիս ընդդիմութիւնը։
Արդեօ՞ք այս հռետորաբանութիւնը արժէք չի տալիս ադրբեջանական մեղադրանքներին, որոնք դատապարտում են «հայկական ռեւանշիզմը», միեւնոյն ժամանակ դիմելով ծայրայեղ ազգայնական նարատիւի:
Փաշինեանն իրեն պրագմատիզմի եւ ռեալպոլիտիկի առաջամարտի՞կ է տեսնում. Կարծես թէ նրանից առաջ Տէր-Պետրոսեանը չի փորձել վերականգնել յարաբերութիւնները Անկարայի հետ, Քոչարեանին չեն կասկածել Արցախի եւ Մեղրիի միջեւ փոխանակման քննարկման մէջ, եւ որ 2008-ի հայ-թուրքական արձանագրութիւններ երբեք չեն եղել։ Արդեօ՞ք նա իրօք հաւատում է, որ առաջինն է, որ առերեսւում է պետականութեան մարտահրաւէրներին։ Իսկ մնացածներին նա որպէս հասարակ «երազողնե՞ր» է ընկալում։
Եթէ նրա առաջնահերթութիւնը Հայաստանի անվտանգութիւնն է, ինչո՞ւ շարունակել խզել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, որը կամայ թէ ակամայ պատւար էր պանթուրքիզմի դէմ:
Որքա՞ն է Արեւմուտքին տրւած գրաւը այս դիւանագիտական ուղղւածութեան մէջ, եւ ի՞նչ երաշխիքներ է նա ստացել իր պաշտպանութեան դիմաց։ Եթէ անվտանգութիւնը երկրի անյաղթահարելի հորիզոնն է, մի՞թէ թաւշեայ յեղափոխութիւնը ծանր անզգոյշութիւն չէր՝ մեզ հակադրելով Մոսկւայի հետ։
Ինչո՞ւ, երբ նա խոստացել էր չփոխել արտաքին քաղաքականութեան հիմունքները, իշխանութեան գալուց յետոյ շտապեց պաշտօնանկ անել տեղում դիւանագիտութեան ղեկավարին, մասնաւորապէս Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ճարտարապետին։
Ինչո՞ւ է նա իր ընտրւելուց ի վեր բազմապատկել իր սադրանքները Ռուսաստանի նկատմամբ՝ միաժամանակ անհանգստացնող հնազանդութիւն ցուցաբերելով Թուրքիայի նկատմամբ։ Պատկերացնում է, որ ընդունա՞կ է տարաձայնութիւն սերմանել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որոնք նոյն ազգի երկու պետութիւններ են։
Ինչո՞ւ միանալ Միջազգային քրէական դատարանին, ի հեճուկս Վլադիմիր Պուտինի, եւ այժմ հրաժարւել Ադրբեջանի դէմ ցանկացած հայցանդումից։
Եւ վերջոյ, ինչով է պայմանաւորւած սեփական ժողովրդին մեղադրելու այս մոլուցքը։ Հասնելու մինչեւ Փարիզեան այս յայտարարութեանը, որտեղ նա կասկածի տակ դրեց այն պատճառները, թէ ինչու «հայերն ամենաբարձր գինը վճարեցին 1915 թւականին, եւ ոչ թէ միւսները»։ Տարօրինակ հակում դէպի ազգային ինքնախարազանում, կարծես Հայաստանը կրում էր իր կրած հալածանքների պատասխանատւութիւնը։
Արդեօ՞ք լուրջ եւ անվտանգ է եւրաինտեգրման մղումը, երբ բրիւսէլեան կողմից ոչինչ չի յուշում փոխադարձ ցանկութեան մասին: Երբ Հայաստանը արտաքին առեւտրային եկամուտների կէսից աւելին ստանում է Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցութիւնից, իսկ 7,5%-ը՝ Եւրոպայից, արդեօք այս թեկնածութիւնը զուտ գաղափարական դիրքորոշում չէ՝ կտրւած իրականութիւնից։
Ինչո՞վ է պայմանաւորւած այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սիւների՝ նրա պատմութեան, եկեղեցու, սփիւռքի եւ նոյնիսկ համահայկական հիմնադրամի դէմ:
Ո՞ւր էք գնում, պարոն Փաշինեան, ո՞ւր էք տանում երկիրը։