Իդալգոյի գլխաւորած պատւիրակութիւնն Կոռնիձորի սահմանային հատւածում է
Եկել ենք իրավիճակն անձամբ տեսնելու
Ֆրանսիայի քաղաքներից Արցախի Հանրապետութեանն ուղարկւած հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն արդէն Լաչինի միջանցքի սկզբնամասում են՝ Կոռնիձորի սահմանային հատւածում: Այնտեղ է նաեւ Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատւիրակութիւնը՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխաւորութեամբ։ Հէնց նրանք էլ ուղեկցել են հումանիտար բեռներով շարասիւնը։
Ֆրանսիական պատւիրակութեանն ուղեկցում են Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանը, Արցախի ԱԳ նախարար Սերգէյ Ղազարեանը:
Լրագրողների հետ զրոյցում Փարիզի քաղաքապետն ասաց, որ եկել են իրավիճակն անձամբ տեսնելու, հասկանալու եւ արձանագրելու։
Անն Իդալգօն յայտարարեց՝ Ֆրանսիայի քաղաքապետերն ու Ֆրանսիայի շրջանների ներկայացուցիչները, քաղաքական գործիչներն այստեղ են, որպէսզի արտայայտեն իրենց աջակցութիւնը։
«Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են չփչացող պարէն, երեխաների համար նախատեսւած սնունդ, գեներատորներ։ Այս մարդասիրական օգնութիւնը նախատեսւած է Արցախի վեց քաղաքների համար, որոնք անցած տարւայ դեկտեմբերից շրջափակման մէջ են։ Կանայք, երեխաներ, նորածիններ, տղամարդիկ, որոնք չեն կարողանում արժանապատիւ կերպով ապրել իրենց հողի վրայ։ Մեր ուղերձը յստակ է ու պարզ, կոչ ենք անում նախեւառաջ յարգել միջազգային իրաւունքը, Արցախահայերը շրջափակման մէջ են անկախ իրենց կամքից՝ այն իրականացւում է խախտելով հրադադարի յայտարարութիւնն ու միջազգային իրաւունքը»,-ասաց նա։
Փարիզի քաղաքապետը նշեց, պէտք է խօսել շատ յստակ, այն, ինչ տեղի է ունենում Արցախում այսօր, նման է ցեղասպանութեան։
«Panorama.am»