Ղազախստանը սկսել է իր ռազմական գործարանները համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին

«ԱԼԻՔ» – Ղազախստանը ASPAN ազգային նախագծի շրջանակներում նախատեսում է կառուցել եւ գործարկել հրետանային արկերի եւ ականների արտադրութեան չորս նոր գործարան, որոնք կը համապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին։ Նախագծի ընդհանուր արժէքը կը կազմի մօտ 1 միլիարդ դոլար: Այս մաին ըստ News.am-ի՝ գրում է RTVI-ն։
Հեռուստաալիքի տւեալներով՝ այժմ կառուցւում է առաջին գործարանը՝ ASPAN-1-ը, որը կը սկսի գործել 2027 թւականին եւ կարտադրի արկերի ու ականների կորպուսներ։ Միւս երեք ձեռնարկութիւնների գործարկման ժամկէտները դեռեւս նշւած չեն։
«Ղազախստանը երկար ժամանակ սեփական արտադրութիւն չի ունեցել ոչ միայն հրետանային արկերի եւ ականների, այլեւ հրաձգային զէնքի փամփուշտների մասով։ Հետեւաբար, մեր բանակի մարտունակութիւնը կրիտիկական կերպով կախւած է Ղազախստանի տարածքում դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած պահեստներից եւ Ռուսաստանից ու նախկին խորհրդային հանրապետութիւններից մատակարարումներից»,- RTVI-ին յայտնել է ղազախ բարձրաստիճան զինւորականը։ Նա նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում երկրի համար «չափազանց կարեւոր» է արկերի սեփական արտադրութիւն ունենալը։
Ռազմական գործարանների շինարարութեամբ զբաղւում է ղազախական Great Sky ընկերութիւնը։ Կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի առաջին տեղակալ Անդրէյ Տիխոնենկօն յայտարարել է, որ նախագիծը մեծ հեռանկար ունի, քանի որ «զինամթերքի արտադրութեան համար անհրաժեշտ ողջ հումքային բազան՝ մետաղը, բամբակը, թթուները եւ այլ նիւթեր, գտնւում են Ղազախստանում»։ Նշւում է, որ ASPAN նախագծի շրջանակներում գործարանները, բացի ՆԱՏՕ-ի ստանդարտների արկերից, կարտադրեն նաեւ ռուսական նմուշի՝ 82 մմ, 120 մմ, 122 մմ եւ 152 մմ տրամաչափի հրետանային զինամթերք։



