Բագրատ Սրբազան. «Յանձնել են իրենք եւ դեռ խօսում են կռւելուց»

«ԱԼԻՔ» – «Գորիս-Կապան ճանապարհը յանձնել են իրենք, Տաւուշի գիւղերի յանձնումը իրենց ձեռքի սեւ գործն է, Քարվաճառը ստորագրութեամբ՝ առանց կռւելու յանձնել են իրենք եւ դեռ խօսում են կռւելուց»։ Այս մասին յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի երէկւայ արտայայտութեանն արցախցի լրագրողին։
«Անվտանգ կը լինի, երբ խաղաղութեան պայմանագիր կը կնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետեւ անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչեւ վերջ այն զէնքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պէտք էր կռւել, Հայաստանը կռւել է, բերեցիք հաճոյ իշխանութիւն, ով օրեր անց ստորագրեց այդ պետութեան վերացման մասին»,-ասել էր Սիմոնեանը։
«Այս պատասխանը ցինիզմի գագաթնակէտն էր, որը մեր կեանքում արդէն սովորական է դառնում։ Առաջին արձանագրումս այն է, որ եթէ այս մարդիկ, իրենց չարիքի գլխաւորութեամբ, բացայայտ խօսում են այս մասին՝ ոլորապտոյտ ճանապարհներով մոլորեցնելով արտայայտում են իրենց մտքի եղածը, ապա պատկերացրէք, թէ իրենց միջավայրում ինչեր են ասում։
Այն բնութագրի տակ է մտնում այս անձը, որն իրեն տրւել է սեփական դաշինքի եւ կուսակիցների կողմից։
Երկրորդ պարագան քաղաքական բարոյականութեան մասին է։ Մենք սպառւել ենք ասելով, որ այս մարդիկ քաղաքական բարոյականութիւն չունեն։ Եւ այս մարդիկ տարբեր ճանապարհներով յայտնւել են իշխանութեան ղեկին եւ չակերտաւոր կերպով կառավարում են մեր երկիրը։ Մեր կեանքերը սրանց են վստահւած, նրանք վաղը հանգիստ կարող են շրջւել եւ ձեզ ասել, թէ պէտք էր կռւել, մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը յանձնել են իրենք, Տաւուշի գիւղերի յանձնումը իրենց ձեռքի սեւ գործն է, Քարվաճառը եւ Արցախի մի շարք հատւածներն իրենք ստորագրութեամբ են յանձնել՝ առանց կռւելու։ Եւ եթէ կռւողների մասին են խօսում, թող իրենք ասեն, թէ որտեղ են գտնւել ամբողջ պատերազմի ընթացքում»,- ասել է Սրբազանը։