Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան. «Այսօր արցախցիները կապրէին իրենց տներում, եթէ…»

«ԱԼԻՔ» – «Եթէ Ալէն Սիմոնեանը՝ մտածւած թէ «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարւելու, եթէ Ալէնի շէֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթէ Շուշիում ցուցադրաբար քէֆեր չանէիք, եթէ 20 տարի ընթացող բանակցութիւնները տապալելու ու զրոյական կէտից սկսելու փոխարէն դրանք շարունակէիք ու զարգացնէիք, եթէ չհրահրէիք պատերազմ, եթէ արդէն սանձազերծւած պատերազմը շուտ կանգնեցնէիք, եթէ Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչէիք, եթէ շրջափակման ընթացքը չվերածէիք Արցախի դատարկման պրոցեսի, եթէ Արցախը չզրկէիք քաղաքական ու դիւանագիտական պաշտպանութիւնից, եթէ էս կէտերի գոնէ մի մասն արած լինէիք, էսօր էս մարդիկ կապրէին իրենց տներում»: Ֆէյսբուքեան իր էջում գրել է «Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը՝ արձագանգելով նախօրէին արցախցիների՝ Արցախն առանց պայքարի լքելու մասին ցինիկ յայտարարութեանը:

«Լքելով ու թշնամու ողորմածութեանը յանձնելով Արցախի բնակչութեանը՝ էսօր ասում էք «մնայիք ու կռւէիք», նախ՝ շատ լաւ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիւներ են մղւել, շատ լաւ իմանալով, որ պատերազմում կռւում է ոչ թէ զինւորը, այլ՝ էդ զինւորին կռւի ուղարկող պետութիւնը։ Հայաստան պետութիւնը՝ ի դէմս այսօրւայ իշխանութիւնների, մենակ թողեց իր զինւորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որեւէ բանում մեղադրելու։ Մինչեւ ձեր իշխանութեան գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գիւղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։ Մինչեւ դուք եկաք»,- գրել է նա:

Related Articles

Back to top button