Թուրքիայի կազմակերպած մեդիանախագծերն Իրանի դէմ
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Օրերս Արեւմտեան ակունքներ ունեցող մեդիահրապարակումներում յատուկ ընդգծումներով շրջանառութեան մէջ դրւեց Իրանի եւ Հայաստանի միջեւ սպառազինութիւնների խոշոր գործարքի մասին լուրը: Հրապարակումը պարսկերէնով առաջինը կատարել էր Iran International-ը: Թէեւ այս ապատեղեկատւութիւնն արագօրէն հերքւեց Երեւանում Իրանի դեսպանատան կողմից, սակայն հաշւի առնելով տւեալ լրատւամիջոցի ուղղւածութիւնը կարելի է ենթադրել, որ ինչ-որ տեղ, այն նպատակ ունէր հանրութեան աչքին արդարացում հաղորդել Բաքւին Իսրայէլի կողմից սպառազինելու իրողութեանը:
Նոյն կապակցութեամբ տելեգրամեան պարսկալեզու «Պարտիզան» վերլուծական լրատւական ալիքը գրառում տեղադրելով սոցիալական ցանեցրի իր էջերում խնդիրը ներկայացրել է, որպէս Թեհրան-Երեւան գործընկերութեան տեսակին եւ որակին չհամապատասխանող ապատեղեկատւութիւն՝ նշելով, որ նման քայլը համատեղելի չէր կողմերի քաղաքականութեան հետ եւ պէտք չէ լուրջ վերաբերւել։
Ռազմավարական խնդիրների շուրջ վերլուծութիւններով հանդէս եկող նշւած ալիքը յիշեցրել է վերջին ամիսներին Իրանի դէմ Թուրքիայի մեդիաքաղաքականութիւնը, ապա նշել, որ տեւական ժամանակ է, ինչ թուրքական կողմը շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցէին, ինչպիսին է Իրաքում, Սիրիայում, նոյնիսկ Իրանում PKK-ին աջակցելը։
Լրատւամիջոցների այսօրինակ ապատեղեկատւութիւնները վերջին շրջանում աւելի մեծ թափ է ստացել, գրել է կայքը եւ յաւելել. «Շուրջ մէկ ամիս մշտադիտարկում իրականացրեցինք բրիտանական (Կատարի հետ համագործակցաբար) Middle East Eye լրատւական գործակալութեան հրապարակումները, որտեղ տարբեր առիթներով անդրադարձ կար Իրանի կողմից PKK-ին 358 հրթիռի մատակարարման մասին»։
Աղբիւրի համաձայն՝ Թուրքիային առնչւող կամ թուրքամէտ կիբերտարածութեան ակտիւիստները եւս իրենց միկրոբլոգներում տեղադրւող գրառումներում վերջին շրջանում բարձրացրել են հակաիրանական բովանդակութեամբ նիւթերի դոզան:
«Պարտիզան»-ը յաւելել է նաեւ, որ ներկայ փուլում թուրքերն այնքան էլ շահագրգռւած չեն, որ այս մեդիախաղի մասին պաշտօնական հարթակներից բարձրաձայնւի. «Այնպէս, որ նրանք դեռ շարունակում են իրենց վարած գործը հետեւել Պարսից ծոցի հարաւային շէյխութիւնների ակնյայտ միջոցներով սնւող եթերում, կամ նոյնիսկ կիբերտարածութեան անկախ ակտիւիստներին ուղղորդելով»,- յաւելել է կայքը:
Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով վերլուծաբան դոկտ. Մովահեդիանը նոյն կապակցութեամբ նշել է, որ Թուրքիան դեռ չի ազատւել Իրաքում եւ Սիրիայում արած իր միջամտութեան գլխացաւանքից: «PKK-ի ուժերը անյայտ կապուղուց ձեռք են բերել «երկիր-օդ» տեսակի զինատեսակներ եւ միաժամանակ սահմանափակելով թուրքական անօդաչու թռչող սարքերի ունակութիւնների շառաւիղը՝ շարունակում են անկանոն ու անյայտ դիրքերից գրոհ իրականացնել Իրաք ներխուժած թուրքական բանակի ուժերի դէմ։ Ինչ վերաբերում է Սիրիային, Անկարայի կարծիքով, տարիներ շարունակ կրած իր ֆինանսական ու քաղաքական վնասներից յետոյ, առնւազն ցուցադրաբար, պատրաստ է ընդունել փախստականների եւ իր սահմաններում անվտանգային ճգնաժամերի խնդիրներով պայմանաւորւած ձախողումը եւ ամէն գնով փորձում է վերականգնել իր պաշտօնական յարաբերութիւնները Սիրիայի կառավարութեան հետ»,- գրել է նա:
Վերադառնալով «Պարտիզան»-ի գրառմանը նշենք, որ վերլուծաբանի կարծիքով,Իրանը կարողութիւն եւ պատրաստ միջոցներ ունի՝ բարդացնելու թուրքերի ներկայութիւնն Իրաքում ու Սիրիայում։ «Սակայն նկատի ունենալով քրդական խմբաւորումներին զինելու հետ կապւած խնդիրներն ու Իրանի անվտանգային նկատառումները, եւ ոչ պակաս կարեւոր, տարածաշրջանում վերջին ամիսներին լարւած իրավիճակն ու Լիբանանում լայնածաւալ պատերազմի ստւերը, ապա Իրանի տեղաշարժերի վերաբերեալ Թուրքիայի պնդումները տրամաբանական չեն թւում առնւազն ներկայ փուլում»,- յաւելել է հեղինակը:
Իրանի եւ Թուրքիայի յարաբերութիւնները մէկ բառով միշտ եղել են «բարդ»: Աւելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ պարզելու Անկարայի հիմնապատճառներն այս մեդիա խաղը շարունակելու նպատակների մասին: