Անդրանիկ Թեւանեան. «Փաշինեանը մրցում է Սահակաշւիլու հետ, սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու հարցում»
«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը շատ հարցերում ձգտում է նմանւել տխրահռչակ Սահակաշւիլուն (Վրաստանի նախկին վարչապետ-ԽՄԲ.)։ Յատկապէս հակառուսականութեան ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաեւ Զելենսկուն է կապկում)։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար, քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը։
«Կեանքը ցոյց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սահակաշւիլին կուլ տւեց արեւմտեան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդիւնքում եղան ոչ միայն տարածքային կորուստներ, այլ, նաեւ, տնտեսական խոշոր վնասներ։ Տուժեցին տասնեակ հազարաւոր վրացիներ։
Վրաստանը Սահակաշւիլու օրօք կորցրեց գինիների շուկան ՌԴ-ում։ ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում նոր շուկաներ չգտան, բայց եղածը կորցրեցին։ Դրանից առաջ կորցրել էին թէյի շուկան, քանզի Սահակաշւիլին էնտուզիազմով վերացնում էր թէյի պլանտացիաները, որպէսզի վրացական թէյի միակ շուկայ Ռուսաստանի հետ կապերը վերացնի։ Սահակաշւիլու օրինակը շատ ցցուն է։ Սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու ցցուն օրինակ։
Նիկոլ Փաշինեանն այդ հարցում մրցում է Սահակաշւիլու հետ՝ գերազանցելով նրան։ Նրա հակառուսականութիւնն իռացիոնալ է եւ հակահայկական։ Արեւմուտքի հետ գործարքի գինը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է (նոյնն ուզում են անել հիմա Վրաստանում, բայց Սահակաշւիլուն վռնդած վրաց ժողովուրդը դասեր է քաղել 2008-ից ու իր իշխանութիւնների միջոցով դիմադրում է)։ Տուժելու են Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։
Հպարտ քաղաքացուն ԵՄ-ի մասին հեքիաթներ կերակրելով՝ Փաշինեանի իշխանութիւնը զրկում է նոյն այդ քաղաքացուն ապրուստի միջոցից (դէ, տարածքն ու պետութիւնը, դեռ չենք հաշւում)։
Օրւայ իշխանութիւնները չնկատելու տւեցին, քաղաքական դաշտի մեծ մասն էլ չանդրադարձաւ շատ կարեւոր թեմայի։ Ռուսաստանն օրերս արգելեց հայկական մրգերի ներմուծումն իր երկիր։ Դա նշանակում է փակւած աշխատատեղ, գործազրկութիւն, ֆինանսական հսկայական վնասներ, գիւղատնտեսութեան ոլորտի փլուզում։
Դա Նիկոլի հակառուսական քաղաքականութեան արձագանգն էր։
Քննարկման այլ թեմա է, թէ ինչու է ՌԴ-ն կացնային մեթոդների է դիմում ՀՀ իշխանութիւնների իռացիոնալ քայլերի դէմ։ Մոսկւայում թողնում են, որ դանակը ոսկորին հասնի, յետոյ նոր նետւեն հայրենիքը փրկելու, բայց 21–րդ դարում շատ այլ արդիւնաւէտ մեթոդներ կան։ Ինչեւէ։
Մեզ մեր երկրի քաղաքականութիւնը պէտք է մտահոգի, քանզի առաջին տուժողը մենք ենք։ Տուժում է հայկական գիւղատնտեսութիւնը, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն առաջնորդւում է «ինչքան վատ են ՌԴ-ի հետ յարաբերութիւններն, այնքան լաւ է անձամբ ինձ համար» կարգախօսով։
Նիկոլենք նաեւ ռուսական գազից հրաժարւելու քարոզ են տանում։ Իբր թէ՝ յանուն ինքնիշխանութեան։ Տողատակով տարածում են, որ այլընտրանքը կապահովի Ադրբեջանը։ Թէ քանի՞ անմեղսունակ դրական կընդունի այս ամէնը, թողնենք չորքոտանիների մասնագէտներին։
Հայաստանի շահերից բխում է այն, որ ՌԴ-ի եւ ընդհանրապէս բոլոր երկրների հետ արժանապատիւ, ռացիոնալ ու փոխվստահելի յարաբերութիւններ հաստատւեն, պաշտպանւեն ՀՀ քաղաքացիների շահերը։ Մասնաւորապէս՝ ՌԴ-ում պէտք է պաշտպանւեն հայկական ապրանքների շուկաներն ու դեռ նորերը ձեռք բերւեն։
Հայաստանի ինքնիշխանութիւնը մեծանում է ոչ թէ ՌԴ-ում (կամ ցանկացած այլ երկրում) գիւղատնտեսական ապրանքների շուկաների կորստով, այլ՝ այդ շուկաները պահպանելով ու ընդլայնելով։
Եթէ ԵՄ-ն պատրաստ է հայակական գիւղատնտեսական ապրանքներն ընդունել, աւելի լաւ։ Դա կը լինի նոր շուկայ՝ ռուսականին զուգահեռ։ Նիկոլենք առաջարկում են ՌԴ շուկան կորցնել, չստանալ ոչ մի այլընտրանք, բայց հպարտանալ «ինքնիշխանութեամբ»։
Նիկոլական ինքնիշխանութիւնը տարածքային կորուստներն են, զոհերը, մարդկանց աղքատացումը, արտագաղթը եւ, ի վերջոյ, Հայաստանի վերացումը, որպէսզի յետոյ մեր երկրի տապանաքարի վրայ գրեն՝ «Մեռաւ՝ յանուն ինքնիշխանութեան»։ Ու որպէսզի դա չլինի, ՔՊ-ի տապանաքարի վրա պէտք է գրւի «Մեռաւ՝ յանուն Հայաստանի ինքնիշխանութեան դէմ պայքարի»,- գրել է Թեւանեանը։