Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մարիա Զախարովա. «Բաքւի եւ Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը սկսւել է Ռուսաստանի աջակցութեամբ»

«ԱԼԻՔ» – «Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը սկսւել է Ռուսաստանի անմիջական աջակցութեամբ եւ կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ յայտարարութեան ընդունմամբ»։ Այս մասին, ըստ News.am-ի՝ նշւած է Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանութեան մէջ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների բանակցութիւնների առնչութեամբ։

«Հարկ է յիշել, որ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլը սկսւել է Ռուսաստանի անմիջական աջակցութեամբ եւ կենտրոնական դերակատարմամբ՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ յայտարարութեան ընդունմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների վերաբերեալ։ Տարածաշրջանում տեղակայւել է ռուսական խաղաղապահ զօրախումբ, որը անփոխարինելի ներդրում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։ Մենք միշտ կը յիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհւել են ծառայողական պարտականութիւնները կատարելիս»,- ընդգծել է դիւանագէտը՝ յստակեցնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաշտեցումը պէտք է ինտեգրւի տարածաշրջանային համատեքստում եւ հիմնւած լինի շահերի հաւասարակշռութեան վրայ:

Նա նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդութեամբ անցկացւած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի։

«Հարաւային Կովկասում լուծումների որոնման գործում տարածաշրջանային խաղացողների ներգրաւումը չպէտք է նոր բաժանարար գծեր ստեղծի:

Ռուսաստանի Դաշնութիւնը լրացուցիչ կը վերլուծի Վաշինգտոնի յայտարարութիւնները Հարաւային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցութիւնների ապաշրջափակման վերաբերեալ։ Հարաւային Կովկասում հաղորդակցութիւնների ապաշրջափակման ոլորտում Ռուսաստանի Դաշնութեան մասնակցութեամբ եռակողմ համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ»,-նշել է Զախարովան։

Related Articles

Back to top button