Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Արցախի էջի փակումը եւ Հայաստանի ինքնիշխանութեան կոլապսի ճանապարհային քարտէզը»

«ԱԼԻՔ»-Փաշինեան-Թրամփ-Ալիեւ եռակողմ հանդիպումը, ըստ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի, կարող է դառնալ պատմական շրջադարձ, սակայն ոչ Հայաստանի համար շահեկան իմաստով։ Առանցքում լինելու է Սիւնիքի մարզով անցնող այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, որի սպասարկումը ՀՀ իշխանութիւնները պատրաստ են արտապատւիրակել ամերիկեան մասնաւոր ընկերութիւններից մէկին։

Լիլիթ Գալստեանի գնահատմամբ՝ սա ոչ թէ ենթակառուցւածքային կամ տնտեսական նախագիծ է, ինչպէս փորձում են ներկայացնել ԱՄՆ-ն ու հաւաքական Արեւմուտքը, այլ Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձեւման գործընթաց, որի նպատակն է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին եւ Իրանին։

«Փաշինեանը մեկնել է Վաշինգտոն՝ պաշտօնապէս փակելու Արցախի էջն ու բացելու Հայաստանի ինքնիշխանութեան կոլապսի ճանապարհային քարտէզը։ Խաղաղութեան հնչեղ յայտարարութեան քօղի տակ թաքնւած է կապիտուլիացիա՝ անդառնալի զիջում թուրք-ադրբեջանական շահերին»,- նշում է Գալստեանը։

Նրա խօսքով՝ եթէ Հայաստանը կորցնի Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողութիւնը, ապա ոչ մի անվտանգութեան երաշխիք չի ստանայ։ Այդ դէպքում երկիրը կը կորցնի սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանութիւնը՝ դիմացը ստանալով բացարձակապէս ոչինչ։

Գլխաւոր շահառուն, ըստ Գալստեանի, Թուրքիա- Ադրբեջան տանդեմն է, որի աշխարհաքաղաքական նպատակը յստակ է։ Սակայն շահում են նաեւ Միացեալ Նահանգները եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը. Վաշինգտոնում այս ծրագիրը ներկայացւում է որպէս «Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղի»։

Գալստեանը նկատում է, որ այս ամէնը համընկնում է էներգետիկ շահերի վերադասաւորման հետ․ Եւրոպան փորձում է նւազեցնել կախւածութիւնը ռուսական գազից, եւ այդ համատեքստում արդէն ակտիւացել են Իսրայէլ–Ադրբեջան–Թուրքիա գազատարի հարաւային ուղղութեամբ նախագծերը։ Իրան–Իսրայէլ վերջին բլից պատերազմը եւս, ըստ նրա, պատահական չէր․ այն թուլացրեց Զանգեզուրի միւս բնական շահառուին՝ Իրանին։

Գալստեանը չի թաքցնում իր մտահոգութիւնը․ եթէ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը կեանքի կոչւի, ապագայ իշխանութիւնների համար այն չեղարկելը կամ պայմանաւորւածութիւնները վերանայելը կարող է դառնալ գրեթէ անհնար։

«Փաշինեանը անդառնալի, պատմական կորուստ է հասցրել ողջ հայ ժողովրդին։ Նրա խայտառակ քաղաքականութեան արդիւնքում մենք կորցրեցինք Արցախը եւ ականատես եղանք էթնիկ զտման։ Այժմ նա որդեգրել է սեփական սխալները լեգիտիմացնելու քաղաքականութիւնը»,- ընդգծում է նա։

Լիլիթ Գալստեանի գնահատմամբ՝ Փաշինեանի եւ նրա կառավարութեան շարժառիթը միակն է՝ իշխանութիւնը պահպանելու մոլուցքը։

«Նա չունի բարոյական կարմիր գծեր։ Վախերն ու պատասխանատւութիւնից խուսափելու ձգտումը բնորոշ է բոլոր տիրաններին․ նրանք փորձում են ամէն գնով արդարացնել սեփական աղէտալի յետագիծը եւ չարագործութիւնները»,- ասում է Գալստեանը։

Նրա համոզմամբ՝ սա նաեւ արժէքային եւ քաղաքակրթական փոփոխութիւնների քաղաքականութիւն է, որի նպատակն է ոչ միայն վերաձեւել երկրի արտաքին քաղաքական վեկտորը, այլեւ խզել կապերը պատմութեան, հաւատքի եւ ինքնութեան հետ։

«Իրենք քաջ գիտակցում են, թէ ինչ յետագիծ են թողնում, եւ այդ խարանը խմբագրելի չէ»,- եզրափակում է Գալստեանը։ 

Related Articles

Back to top button