ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի նահանջը
ԱՄՆ նախագահն Ապրիլի 24-ի ամենամեայ ուղերձում չի յիշատակել «Ցեղասպանութիւն» եզրոյթը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը խստօրէն դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամօթալի նահանջը՝ Հայոց Ցեղասպանութեան ամերիկեան ճանաչումից ու յիշատակումից, ինչը դրսեւորւեց նրա՝ նոյնիսկ «ցեղասպանութիւն» եզրոյթը չյիշատակելու որոշմամբ, որը կայացւել է թուրքական ճնշման ներքոյ եւ արտացոլւած է Սպիտակ տան կողմից Ապրիլի 24-ի ամենամեայ ուղերձում։
Մեկնաբանելով Թրամփի յայտարարութիւնը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից նախագահ Թրամփի նահանջը թուրքական սպառնալիքների առաջ տեղի տալու խայտառակ գործողութիւն է, ամօթալի հրաժարում ամերիկեան պատասխանատւութիւնից՝ կանխելու Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ցեղասպանական յարձակումները հայերի դէմ։ Արցախի բնիկ քրիստոնեայ հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացւած էթնիկ զտումից, հայ ռազմագերիների նկատմամբ շարունակւող բռնութիւններից, հայկական քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայից յետոյ՝ նախագահ Թրամփն ունի պարտաւորութիւն ոչ միայն ազնւօրէն եւ ճշմարտապէս ճանաչելու 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը, այլեւ կանխելու դրա շարունակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»:
2024 թւականի նախագահական քարոզարշաւի ընթացքում նախագահ Թրամփը սոցիալական ցանցերում խոստացել էր «վերականգնել խաղաղութիւնը Հարաւային Կովկասում եւ կանգնեցնել բռնութիւնը եւ էթնիկ զտումները»: Նրա կողմից «ցեղասպանութիւն» եզրոյթի չօգտագործելը՝ օտարերկրեայ ճնշման ներքոյ, այժմ ուղղակի հակասում է այդ խոստմանը:
Ըստ Արամ Համբարեանի՝ «Նախագահ Թրամփի բացթողումը դիւանագիտական սխալ չէ, այլ դիտաւորեալ նահանջ ճշմարտութիւնից եւ վտանգաւոր ազդանշան ԱՄՆ-ի կողմից հակահայ բռնութիւնների հանդէպ հանդուրժողականութեան մասին։ Այն արտացոլում է նրա առաջին վարչակազմի ամօթալի լռութիւնն ու մեղսակցութիւնը»: Առաջին պաշտօնավարման ընթացքում նախագահ Թրամփը հրաժարւել է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ ամերիկեան աննախադէպ ռազմական աջակցութիւն է տրամադրել Ադրբեջանին՝ երբ վերջինս իրականացրեց իր ցեղասպանական յարձակումը Արցախի հայութեան դէմ։ Նրա՝ Ադրբեջանին պատասխանատւութեան չենթարկելը 2020 թւականի փաստագրւած պատերազմական յանցագործութիւնների՝ այդ թւում՝ ռազմագերիների խոշտանգումների, խաղաղ բնակիչների սպանութիւնների եւ քրիստոնէական ժառանգութեան ոչնչացման համար, լայնօրէն դիտարկւում է որպէս նախադրեալ 2023 թւականին Արցախի ցեղասպանական էթնիկ զտման համար:
Նախագահ Թրամփի՝ Ցեղասպանութիւնը չճանաչելը հակասում է Սպիտակ տան, Կոնգրեսի եւ ԱՄՆ բոլոր 50 նահանգների պաշտօնական ճանաչումներին:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նախագահ Թրամփին կրկին կոչ է անում յարգել իր նախընտրական խոստումը եւ առաջնորդել ԱՄՆ քաղաքականութեան արմատական վերանայումը Թուրքիայի եւ Հարաւային Կովկասի հանդէպ, վերջ տալ Ցեղասպանութեան ժխտման մէջ ԱՄՆ-ի մեղսակցութեանը, հաշւետւութիւն պահանջել դրա իրագործողներից եւ ապահովել խաղաղութիւն՝ հիմնւած արդարութեան եւ Արցախի քրիստոնեայ հայ ժողովրդի վերադարձի իրաւունքի վրայ: