Ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան. տնտեսական դիւերսիֆիկացիա՞, թէ՞ քաղաքական ազդակ

«Հայաստանի համար վառելիքի ներկրման աղբիւրների դիւերսիֆիկացումը վաղուց օրակարգային հարց է»,-այս մասին Panorama.am-ի հետ զրոյցում ասաց տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան ներկրւած բենզինի առաջին խմբաքանակին։
«Հայաստանը տարին մօտաւորապէս 300 հազար տոննա վառելիք է սպառում, որի շուրջ 90 տոկոսը ներկրւում է Ռուսաստանից՝ արտօնեալ պայմաններով եւ պետական համաձայնագրերի շրջանակում։ Միանշանակ կարեւոր է նւազեցնել այդ կախւածութիւնը՝ թէ՛ գների, թէ՛ մատակարարումների տեսանկիւնից։ Սա արդէն էներգետիկ անվտանգութեան հարց է»,- նշեց Պարսեանը։
Այնուամենայնիւ, ըստ տնտեսագէտի, այս փուլում Ադրբեջանից վառելիքի ներկրումը դժւար է դիտարկել որպէս կայուն տնտեսական գործընթաց։
«Այս պահին աւելի շատ քաղաքական ազդակի մասին է խօսքը։ Դեռ յստակ չէ՝ արդեօք ներկրումները կը լինեն շարունակական, ինչ ծաւալներով եւ ինչ գնով։ Կանխատեսումներ անել հնարաւոր չէ»,- ասաց նա։
Պարսեանի գնահատմամբ, կողմերը այս գործարքով փորձում են ուղերձ յղել թէ՛ ներքին, թէ՛ արտաքին լսարանին։
«Հայաստանի իշխանութիւնները պատրաստւում են 2026 թւականի ընտրութիւններին եւ փորձում են հանրութեանը ցոյց տալ, որ խաղաղութեան օրակարգը առաջ է գնում, խնդիրներ են լուծւում։ Միաժամանակ ազդակ է փոխանցւում արտաքին խաղացողներին՝ տարածաշրջանային կայունութեանն ու խաղաղութեանը յանձնառու լինելու մասին», – ընդգծեց տնտեսագէտը։
Սուրէն Պարսեանը յիշեցրեց նաեւ, որ Հայաստանը նախկինում փորձել է վառելիք ներկրել այլ երկրներից, սակայն բախւել է որակի խնդրի։
«Երկար ճանապարհով տեղափոխման արդիւնքում վառելիքում բարձրանում է ծծմբի պարունակութիւնը, եւ այն չի անցնում փորձաքննութիւնը։ Հայաստանը պարտաւոր է ստուգել երրորդ երկրներից ներկրւող վառելիքը՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանելու համար։ Ռուսական վառելիքը նման ստուգման չի ենթարկւում, քանի որ ԵԱՏՄ ապրանք է»,- ասաց նա։
Տնտեսագէտի խօսքով, պատահական չէ, որ Հայաստան ուղարկւող առաջին խմբաքանակը հէնց AI-95 պրեմիում բենզինն է՝ շուրջ 1300 տոննա։
«Ակնյայտ է, որ փորձ է արւում շուկայ մտնել բարձր որակի վառելիքով, որպէսզի խնդիրներ չառաջանան ստանդարտների մասով։ Սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ կողմերը մեծ ուշադրութեամբ են մօտենում այս գործարքին»,- նշեց Պարսեանը։
Նա յիշեցրեց, որ Ադրբեջանը հիմնականում արտահանում է դիզելային վառելիք. միայն 2023 թւականին արտահանւել է մօտ 714 հազար տոննա դիզել եւ շուրջ 30 հազար տոննա բենզին՝ հիմնականում Թուրքիա եւ Վրաստան։
Հարցին՝ արդեօ՞ք սա Ադրբեջանի կողմից փորձ է Հայաստանի միջոցով մուտք գործել ԵԱՏՄ վառելիքի շուկայ, Պարսեանն արձագանքեց. «Ադրբեջանը հում նաւթ արտահանում է Բելառուս, այսինքն նաւթի արտահանման փորձ եղել է ԵԱՏՄ-ում։ Կարելի է ասել, որ սա առաջին փորձն է Ադրբեջանի համար՝ վերջնական սպառման բենզին մատակարարել ԵԱՏՄ շուկայ»։
Ինչ վերաբերում է գներին՝ Սուրէն Պարսեանի կարծիքով, հնարաւոր ազդեցութիւնը կախւած է վաճառքի պայմաններից։
«Ադրբեջանական վառելիքը տարածքային առումով աւելի մօտ է Հայաստանին, ինչը նշանակում է աւելի ցածր տրանսպորտային ծախսեր։ Եթէ ապագայում գործի ուղիղ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցութիւն, ծախսերը կարող են զգալիօրէն նւազել»,- նշեց նա։
Միաժամանակ տնտեսագէտը զգուշացրեց՝ այս գործարքը չպէտք է ներկայացւի որպէս համընդհանուր լուծում։
«Այո, սա կարեւոր քայլ է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր խնդիրները լուծւած են։ Կան բազմաթիւ անվտանգային, տնտեսական եւ կազմակերպական հարցեր, որոնք դեռ պէտք է լուծւեն»,- ամփոփեց Սուրէն Պարսեանը։
Յիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ադրբեջանական SOCAR-ի կողմից արտադրւած AI-95 բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն, ուղարկւել է Հայաստան։ Յայտարարւում է, որ գործարքը կրում է զուտ առեւտրային բնոյթ եւ իրականացւում է միջազգային շուկայական գներով։



