Վաշինգտոնում` երէկ, Հայաստանում` վաղը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Ինչ կատարւեց երէկ (օգոստոսի 9-ԽՄԲ.) եւ ինչ է պէտք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պէտք է մեր մտածողութեան հորիզոնը լինի աւելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրայ սեւեռւելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականութիւնը։
Ըստ այդմ.
1.Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժւար եւ երկարատեւ պրոցես, մեծ է հաւանականութիւնը, որ այն ընդհանրապէս չլինի, բայց սա արդէն երկսայր իրավիճակ է, որովհետեւ Ադրբեջանն օգտւելու է թէ՛ իրականացման, թէ՛ տապալման սցենարներից։
2.Ալիեւը մինչեւ վերջ պնդելու է միջանցքային տրամաբանութիւնը. ճանապարհներին` ոչ մի հայ, ոչ մի սահմանապահ եւ այլն, եւ դա չստանալը ռազմական ներխուժման համար «լեգիտիմ» իրաւունք է համարելու։
3.Ալիեւը ստացաւ նոր դիրքային առաւելութիւն` լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։
4.Ալիեւը պնդելու է իր բոլոր նախապայմանների վրայ` ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրութեան փոփոխութիւն եւ այլն։
5.Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։
6.Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թւում` Ջերմուկի վրայ նստած դիրքերը։
7.Միառժամանակ էապէս դժւարանում է արցախցիների վերադարձի եւ իրաւունքների պաշտպանութեան թեման։
8.Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրութիւնների, քանի որ շատ լաւ հասկանում է, որ այս թղթային «էյֆորիան» երկար կեանք չի ունենալու։
9.Շատ կարեւոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը եւ ճիշտ հռետորաբանութիւնը` այսօրւանից սկսած (վստահաբար` համակարգաստեղծ ուժերը երկուսից աւելին են լինելու)։
Ըստ այդմ.
ա. Անհրաժեշտ է ողջունել Միացեալ Նահանգների եւ նրա նախագահի ջանքերը` տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան գործում։
բ. Ֆիքսել նոր ձեւաւորւող մարտահրաւէրները եւ ԱՄՆ բարի ցանկութիւնների Չիրականացման ռիսկերը։
գ. Պատրաստակամութիւն յայտնել` շարունակելու աշխատանքները խաղաղութեան եւ կայունութեան գործում, այդ թւում` Վաշինգտոնում ֆիքսւած մօտեցումները հաշւի առնելով։
10.Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պէտք է հրապարակայնօրէն արձանագրեն մտահոգութիւնն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաեւ վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնները, որ սա նրա համար միայն նախընտրական մանեւրի պրոցես է, այնպէս, ինչպէս նա արել է նոյեմբերի 9-ի յայտարարութեան պարագայում։ Այստեղ կարեւոր է արձանագրել նաեւ, որ Նիկոլն ունի հանրային վստահութեան պատմական ամենացածր վարկանիշը եւ չի կարող վստահելի համարւել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։
11.Պայմանաւորւածութիւնների պահպանման եւ ռեգիոնում իրական խաղաղութեան համար Հայաստանում պէտք են նոր իշխանութիւններ, որոնք կունենան իրական մանդատ` ներքին համերաշխութեան պայմաններում գնալու բարդ լուծումների։
12.Տարածաշրջանում ստեղծւող նոր իրականութեան պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հաւանականութիւնը եւ աճում է նրա ազդեցութիւնը Հայաստանի վրայ։ Դա մենք զգալու ենք ներքին տնտեսական կեանքում, ներքին քաղաքական կեանքում, ընդհուպ մինչեւ կենցաղ։