Հանրահաւաք՝ Հանրապետութեան հրապարակում
Հանրապետութեան հրապարակում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցաւ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքը: Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը չի կարող հանգուցալուծւել, քանի դեռ Փաշինեանը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ։
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը միասնութեան աղօթք հնչեցրեց առ Աստւած: «Այս աղօթքը պէտք է դառնայ միասնութեան աղօթք՝ ընդունելու մեր քոյրերին եւ եղբայրներին մեր սրտին եւ մտքին համահունչ, որպէսզի նրանք զգան, որ ոչ միայն հայը հային, եղբայրը եղբօրն ընդունում է զուտ նիւթական օգնութիւն ցուցաբերելու համար, այլ՝ սրտակից է իրեն: Սա է ամենամեծ ջերմութիւնը, որ մենք կարող ենք փոխանցել մէկս միւսին»,-ասաց նա:
Հանրահաւաքին ելոյթներ ունեցան Ազգային կոմիտէի անդամ Աւետիք Չալաբեանը, Նոր Ջուղայի համայնքի ներկայացուցիչ Արիս Դաւթեանը, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանը:
Հանրահաւաքի ընթացքում Ազգային կոմիտէն յայտարարեց, որ հոկտեմբերի 5-ին սպասւող Ալիեւ-Փաշինեան հանդիպմանն ընդառաջ եւրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցոյցեր։
Ազգային կոմիտէի անդամ Վազգէն Մանուկեանն իր ելոյթում ասաց. «Նիկոլ Փաշինեանը ամսի 5-ին գնում է Իսպանիա, իր ասելուց մենք ոչ մի տող չենք իմանայ, բայց վստահաբար մէջը անկլաւ էլ կը լինի, մի քանի կէտ էլ կը լինի: Ամբողջ քաղաքը այդ օրը պէտք է ցոյց տայ, որ հայ ազգը դէմ է իրեն: Ազգային կոմիտէն մոնոպոլիա չունի Հայաստանի բախտը որոշելու, որոշողը ժողովուրդն է»:
Նա բանակին եւ գործարարներին համախմբման կոչ արեց՝ շեշտելով, որ արցախցի քաղաքական ու ռազմական գործիչների ճակատագրին են արժանանալու, եթէ այսօր չգործեն:
Նշենք, որ Ազգային կոմիտէն սեպտեմբերի 26-ից յետաձգել էր հանրահաւաքները՝ պայմանաւորւած Արցախից բռնի տեղահանւած քաղաքացիներին հումանիտար օգնութիւն ցուցաբերելու աշխատանքների հետ կապւած:
«Arfd.am»