ՌԴ-ից նաւթի մատակարարումներից հրաժարւելը կարող է Հնդկաստանին երկու տարւայ ընթացքում գրեթէ 21 միլիարդ դոլար արժենալ

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի նաւթի ներմուծման ծախսերը կարող են աճել 9 միլիարդ դոլարով ընթացիկ 2026 ֆինանսական տարում (սկսւել է 2025 թւականի ապրիլին) եւ 11.7 միլիարդ դոլարով 2027 ֆինանսական տարում, եթէ այն հրաժարւի ռուսական մատակարարումներից: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդել է NDTV-ն՝ յղում անելով Հնդկաստանի պետական բանկի (SBI) զեկոյցին:
Հեղինակները աճը համարում են նշանակալի, սակայն նշում են, որ դիւերսիֆիկացւած մատակարարման ցանցը եւ այլ նաւթ արտադրող երկրների հետ գործող պայմանագրերը կարող են օգնել Հնդկաստանին մեղմել այս բացասական հետեւանքները:
Միեւնոյն ժամանակ, ռուսական արտահանման կրճատման պատճառով նաւթի համաշխարհային գների աճը կարող է ճնշում գործադրել ծախսերի վրայ:
2022 թւականից ի վեր Հնդկաստանը զգալիօրէն աւելացրել է ռուսական նաւթի գնումները, որոնք վաճառւել են զեղչով: «Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը հում նաւթի ընդհանուր ներմուծման մէջ աճել է ընդամէնը 1.7%-ից 2020 ֆինանսական տարում մինչեւ 35.1% 2025 ֆինանսական տարում, ինչը այն դարձնում է Հնդկաստանի ամենամեծ հում ներմուծողը»,- ասւում է զեկոյցում:
Ռուսական նաւթից հրաժարւելու դէպքում, Նիւ Դելին կարող է դիտարկել Իրաքից ներմուծման հնարաւորութիւնը, որին կը յաջորդեն Սաուդեան Արաբիան եւ ԱՄԷ-ն, նշել է SBI-ն։
«Եթէ Ռուսաստանից մատակարարումները դադարեցւեն, Հնդկաստանը կարող է վերադառնալ իր աւանդական Մերձաւոր Արեւելքի մատակարարներին՝ գործող տարեկան պայմանագրերի շրջանակներում, ինչը ճկունութիւն կապահովի ներմուծման կարիքները բաւարարելու համար»,- նշել է բանկը իր զեկոյցում։
Հնդկաստանի վերամշակման գործարանները սովորաբար տարեկան պայմանագրերով նաւթ են գնում Մերձաւոր Արեւելքի ընկերութիւններից, ինչը թոյլ է տալիս նրանց ամէն ամիս լրացուցիչ ծաւալներ պահանջել։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից յետոյ վերամշակման գործարանները սկսել են նաեւ նաւթ գնել ԱՄՆ-ից, Արեւմտեան Աֆրիկայի երկրներից եւ Ադրբեջանից, ասւում է զեկոյցում։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ տեղեկութիւնների, երկրորդական պատժամիջոցներ է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ 25% մաքսատուրք ռուսական նաւթի ներմուծման վրայ։ Նախկինում Հնդկաստանից ներմուծւող ապրանքների վրայ 25% մաքսատուրք էր սահմանւել՝ որպէս առեւտրային համաձայնագրերի ընդհանուր վերանայման մաս։ Այսպիսով, երկրի համար մաքսատուրքի ընդհանուր դրոյքաչափը կազմել է 50%։