ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտմանը

Ամօթ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կրկին ու կրկին յամառօրէն մերժելու համար։ Ահա թէ ինչ է լինում, երբ բարոյական արժէքներից եւ սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտւած յանցագործ (34 դրւագով) է, ինչպէս նաեւ պատասխանատւութեան ենթակայ է ճանաչւել սեռական ոտնձգութեան համար, ընտրւում է Միացեալ Նահանգների նախագահ։
Թրամփի ժխտումները հակասում են ԱՄՆ կառավարութեան ամենաբարձր մակարդակներում Հայոց Ցեղասպանութեան բազմիցս ճանաչումներին։
– 1951 թւականի մայիսի 28-ին Միացեալ Նահանգների կառավարութիւնը պաշտօնական փաստաթուղթ է ներկայացրել Արդարադատութեան միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը։
– Նախագահ Ռոնալդ Ռէյգանը յիշատակել է Հայոց Ցեղասպանութիւնը իր 1981 թւականի ապրիլի 22-ի նախագահական հռչակագրում։
– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 եւ 2019 թւականներին ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է երեք բանաձեւ՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը։
– ԱՄՆ Սենատը միաձայն (100 կողմ, 0 դէմ ձայներով) ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը 2019 թւականին, չնայած այն խոչընդոտելու նախագահ Թրամփի անյաջող ջանքերին։
– Նախագահ Ջօ Բայդէնը 2021, 2022, 2023 եւ 2024 թւականների ապրիլի 24-ին հանդէս է եկել յայտարարութիւններով՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանութիւնը։
– ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը։
– Աւելի քան 30 երկրներ, այդ թւում՝ ՆԱՏՕ-ի աւելի քան տասն անդամներ, ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը։
Չնայած այս բոլոր ճանաչումներին՝ նախագահ Թրամփը շարունակում է զիջել Էրդողանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտմանը՝ արդէն վեցերորդ անգամ հրաժարւելով օգտագործել Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը՝ իր առաջին պաշտօնավարման չորս տարիների եւ երկրորդ պաշտօնավարման երկու տարիների ընթացքում: Մենք նաեւ չպէտք է մոռանանք փոխնախագահ Ջէյ Դի Վենսի ամօթալի քայլը՝ 2026 թ․ փետրւարի 10-ին Երեւանում Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցելելուց յետոյ իր X սոցիալական ցանցի հրապարակումից Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի ջնջելը։
Քանի որ նախագահ Թրամփը հրաժարւում է արտասանել Ցեղասպանութիւն բառը՝ վախենալով նեղացնել իր ընկեր Էրդողանին, ապա ինչպէս կարող են հայերը վստահել նրան՝ Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու հարցում։ Թրամփը եւ Վենսը պէտք է համընդհանուր դատապարտման արժանանան իրենց դատապարտելի վարքագծի համար։ Այնուամենայնիւ, նրանց հայ աջակիցներից մինչ այժմ որեւէ քննադատութիւն չենք լսել։ Նրանք, ովքեր 2028 թւականին նախագահական ընտրութիւններում կը քւէարկեն Ջէյ Դի Վենսի օգտին, կը դառնան նրա Հայոց Ցեղասպանութեան ժխտման համախոհները։
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) եւ Հայկական Ասամբլեան հանդէս են եկել յայտարարութիւններով՝ քննադատելով նախագահ Թրամփի շարունակական մերժումը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում: ANCA-ն դատապարտել է «նախագահ Թրամփի մեղսակցութիւնը Թուրքիայի յանցագործութիւնների կոծկմանը»: Հայկական Ասամբլեան «խորը մտահոգութիւն է յայտնել, որ Հայոց Ցեղասպանութիւնը յստակօրէն չհաստատելը նպաստում է անպատժելիութեան մթնոլորտի ձեւաւորմանը հէնց այն պահին, երբ հայկական քրիստոնէական ժառանգութիւնն Արցախում կրկին ենթարկւում է յարձակումների»:
Ի տարբերութիւն նախագահ Թրամփի՝ տասնեակ համաշխարհային ղեկավարներ եւ խոշոր կազմակերպութիւններ հանդէս են եկել յստակ յայտարարութիւններով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ 2026 թւականի ապրիլի 24-ին։ Նրանց թւում էին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Յունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Լիբանանի նախագահ Ջոզէֆ Աունը, Շւեդիայի խորհրդարանը, Կիպրոսի արտաքին գործերի նախարարութիւնը, Ուրուգւայի արտաքին գործերի նախարար Մարիօ Լուբետկինը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը, Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմը, Կալիֆորնիայի նահանգային օրէնսդիր մարմինը, Նիւ Եօրքի քաղաքապետ Զոհրան Մամդանին եւ Լոս Անջելէսի քաղաքապետ Կարէն Բասը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին եւս հանդէս եկաւ յայտարարութեամբ, ինչպէս անում է ամէն տարի 2014 թւականից ի վեր: Սպասելի էր, որ նա խեղաթիւրեց պատմական փաստերը՝ յայտարարելով, թէ «բոլոր օսմանեան հպատակները խորապէս տառապել են», այդպիսով հաւասարեցնելով Հայոց Ցեղասպանութեան զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհւած թուրք զինւորների հետ: Մինչ Էրդողանը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, Ստամբուլի իշխանութիւնները կրկին արգելեցին Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան յիշատակի միջոցառումները:
Աւելի հիասթափեցնող էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ապրիլի 24-ի յայտարարութիւնը։ Բազմիցս վիրաւորելով հայ ժողովրդին՝ Հայոց Ցեղասպանութեան իսկութեան վերաբերեալ անտեղի հարցեր բարձրացնելով, նա շարունակում է խեղաթիւրել պատմական փաստերը։
Ծաւալուն յայտարարութեան մէջ, որը Փաշինեանը հրապարակեց 2026 թւականի Ապրիլի 24-ին, երիտթուրքերին որպէս յանցագործներ մեղադրելու փոխարէն, նա «Մեծ Եղեռնը» նկարագրեց որպէս «հայ ժողովրդին միջազգային խարդաւանքների մէջ ներքաշելու գործելակերպի հետեւանք»։ Այնուհետեւ Փաշինեանը Ցեղասպանութեան տարելիցի առիթը չարաշահեց իր այսպէս կոչւած խաղաղութեան օրակարգն առաջ մղելու համար։ Խիստ մտահոգիչ պնդմամբ նա յայտարարեց, որ Հայաստանը թերբնակեցւած է՝ կարծես նախապատրաստւելով 300 հազար ադրբեջանցիների հնարաւոր վերաբնակեցման համար Հայաստանում, մի պահանջ, որը նախկինում առաջ էր քաշել Ալիեւը։
Փաշինեանի հրամանով Հայաստանի հանրային հեռուստատեսութիւնը (որը ֆինանսաւորւում է հարկատուների կողմից) Ապրիլի 24-ին չհեռարձակեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում ծաղկեպսակ դնելու արարողութիւնը: Շարունակելով Փաշինեանի վենդետան Հայ Առաքելական Եկեղեցու դէմ՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարանն իր կայքից հեռացրեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին կայքի հրապարակումները:
Ի ուրախութիւն Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Փաշինեանը դատապարտեց ապրիլի 23-ի երեկոյեան Երեւանում կայացած ջահերով երթի մասնակիցների կողմից թուրքական դրօշի այրումը: Այսպիսով, կրկին Փաշինեանը, Ալիեւը եւ Էրդողանը հանդէս եկան նոյն դիրքորոշմամբ՝ հակադրւելով հայ ազգային շահերին:
Այնուհետեւ Փաշինեանն աւելի վիրաւորեց հայ ժողովրդին՝ ապրիլի 25-ին, Հայոց Ցեղասպանութեան տարելիցից յաջորդ օրը, կազմակերպելով մեծ հանրային համերգ եւ տօնական միջոցառում։
Ինչպէ՞ս կարելի է մեղադրել օտարերկրեայ ղեկավարներին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իրենց վիճելի դիրքորոշումների համար, երբ հէնց Հայաստանի վարչապետն է նման վիրաւորական քայլեր ձեռնարկում եւ կասկածելի յայտարարութիւններ անում։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



