Պենտագոն. «Չինաստանը պատրաստւում է գրաւել Թայւանը մինչեւ 2027 թւականը»

«ԱԼԻՔ» – Չինաստանը նոր կայաններում տեղակայել է աւելի քան 100 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ չի ցուցաբերում զէնքի վերահսկման վերաբերեալ բանակցութիւններին մասնակցելու մտադրութիւն։ Պեկինը շարունակում է ընդլայնել իր միջուկային զինանոցը եւ պատրաստում է ռազմական սցենարներ Թայւանի գրաւման համար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Պենտագոնն իր զեկոյցում։
Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը Մոնղոլիայի հետ սահմանի մօտ գտնւող կայարաններում տեղակայել է աւելի քան 100 DF-31 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ ԱՄՆ պաշտպանութեան նախարարութիւնը նախկինում յայտնել էր այդ կայարանների գոյութեան մասին, սակայն չէր նշել դրանցում տեղակայւած հրթիռների ճշգրիտ քանակը։
Հաշւետւութեան մէջ նշւում է, որ 2024 թւականի դրութեամբ Չինաստանի միջուկային զինանոցը կազմում էր մօտ 600 մարտագլխիկ։ Չնայած արտադրութիւնը որոշ չափով դանդաղել է նախորդ տարիների համեմատ, ընդլայնման ընդհանուր միտումը շարունակւում է։ ԱՄՆ ռազմական կանխատեսումների համաձայն՝ Պեկինը նախատեսում է մինչեւ 2030 թւականը ունենալ աւելի քան 1000 միջուկային մարտագլխիկ։
«Մենք շարունակում ենք տեսնել Պեկինի կողմից պատրաստակամութեան բացակայութիւն՝ գործողութիւններ ձեռնարկելու կամ զէնքի վերահսկման վերաբերեալ աւելի համապարփակ բանակցութիւններին մասնակցելու համար»,- ասւում է զեկոյցի մէջ։
Նշւում է, որ Չինաստանն ակնկալում է, որ կը կարողանայ կռւել եւ յաղթել Թայւանի դէմ պատերազմում մինչեւ 2027 թւականի վերջը։
Սցենարներից մէկը ենթադրում է կղզու ռմբակոծումը 1500-2000 ծովային մղոն հեռաւորութիւնից: Հաշւետւութիւնում նշւում է, որ նման հարւածների մեծ թիւը կարող է լուրջ բարդացնել եւ խաթարել ԱՄՆ ներկայութիւնն Ասիա-խաղաղովկիանոսեան տարածաշրջանում, որը կարեւորագոյն զսպող գործօն է:
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հերքել է մեղադրանքները՝ յայտարարելով, որ Չինաստանը հետապնդում է պաշտպանական միջուկային ռազմավարութիւն եւ իր ուժերը պահում է ազգային անվտանգութեան համար անհրաժեշտ նւազագոյն մակարդակի վրայ եւ հետեւում է միջուկային փորձարկումների մորատորիումի վերաբերեալ իր պարտաւորութիւններին։



