Լիլիթ Գալստեանը պատրաստակամութիւն է յայտնել անձամբ մեկնել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։
Առաքելութիւնն ամբողջութեամբ համահունչ է խաղաղութեան համագործակցութիւնը խրախուսող, հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղւած, ռազմագերիների եւ այլ պահւող անձանց վիճակի եւ իրաւունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին։
Հայերէն թարգմ․
30․09․2026
ՊՐՆ․ ՊԵՐԷ ԽՈԱՆ ՊՈՆՍ ՍԱՄՊԻԵՏՐՕ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊՐՆ․ ՌՈԲԵՐՏՕ ՄՈՆՏԵԼԼԱ
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊՐՆ . ԼՈՒԻՍ ՄԻԳԷԼ ԴԱ ԳՐԱՍԱ ՆՈՒՆԵՍ
ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՅԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՊՐՆ . ՄՊԱՆԶՈՒ ԲԱՄԵՆԳԱ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ եւ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂ
Յարգելի՛ պարոնայք,
Ձեզ եմ դիմում որպէս ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատւիրակութեան անդամ եւ ՀՀ ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական դիմումով։
Արդէն երրորդ տարին է, ինչ Ադրբեջանում, փակ դռների յետեւում տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ այլ հայազգի կալանաւորւած անձանց դատավարութիւնները։ Նրանց ընտանիքները զրկւած են իրենց հարազատներին այցելելու հնարաւորութիւնից։ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի միջոցով ստացւած հատւածական տեղեկատւութիւնն, ինչպէս նաեւ ընտանիքների հետ սահմանփակ հեռախօսազրոյցները լուրջ մտահոգութիւններ են առաջացնում Ադրբեջանում պահւող հայ պատանդառւած անձանց ֆիզիկական եւ հոգեբանական վիճակի վերաբերեալ։

Այս ամբողջ ժամանակահատւածում որեւէ միջազգային մարդասիրական այց չի թոյլատրւել։ Արդէն մէկ տարի է կալանաւորւած անձանց մօտ արգելւած է նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի այցը։ Ողջ ընթացքում հայ ռազմագերիներին եւ պատանդներին այցելելու հնարաւորութիւն չի ունեցել նաեւ միջազգային որեւէ դիտորդական մարմին կամ երրորդ չէզոք կողմ։
Այս իրավիճակն անմիջականօրէն առնչւում է ԵԱՀԿ խորհրդարանական կառոյցի՝ մարդու իրաւունքների, մարդկային արժանապատւութեան եւ մարդասիրական սկզբունքների պաշտպանութեանն ուղղւած կանոնադրական պարտաւորութիւններին։
Այս առնչութեամբ ցանկանում եմ առանձնայատուկ ուշադրութիւն հրաւիրել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2025 թ․ Պորտոյի հռչակագրի 208-րդ եւ 209-րդ կէտերի վրայ, որոնցով կոչ է արւում ԵԱՀԿ ԽՎ-ին մշակել ազատութիւնից զրկւած անձանց դէպքերի դիտարկման եւ դրանց վերաբերեալ բարձրաձայնման շրջանակ, այդ թւում՝ նրանց պաշտօնական այցելութիւնների եւ նրանց վիճակի ստուգման, ինչպէս նաեւ նրանց իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած ջանքերի միջոցով։
209-րդ կէտը մասնաւորապէս կոչ է անում ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութիւնից տուժած բոլոր անձանց իրաւունքների պաշտպանութիւնը եւ ընդգծում է ռազմագերիների եւ այլ կալանաւորւած անձանց նկատմամբ արդար եւ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտութիւնը՝ միջազգային մարդու իրաւունքների եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին համապատասխան։
Կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատգամաւորներից կազմւած մարդասիրական այցը Բաքու կարող է դառնալ այս յանձնառութիւնների կոնկրետ եւ նշանակալի դրսեւորումը։
Ըստ այդմ,
խնդրում եմ աջակցել եւ նպաստել նման այցի կազմակերպմանը՝ հայ կալանաւորւած անձանց հետ հանդիպելու եւ նրանց հումանիտար ու մարդու իրաւունքների իրավիճակը գնահատելու նպատակով։
Այս առաքելութիւնն ամբողջութեամբ համահունչ է խաղաղութեան համագործակցութիւնը խրախուսող, ինչպէս նաեւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղւած ԵԱՀԿ սկզբունքներին։
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՒ ԱՆՁԱՄԲ ԵՒ ՄԵՆԱԿ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ։
Չափազանց կարեւոր է ընդգծել, որ սա քաղաքական նախաձեռնութիւն չէ, այլ մարդասիրական քայլ, որը կարող է վստահութեան ձեւաւորման եւ իրական խաղաղութեան գործընթացի ուղղութեամբ կարեւոր ու կոնկրետ քայլ դիտարկւել։
Հետեւաբար, խնդրում եմ, որ այցը կազմակերպւի որպէս Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների անվտանգութեան ապահովման հրատապ անհրաժեշտութիւն։
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր անձնական ներգրաււածութիւնն ու աջակցութիւնը՝ առաքելութեան անդամների համար անվտանգ մուտքի, անվտանգութեան ապահովման եւ վերադարձի անհրաժեշտ երաշխիքների ձեռքբերման գործում։
Նախապէս շնորհակալութիւն Ձեր արագ արձագանքի եւ դրա իրականացմանն ուղղւած բոլոր ջանքերի համար։
Յարգանքով՝
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՀ ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ եւ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ,
ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ



