ԻրանՔաղաքական

Փեզեշքիանը՝ NBC-ի հետ հարցազրոյցում. «Եթէ ​​պատժամիջոցները վերացւեն, երկխoսութեան եւ բանակցութիւնների հնարաւորութիւն կայ»

«ԱԼԻՔ» – Ամերիկեան NBC հեռուստաալիքին տւած հարցազրոյցում Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենակարեւոր դիրքորոշումները միջուկային հարցի, պատժամիջոցների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպէս նաեւ համաշխարհային արդիական խնդիրների վերաբերեալ։ Նա ընդգծել է, որ եթէ պատժամիջոցները վերացւեն, ապա երկխօսութեան եւ բանակցութիւնների հնարաւորութիւն կայ։

«Եթէ ​​նրանք մեղադրելու են մեզ, մեր միջուկային օբիեկտներ մուտքը թոյլ չտալու մէջ, ապա հարց է առաջանում. ինչպէ՞ս են նրանք ակնկալում ստանալ այդ իրաւունքը, Snapback-ի մեխանիզմն ակտիւացնելուց յետոյ: Սա բացարձակապէս անընդունելի է։ Մենք թոյլ տւեցինք եւ ցանկացանք, որ դա արւի միջազգային իրաւունքի եւ Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում, որի մասնակից ենք նաեւ մենք։ Բայց նրանք չէին ցանկանում գործել այդ կանոնակարգերին համապատասխան։

Մենք ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնութեան էինք հասել եւ որոշւած էր, որ կը գործենք այդ համաձայնագրի շրջանակում եւ կը բարելաւենք մեր յարաբերութիւնները գործակալութեան հետ, եւրոպական եռեակի հետ բանակցութիւններին զուգահեռ: Միեւնոյն ժամանակ, նախատեսւում էր, որ մենք կարող ենք որոշակի հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախատեսւում էր նաեւ, որ նրանք հասնելիութիւն են ունենալու հարստացւած նիւթերին: Այս բոլոր դէպքերում մենք պատրաստ էինք գործել համաձայնագրի շրջանակներում։ Հէնց ԱՄՆ-ն ​​է, որ չի ցանկանում եւ չի հետաքրքրւած խաղաղ ճանապարհով առաջ շարժւելով, ինչպէս դա նախկինում արեց Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի դէպքում»,- ասել է նախագահը:

Հարցին՝ թէ Իրանը պատրաստւո՞ւմ է արդեօք նոր պատերազմի, նախագահը պատասխանել է. «Մենք ոչ մի պատերազմ չենք սկսել եւ չենք սկսելու, բայց ով էլ որ մեզ վրայ յարձակւի, մենք կը փորձենք ջախջախիչ պատասխան տալ։ Մենք անպայման օրէցօր կամրապնդենք այս պաշտպանական կարողութիւնը, որպէսզի ոչ ոք չկարողանայ հեշտութեամբ յարձակւել մեզ վրայ։ Ինչո՞ւ են Գազայում մարդիկ ամէն օր ռմբակոծւում, իսկ միջազգային կազմակերպութիւնները, որոնք պնդում են, որ իշխանութիւն ունեն, գործնականում ոչինչ անել չեն կարողանում ։ Ինչո՞ւ որեւէ գործողութիւն չի ձեռնարկւել Գազայում մօտ 65,000 անմեղ մարդկանց սպանութիւնը կանխելու համար։ Մեծ թւով երեխաներ եւ կանայք մահանում են սովից: Մարդասիրական եւ մարդու իրաւունքների ո՞ր չափանիշերի շրջանակում է թոյլ տրւում ոմանց ամէն օր ռմբակոծել այնտեղ, որտեղ ցանկանում են, եւ ոչ ոք նրանց չի կանգնեցնում:

Ի հակադրութիւն այս բոլորի, ինչո՞ւ մենք, որ ցանկանում ենք գործել միջազգային իրաւունքի սահմաններում, պէտք է սահմանափակւենք, դատապարտւենք եւ յարձակման ենթարկւենք: Միթէ՞ սա այլ ինչ է, քան անտառի օրէնքը»:

Related Articles

Back to top button