«Ժամկէտանց որոշումները վերականգնելու համար որեւէ իրաւական գործողութիւն չի ձեռնարկւել»
ԱՄՆ-ի եւ Եւրոպայի գործողութիւնների վերաբերեալ Արաղչին նամակ է յղել այլ երկրների իր գործընկերներին

«ԱԼԻՔ» – Այլ երկրների իր գործընկերներին ուղղւած նամակում, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին մերժել եւ անօրինական է անւանել Միացեալ Նահանգների եւ եւրոպական երեք երկրների պահանջը՝ վերականգնելու Անվտանգութեան խորհրդի ժամկէտանց բանաձեւերը Snapback կոչւող մեխանիզմի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
«Նման գործողութիւնները ոչ միայն հակասում են 2231 բանաձեւի տառին եւ ոգուն, այլեւ լրջօրէն խաթարում են Անվտանգութեան խորհրդի եւ բազմակողմ դիւանագիտութեան հեղինակութեանը։
2231 բանաձեւն ընդունւել է միաձայն, որով չեղարկւել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ Անվտանգութեան խորհրդի նախորդ բոլոր բանաձեւերը եւ սահմանւել է յստակ ժամկէտ՝ 2025 թւականի հոկտեմբերի 18-ին միջուկային բոլոր սահմանափակումների մշտական վերացման համար»,- նշել է Արաղչին՝ ընդգծելով, որ ոչ մի երկիր կամ երկրների խումբ իրաւասութիւն չունի միակողմանիօրէն փոփոխելու կամ վերաիմաստաւորելու այս բանաձեւի դրոյթները։
Անդրադառնալով 2018 թւականին Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն եւ եւրոպական երեք երկրների կողմից ստանձնած պարտաւորութիւնների շարունակական խախտմանը՝ Արաղչին նշել է, որ այդ երկրները լիազօրութիւն չունեն 2231 բանաձեւը կիրառելու, եւ որ նրանց պնդումները այս առումով հակասական եւ անհիմն են։
Նա նաեւ եւրոպական երեք երկրների կողմից այսպէս կոչւած Snapback գործընթացի մեկնարկը համարել է 2231 բանաձեւի պահանջներին հակասող՝ յաւելելով, որ Անվտանգութեան խորհրդին ներկայացւած բանաձեւի նախագիծը նոյնպէս յստակօրէն հակասում է բանաձեւի դրոյթներին։
Նամակում նշւում է, որ ժամկէտանց բանաձեւերը վերականգնելու համար որեւէ վաւեր իրաւական գործողութիւն չի ձեռնարկւել, եւ որ տւեալ երկրների ջանքերը, ըստ էութեան, միջազգային իրաւունքի միակողմանի վերաշարադրում են եւ ՄԱԿ-ի չարաշահում։
Արաղչին զգուշացրել է, որ նման գործողութիւնները կը թուլացնեն Անվտանգութեան խորհրդի դիրքերը եւ կը խաթարեն միջուկային զէնքի չտարածման համաշխարհային ռեժիմը։
ԱԳ նախարարն ընդգծել է, որ ո՛չ Իրանը, ո՛չ էլ ՄԱԿ-ի որեւէ անդամ պետութիւն որեւէ պարտաւորութիւն չունի կատարելու այս անօրինական պահանջները, եւ, ընդհակառակը, նման միջոցառումների ճանաչումը կամ իրականացումն ինքնին կը համարւի միջազգային իրաւունքի խախտում։
Նա նաեւ նշել է, որ 2231 բանաձեւում ներառւած բոլոր սահմանափակումները ընդմիշտ կը դադարեն գործել 2025 թւականի հոկտեմբերի 18-ին, եւ Իրանի եւ օրէնքի գերակայութեանը հաւատարիմ խաղաղասէր երկրների կողմից դրանք երկարաձգելու կամ վերականգնելու որեւէ քայլ վաւեր չի ճանաչւի։
Արաղչին յիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ ցուցադրել է իր պատրաստակամութիւնը դիւանագիտութեան եւ կառուցողական ներգրաււածութեան համար, եւ ընդգծել է, որ Իրանը կը շարունակի վճռականօրէն պաշտպանել իր ինքնիշխան իրաւունքներն ու օրինական շահերը։
Վերջում, նա կոչ է արել հասցէագրւած երկրներին մերժել ժամկէտանց բանաձեւերի վերականգնման հետ կապւած որեւէ պնդում եւ խուսափել նման անօրինական միջոցառումներ ներառելուց իրենց ներքին քաղաքականութեան եւ օրէնքների մէջ, ինչպէս նաեւ խրախուսել այլ երկրներին՝ պահպանել բազմակողմանիութիւնը եւ պայքարել միջազգային ինստիտուտների չարաշահման դէմ։