Երեւանի դիւանագիտական հարւածները Մոսկւային շարունակւում են
Թուրքական աշխարհին ինտեգրւելու ճանապարհից շեղւելու նշան չկայ
ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Արարատ Միրզոյեանի՝ Մոսկւա կատարած այցի վերաբերեալ մեր գնահատականը շարունակում է հաստատւել: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցը ՌԴ չի հարթել երկու երկրների յարաբերութիւններում առկայ խնդիրները: Յունւարի 23-ին նոր «ապացոյցների բաժին» եկաւ:
«Փաշինեան & Co»-ն այնքան է «շտապում դէպի ԵՄ» (չնայած իրականում «դէպի ԵՄ ճանապարհը» տանում է Հայաստանն ուղիղ դէպի Թուրքիա, ինչը կը քննարկենք աւելի ուշ), որ արդէն այսօր մայրաքաղաքում տեղի ունեցաւ Հիւսիսային Եւրոպա-Բալթեան երկրներ համագործակցութեան ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխաւորած պատւիրակութիւնների մասնակցութեամբ «Միասին յանուն խաղաղութեան եւ ժողովրդավարութեան» թեմայով պանելային քննարկումը: Իշխանական պրոպագանդան ասում է, որ այս քննարկումն իրականում եւրաինտեգրմանն աջակցող երկրների խորհրդարանականների հանդիպում է։
Երեւանեան այս պանելային քննարկմանը զուգահեռ Նիկոլ Փաշինեանը Դաւոսում յայտարարել է՝ մեծ է հաւանականութիւնը, որ Հայաստանի խորհրդարանը կը հաստատի ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան գործընթաց սկսելու մասին օրէնքը, որը «կանաչ լոյս է վառում»՝ երկրում հանրաքւէ անցկացնելու համար ԵՄ-ին անդամակցելու յայտի գործընթաց սկսելու համար։
Աւելին, յունւարի 23-ին հրապարակւեց Հայաստանի արտաքին հետախուզութեան ծառայութեան առաջին հրապարակային զեկոյցը, որում ոչ միայն նշւում էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցութեան սառեցման հիմքերը դժւար թէ վերանան 2025 թ., այլ նաեւ յստակ ամրագրւում է, որ ՀԱԿՊ-ը ոչ կենսունակ միաւորում է:
Ընդամէնը 2 օրում «հայ-ռուսական յարաբերութիւններում հալած սառոյցի» հետ կապւած ողջ «դիւանագիտական փոշին» յօդս ցնդեց։ Եւս մէկ անգամ պէտք է փաստել, որ Նիկոլ Փաշինեանին եւ նրա գործընկերներին այցն անհրաժեշտ էր, որպէսզի փորձէին թուլացնել Մոսկւայի հնարաւոր հակազդեցութիւնը դէպի Թուրքիա աշխարհաքաղաքական ամբողջական շրջադարձ կատարելու Երեւանի ծրագրերին։
Բայց ինչո՞ւ է խօսւում հէնց դէպի Թուրքիա աշխարհաքաղաքական շրջադարձի մասին, երբ Հայաստանը պատրաստւում է հանրաքւէ անցկացնել ԵՄ-ին անդամակցութեան գործընթացի մեկնարկի շուրջ, իսկ ԱՄՆ-ի հետ վերջերս խարտիա է ստորագրւել։
Շատ պարզ, ոչ միայն մենք ենք այդպէս մտածում, այլ, մասնաւորապէս, «Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոն» (CSIS) վերլուծական ինստիտուտը, որը հիմնւած է 1962 թւականին եւ գործում է Վաշինգտոնում: Կենտրոնն իր զեկոյցում փաստացի նշում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային տեսնում է որպէս իր ներկայացուցիչ Հայաստանում:
«Այս՝ ԱՄՆ-Թուրքիա կապերի օգտագործումը, ինչպէս նաեւ Եւրասիայի նկատմամբ Թուրքիայի աճող հետաքրքրութիւնը պէտք է դառնան ԱՄՆ քաղաքականութեան եւ եւրոպական ռազմավարութեան հիմնարար բաղադրիչը: Եթէ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը տարածաշրջանում շատ երկարաժամկէտ գործընթաց է, ապա աւելի ուժեղ եւ հաւասարակշռւած թուրքական ներկայութիւնը կարող է լինել Ռուսաստանի կայսերական վերածննդի դէմ ամենաարդիւնաւէտ պատնէշներից մէկը»,- նշւում է զեկոյցում:
Ինչպէս տեսնում էք, ամերիկեան կողմը նոյնպէս խօսում է Թուրքիայի մասին, նրա գործօնի մասին՝ Հայաստանի հետ կապւած գործընթացների համատեքստում։ Ամերիկացիներն աւելի անկեղծ են հայերի, Փաշինեանի ընտրողների հետ: Հեքիաթներ չեն պատմում ոչ ԵՄ-ի մասին, ոչ էլ «Հայաստանը ԱՄՆ 51-րդ ամերիկեան նահանգ» դարձնելու մասին։
Մտածէ՛ք այդ մասին…
Alphanews.am