Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը՝ դրանց տեղակայելու ՀՀ այն հատւածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակութիւն ունեն»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀԿ անդամ, ՀՀ Աժ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Այդ շրջանները գաղտնիք չեն եւ ադրբեջանցիները պարբերաբար յիշեցումներ են անում՝ Գեղարքունիքի ու Սիւնիքի մարզեր:
Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարեւորութիւն ունի Սեւանի լճի ռազմավարական նշանակութեան տեսանկիւնից, իսկ Սիւնիքը՝ Նախիջեւանի ու Թուրքիայի միջեւ կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողութեան տեսանկիւնից:
Սահմանազատման թեման որպէս այդպիսին բարդ խնդիր է եւ դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկիւնից ու այդ հանգամանքը փաշինեանական իշխանութիւնը լաւագոյնս օգտագործում է՝ երկրին սպասւող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնոյթն ակնյայտ խեղաթիւրելու տեսանկիւնից»,- գրել է նա: